Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 23,2000 00:00

ՊՐՈՎԻՆՑԻԱՅԻ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ Այսօր Հայաստանի քաղաքական կյանքը՝ շատ քաղաքագետների եւ լրատվամիջոցների բնորոշմամբ, բավականին կայուն է։ Կայուն՝ հօգուտ իշխանությունների, որոնց նկատմամբ չկա լուրջ ընդդիմություն։ Իրավացիորեն այս հանգամանքը գնահատվում է բացասական եւ, որպես ժողովրդավարական երկիր, զարգանալու է ժողովրդի կողմից այլընտրանք տեսնելու առումով։ Իսկ գուցե հենց այս վիճակն է բնորոշում մեր հասարակությանը (ժողովրդի՞ն)։ Ի վերջո, եթե դիտարկենք մեր ողջ հեռու անցյալը, այն է՝ խորհրդային շրջանը, ապա ընդունելով հանդերձ, որ այն պայմաններում դասական իմաստով քաղաքական ընդդիմության գոյությունն անհնար էր, այնուամենայնիվ, մեր հասարակությունը լիովին հարմարվել էր իրավիճակին, եւ նույնիսկ ավելին էր անում Մոսկվայի տերերին հաճոյանալու համար, քան իրենցից պահանջվում էր։ Ո՞րն էր Խորհրդային Հայաստանում երիտասարդության ձգտումը. բուհը ավարտել, ընդունվել ՍՄԿԿ շարքերը, այնուհետեւ կամ ԲԽՍՍ, կամ ԿԳԲ՝ «պետք է ընտանիք պահել»։ Հետագայում Հայաստանում, որպես դրական երեւույթ, ասում էին, որ մեզ մոտ գաղափարական կոմունիստներ չեն եղել, ՍՄԿԿ գրքույկը հացի գրքույկ էր։ Այժմ էլ Հայաստանում գործող տարբեր «գաղափարական» ուղղություններ ունեցող կուսակցությունների երեւելի գործիչներ իրենց անցյալի մասին խոսելիս ասում են՝ «դե հասկանալի պատճառներով այն ժամանակ ընդունվեցի կոմկուսի շարքերը»։ Իսկույն հարց է առաջանում. «Իսկ հիմա՞»։ Երեւանի Մետրոպոլիտենի կառուցումը համարվում է հայ ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկը։ Իսկապես, ավելի քան 1 մլն բնակչություն ունեցող քաղաքին մետրո ունենալն անհրաժեշտություն էր։ Բայց պե՞տք էր արդյոք 29 հազ. քմ տարածք եւ 3 մլն բնակչություն ունեցող հանրապետությանը 1 միլիոնանոց մայրաքաղաք, իր անհրապույր վթարային բազմահարկերով, լցված գյուղերից եկած, քաղաքային ավանդույթին անծանոթ բնակիչներով։ Մոսկվա՞ն էր ստիպում Սեւանը չորացնելու հաշվին քիմիական արդյունաբերության զարգացումը կամ ողջ Հայաստանի համատարած ռուսացումը։ Այս ամենը մեր հասարակությունը (մտավորականությունը) ընդունել է ծափահարություններով եւ միայն պետականորեն թույլ տրված հակաթուրքական զեղումներով ցույց տվել իր հայրենասիրությունը։ ԽՍՀՄ փլուզումից հետո պարզվեց, որ մեր արվեստագետները չէին ստեղծել որեւէ գործ (գիրք կամ կինոնկար), որն արգելված լիներ այն տարիներին։ Իհարկե, եղել են անհատներ, որոնց նույն միջակ հասարակությունը հալածել եւ դուրս է մղել հասարակական կյանքից։ 30-ականներին արդյոք Մոսկվա՞ն կարգադրեց վերացնել Չարենցին, Բակունցին, մյուսներին։ Բացեք այն տարիների թերթերը եւ տեսեք, թե ովքեր էին ջարդարարական հոդվածներ գրում նրանց դեմ։ Ժամանակը ցույց տվեց, որ այլախոհական շարժումը Հայաստանում լուրջ չի եղել, այն եղել է ավելի շատ «տղայական»։ Հարց է, եթե այն ժամանակ պաշտոնների հասնելու պետակուսակցական հստակ բուրգ չլիներ կոմսոմոլի դպրոցով, արդյո՞ք մեր այլախոհները չէին բավարարվի մանր-մունր պաշտոններով։ Եվ հանկարծ, 1988 թ. տարիներով սերմացված հակաթուրքական ալիքի վրա սկսվեց ղարաբաղյան շարժումը։ Այժմ մեր խնդիրը չէ վերլուծել շարժման պատմությունը, միայն փաստենք, որ առանց երկարատեւ պայքարի, ընդամենը երկու տարում, երկնքից ընկած խնձորի պես, իշխանությունը հայտնվեց շարժման ղեկավարների ձեռքին։ Արագորեն 90-91 թթ. նոր իշխանությունների դեմ ձեւավորվեց «արմատական» ընդդիմություն։ Այն ձեւավորվեց ոչ այնքան գաղափարական հողի վրա, որքան «ինչու նրանք, այլ ոչ թե մենք» սկզբունքով։ Ընդդիմությունը ներկայացված էր նախկին քաղբանտարկյալների կուսակցություններով (ԱԻՄ, Հանրապետական, Քրիստոնեա-դեմոկրատական), որոնք մտածում էին՝ մենք այսքան պայքարել ենք ԽՍՀՄ-ի դեմ, եւ հանկարծ ինչ-որ անհայտ մարդիկ իշխանության գան, դաշնակցությամբ, որը մտածում էր՝ մենք 100 տարվա փորձ եւ փող ունեցող կուսակցություն, եւ հանկարծ ուրիշները գան իշխանության, շարժումից անջատված ԱԺՄ-ով, որը համարում էր, որ իրենք են շարժման գաղափարախոսություն կրողները եւ իրենք էլ պետք է իշխեն։ Այս բոլորը միասին, աչքի առաջ ունենալով 88-90 թթ. միտինգագործադուլային հեղափոխական փորձը՝ արագորեն իշխանության հասնելու, նույն մեթոդներով սկսեցին պայքարել իշխանությունների դեմ։ (Ի դեպ, նույն գործելաոճն են փորձում ընտրել նաեւ «նախկին իշխանությունները», ունենալով իշխանության գալու միայն այդ փորձը)։ Որոշ ժամանակ անց առավել «խորաթափանց» ընդդիմադիրները հասկացան, որ կարճ ճանապարհով իշխանության հասնելն անհնար է, անցան իշխանությունների թրի տակով եւ սկսեցին «պետականություն» քարոզել։ Եվ այսպես, մի կողմից՝ ընդդիմության «մեկ քայլանոց մատ» սկզբունքով իշխանության տիրանալու եւ բոլորին պատժելու կոչերը, մյուս կողմից՝ կոռումպացված եւ պաշտոններից արբեցած իշխանությունների սարսափը այն կորցնելու եւ պատժվելու, բերեց նրան, որ վերջիններս նախընտրեցին իշխանությունը հանձնել «յուրայիններին»։ 1998 թ. պալատական հեղաշրջումից հետո մինչեւ 2000 թ. ընկած ժամանակաշրջանը հայ հասարակությանը բերեց իր բնական վիճակին։ Նախկին ընդդիմությունը հույսը կորցնելով արագ հեղափոխական ճանապարհով իշխանության գալուց, իր հարմարվողականությունը սկսեց բացատրել «իշխանություններին օգնելու», «երկիրը փոսից հանելու» դատարկ մտավարժանքներով, իրականում իշխանության հետ մտնելով ինտրիգային դաշտ՝ մի քանի պաշտոն պոկելու համար։ Եվ ինքնաարդարացման համար ներմուծվեց «կառուցողական ընդդիմություն» անիմաստ բառակապակցությունը, իսկ ավելի անկեղծ խոսակցության ժամանակ՝ «ինչքան կարելի է ընդդիմություն լինել» միտքը։ Երբ օրինակներ ես բերում տարբեր երկրների փորձից, որ ընդդիմությունը հաճախ տասնյակ տարիներ եղել է ընդդիմություն եւ, ի վերջո, հասել հաջողության, կրկնվում է «մերն ուրիշ է» գովազդային հոլովակը։ Վերջերս, մի բանավեճի ժամանակ, երբ խոսք էր գնում սկզբունքայնության մասին, նախկին ընդդիմության ճանաչված ներկայացուցիչն անկեղծացավ. «Երեք տարուց ավելի սկզբունքային չես կարող լինել»։ Եթե քաղաքագիտության դասագրքային բնորոշումներով քաղաքական կուսակցությունը ստեղծվում է իշխանության հասնելու համար, ապա Հայաստանում՝ պաշտոնի հասնելու համար կամ եթե վերափոխենք հայտնի ասացվածքը. «Ընդդիմության վազքը մինչեւ պաշտոնն է»։ Իշխանության եւ կառուցողական ընդդիմության հետ հույսեր չկապելով՝ ժողովուրդն ընտրում է հարմարվողականության եւ նյութապաշտության այլ տարբերակ՝ արտագաղթ։ Ջանքեր չգործադրելով իր երկիրը բարեփոխելու, ուրիշ ժողովուրդների ստեղծած բարգավաճ երկրներում են տեսնում իրենց ապագան։ Կարեւորն այստեղ ոչ այնքան արտագաղթի տեմպերն են, որքան Հայաստանը լքելու համատարած ցանկությունը։ Իսկ արտագաղթի դեմ խոսում են մտավորականներ, ում երեխաներն ու թոռները վաղուց արտասահմանում են։ Կամ նույն մտավորականությունը չի՞ արդյոք, որ պատրաստ է հրաժարվել անկախությունից՝ միանալու համար ինչ-որ անհասկանալի Ռուսաստան-Բելառուս դաշինքի, հույս ունենալով վայելել այլ երկրների բարիքները։ Անկե՞ղծ էր արդյոք 1991 թ. անկախության հանրաքվեի «այոն», թե՞ ընդամենը նեղացածի կեցվածք էր գորբաչովյան Ռուսաստանից։ Ոմանք ստեղծված իրավիճակը բացատրում են ազգային գաղափարախոսության բացակայությամբ։ Իմ կարծիքով, այս ամենը հենց մեր ազգային գաղափարախոսությամբ է պայմանավորված, որը ներկայացրել է Հ. Թումանյանը։ Եթե ամբողջացնենք «Քաջ Նազարը», «Անխելք մարդը», «Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» գործերի փիլիսոփայությունը եւ ավելացնենք «որտեղ հաց՝ էնտեղ կաց» միայն մեզ բնորոշ ասացվածքը, ապա ամբողջական կլինի մեր ազգային գաղափարախոսությունը։ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել