Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 28,2000 00:00

ՆԻՍՏԱԴՈՒԼ Ինչքան էլ ՀՀԿ գործիչները խուսափում էին «բոյկոտ» բնորոշումից, այլ կերպ անհնար է որակել այն գործողությունը, երբ ներկա պատգամավորները որպես բողոքի նշան հրաժարվում էին գրանցումից։ Իսկ գուցե նաեւ ժամանա՞կ էին շահում։ ԱԺ-ի հերթական եռօրյայի վերջին նիստը տապալվեց՝ ժամը 13-ին գրանցվել էին 54 պատգամավոր, որ քիչ է քվորումի առումով, բայց շատ է, եթե հաշվի առնենք, որ այսքանը դեմ էին գնացել կառավարության ու նրա ձեւավորած մեծամասնության կամքին։ Շուրջ 70 պատգամավոր, այսուհանդերձ, պայքարի այս ձեւն էին ընտրել Արմեն Խաչատրյանին ցույց տալու համար, որ նրան այլեւս չեն ճանաչում իբրեւ ԱԺ նախագահ։ ՀՀԿ-ի, «Կայունության», ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի, ՍԻՄ-ի եւ «Օրինաց երկրի» պատգամավորները նախորդ օրը հայտարարություն էին ընդունել, ըստ որի Արմեն Խաչատրյանը «փորձ է կատարում ապօրինաբար պահպանել ԱԺ նախագահի պաշտոնը։ Մենք դատապարտում ենք Ա. Խաչատրյանի կողմից իշխանությունը կամայականորեն զավթելու փորձը, որը ոչ միայն ապօրինի է, այլեւ կազմալուծում է ԱԺ բնականոն աշխատանքը եւ ապակայունացնում է քաղաքական իրավիճակը երկրում»։ Ուղղակի նախանձելի էր այն հետեւողականությունը, որով Արմեն Խաչատրյանն անտեսում էր իրեն ուղղված անգամ քրեական բովանդակություն ունեցող մեղադրանքները (ինչպես պաշտոնեական դիրքը չարաշահելը, այնպես էլ իշխանության զավթումը հանցագործություններ են, որոնց վերաբերյալ համապատասխան պատժաչափեր են նախատեսված քրեական օրենսգրքով)։ Նրան կարծես չէր հուզում, որ իր պատճառով 6 կուսակցություններ չեն մասնակցում նիստին. «Ես շարունակում եմ պաշտոնավարել, իսկ եթե պատգամավորը չի գրանցվում՝ դա իր անձնական գործն է։ (…) Երեկվա մթնոլորտից հետո, պարզ է, որ այսօր կարող են շատ մարդիկ իրենց բավարարված չզգալ եւ բոյկոտել։ Սա բնական է»։ Նաեւ ինքնավստահ պնդում էր, թե խորհրդարանական ճգնաժամը հաղթահարվելու է. «Կարծում եմ, ԱԺ-ն մեկ ընտանիքի պես կկարողանա համախմբել իր ջանքերը՝ իմ գլխավորությամբ։ Եվ ամեն ինչ կլինի նորմալ»։ «Ես ուրախ եմ, որ մեր պատգամավորների մեծ մասն ինձ վստահության քվե տվեց»,- ասում էր Արմեն Խաչատրյանը։ Եվ երբ լրագրողները նրան ցանկալիից իրականություն տեղափոխելու անպտուղ ճիգով հիշեցնում էին, որ ընդամենը 31 հոգի «դեմ» քվեարկեց իր հրաժարականին՝ պատասխանում էր. «Խոսքը 31 հոգու մասին չէ, այլ՝ 131»։ Նա անընդհատ խոսում էր առողջ համագործակցված աշխատանքի մասին, բայց երբ փորձում էինք պարզել, թե ինչպես է այն պատկերացնում բոյկոտի պայմաններում, պատասխանում էր. «Շատ նորմալ։ Բոյկոտը չի շարունակվի։ Բոյկոտը շարունակելու իմաստ չկա»։ Լրագրողները հարցնում էին՝ «Ի՞նչ երաշխիք կա, որ չի շարունակվի», պրն Խաչատրյանը պատասխանում էր՝ «Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ պիտի շարունակվի»։ Եվ, վերջապես, «Առավոտի» դիտարկմանն ի պատասխան, որ իր քայլերի հետեւանքով առավել լարվեց եւ անառողջ դարձավ խորհրդարանի մթնոլորտը՝ պրն Խաչատրյանն ասաց. «Ջուրը մինչեւ չպղտորվի, չի՛ պարզվի»։ Իսկ հիմա այն մասին, թե նիստերին չմասնակցելուց բացի էլ ինչ են պատրաստվում անել Արմեն Խաչատրյանի պաշտոնանկությունը նախաձեռնածները։ Սահմանադրական դատարան դիմել չեն պատրաստվում։ Ըստ Գալուստ Սահակյանի՝ «ԱԺ-ն ինքն էլ կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ քննարկել այս հարցը։ Այսինքն՝ ՍԴ-ն ֆունկցիոնալ չէ այս խնդրում։ Եվ մենք ցանկանում ենք խնդիրը լուծել քաղաքական ճանապարհներով, համոզման մեթոդով, տեսանելի դարձնելով, վերլուծություններով»։ Իսկ ինչպե՞ս են մտադիր տարհամոզել Արմեն Խաչատրյանին, որը կատարելապես վստահ է, թե իր հրաժարականը չի ընդունվել՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան Տիգրան Թորոսյանն ասաց. «Հավատացնում եմ, եթե ես դա իմանայի՝ հիմա ոչ թե ձեզ հետ կզրուցեի, այլ պրն Խաչատրյանի»։ Ճիշտ է, ԱԺ նախագահի պաշտոնանկության վերաբերյալ որոշման նախագծին միացածների թիվն արդեն շուրջ 70 է, սակայն թերեւս դրանք շրջանառության մեջ չեն հայտնվի։ Մի արգելակն, ըստ Գալուստ Սահակյանի, այս է՝ «Չենք ուզում կամակորությունը տեսանելի դարձնել հասարակությանը։ Ես համոզված եմ՝ եթե նորից քվեարկության դնենք եւ 70-80 ձայն հավաքենք՝ կարող է նույն տրամաբանությամբ շարժվել, որ ես նախագահ եմ ընտրվել 4 տարվա ժամկետով»։ Մեկ այլ արգելակ ներկայացրեց Տիգրան Թորոսյանը. «Եթե համարում ենք, որ ըստ 51 հոդվածի՝ սեպտեմբերի 26-ին ընդունված որոշումը օրինական է, դրանից հետեւում է, որ, ցավոք սրտի, մենք այսօր ԱԺ նախագահ չունենք։ Հիմա ո՞ւմ ենք մենք հետ կանչելու»։ Անգամ ԱԺ փոխնախագահները չեն կարող վարել նիստերը։ Ըստ պրն Թորոսյանի՝ «Եթե օրենքի տառին համապատասխան լինի, ԱԺ նախագահը պետք է հանձնարարի մեկին վարել նիստը»։ Մի խոսքով, ծայրագույնս անհեթեթ վիճակ է եւ չի երեւում պետական որեւէ մարմին կամ արբիտր, որ կլուծի այս վեճը։ Բայց ոչ՝ այդ դերակատարությունը փորձում են վերապահել Ռոբերտ Քոչարյանին, նրա ուսերին բարդելով խորհրդարանական թնջուկը լուծելու խնդիրը։ «Կգա հանրապետության նախագահը եւ կհասկանա իրողությունն այնպիսի սթափ գնահատությամբ, ինչպես իրեն հատուկ է միշտ»,- ասում էր Արմեն Խաչատրյանը։ Եվ չթաքցրեց, թե ինչ է ակնկալում նրա վերադարձից. «Ակնկալում եմ, որ իմ թիկունքին լինի»։ Գուցե իրոք Ռուսաստանից վերադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը կկտրի գորդյան այս հանգույցը։ Գուցե կստանձնի բոլորին քշող անտառապահի գործառույթները։ Իսկ գուցեեւ լինի ինչպես այն անեկդոտում ու պրն Քոչարյանն ուղղակի ասի. «Եկել եմ ասելու, որ իմ վրա հույս չդնեք»… ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել