Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 08,2000 00:00

Ֆրանսիան պատերազմ է հայտարարել աղանդներին Ֆրանսիայի Ազգային ասամբլեան օրենքի նախագիծ է ընդունել, որով «գիտակցության մանիպուլյացիայի» համար կարող են 5 տարի ազատազրկման ենթարկել։ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն ընդունել են օրենքի սենսացիոն նախագիծ, որով համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ քրեական հանցագործություն է համարվում «գիտակցության մանիպուլյացիան»։ Նման հանցագործության հայտնաբերման դեպքում նշյալ օրենքը պատիժ է սահմանել՝ 3-5 տարի ազատա-զրկում եւ 300-500 հազար ֆրանկ տուգանք, եթե Սենատը այս օրենքն ընդունի այս տեսքով։ Օրենքի այդ նախագծում ձեւակերպում է տրված, թե ինչ է աղանդը. «Խումբ, որն իր գործունեության արդյունքում խնդիր ունի ստեղծել կամ շահագործել մասնակիցների հոգեբանական կամ ֆիզիկական կախվածությունը»։ Իսկ «գիտակցության մանիպուլյացիան» մեկնաբանվում է այսպես. «Հատուկ մեթոդների տանջալի եւ կրկնվող ճնշումը կամ օգտագործումն է՝ դատողությունը փոփոխելու նպատակով, որպեսզի ստիպեն մարդուն (վերջինիս համաձայնությամբ կամ առանց համաձայնության) գործողություն կատարել, կամ հրաժարվել գործողություն կատարելուց, որի արդյունքում մարդը կունենա լուրջ կորուստներ»։ Ֆրանսիայի ՆԳ հատուկ ծառայությունները, որոնք զբաղվում են աղանդներով, ձեւակերպել են 10 չափանիշներ, որոնցից եթե նույնիսկ մեկն էլ որեւէ կազմակերպության գործունեության մեջ տեղ է գտնում, տվյալ կազմակերպությունն աղանդ է համարվում։ Այդ չափանիշներից են՝ գիտակցության ապակայունացումը, նախկին շրջապատի հետ կապերի խզումը, ֆիզիկական առողջության հանդեպ ոտնձգությունը, հակահասարակական ելույթները, հասարակական կարգի խախտումը, իշխանական կառույցներում ներթափանցման փորձերը, երեխաների հավաքագրումը, տնտեսական գործունեության մեջ նորմերի խախտումը (միջոցների գաղտնապահությունը) եւ այլն։ Աղանդների ղեկավարները լուրջ անհանգստացած են օրենքի այս նախագծով, նույնիսկ ելույթներ են ունենում, թե սույն օրենքի ընդունումը Ֆրանսիայի համար կդառնա «ժողովրդավարության թաղում»։ Մեկ ուրիշն էլ նշել է, որ «Նման օրենք միայն ֆաշիստական Իտալիայում է եղել, որը սկզբում գործադրվել է ընդդեմ կոմունիստների, ապա՝ հոմոսեքսուալիստների»։ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը զուգահեռներ է անցկացրել «սեկտ (սեկտա)-շոփերի» եւ «սեքս-շոփերի» միջեւ, որոնք անթույլատրելի է բացել դպրոցներից 100 մետրից պակաս հեռավորության վրա։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայում շատ լուրջ խնդիր է դարձել աղանդների հարցը։ Փորձագետները ցուցակ են կազմել կրոնական կազմակերպությունների, աղանդների, որոնք հասարակության համար մեծ վտանգ կարող են առաջացնել։ Կան տասնյակ փոքր նման կազմակերպություններ, որոնք 50-ից ավելի անդամներ ունեն, եւ կան միջին չափերի՝ 500-2000 անդամներով տասնյակ կազմակերպություններ։ 10-ից ավելի աղանդավորական միություններ ունեն 2000-10000 անդամներ, իսկ «Եհովայի վկաների» հավատացյալների թիվը միայն Ֆրանսիայում մոտ 130000 է։ Չնայած մասշտաբային առումով Ֆրանսիայի մեծությանը, բայց Հայաստանում էլ այսօր գրեթե նույն վիճակն է եւ հասարակությանն այս առումով իսկապես լուրջ վտանգ է սպառնում։ Եվրախորհրդի անդամ, ժողովրդավարությանը, հասարակության եւ առհասարակ մարդու շահերին ու իրավունքներին մեծ տեղ տվող Ֆրանսիան այսօր պայքարի է դուրս եկել եւ օրենքի նախագիծ է ընդունում՝ ելնելով դրությունից եւ դրանից բխելիք ծանր հետեւանքներից։ Իսկ Հայաստանը, որը դեռեւս լիակատար չի անդամակցում Եվրախորհրդին, այլ միայն երաշխավորվել է վերջինիս անդամակցությունը, համաձայնել է փոփոխություններ կատարել իրավական եւ մարդու իրավունքների ոլորտում։ Նշենք, որ ԵԽ ԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը կողմ է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությանը, պայմանով, որպեսզի Հայաստանը կատարի քաղաքական հարցերի հանձնաժողովի բանաձեւի նախագծում շարադրված պարտավորությունները։ Նշենք 1-2 փոփոխության պարտավորվածություն, որ Հայաստանը հանուն Եվրախորհրդին անդամակցության կկատարի։ Օրինակ, Հայաստանը համաձայնել է օրենք ընդունել, որով կկարգավորվի ոչ ավանդական եկեղեցիների (աղանդների) գործունեությունը։ Բացի այդ, նաեւ Հայաստանը պարտավորվել է, որ 3 տարի հետո, որպես պարտավորություն, օրենք կընդունի «Այլընտրանքային ծառայության մասին» եվրոպական նորմերին համապատասխան, «իսկ մինչ այդ համաներում կհայտարարվի ազատազրկման դատապարտված կամ կարգապահական ջոկատներում ծառայող այն անձանց նկատմամբ, որոնք հրաժարվել են զինվորական ծառայությունից կրոնական շարժառիթներով եւ նրանց թույլ կտան զինվորական ծառայությունը փոխարինել քաղաքացիական ծառայությամբ»։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ շատերը կանդամակցեն այդ աղանդներին՝ զինծառայությունը քաղաքացիական ծառայությամբ փոխարինելու մղումով։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել