Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 29,2000 00:00

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՒԿՆ ՈՒ ԿԱՏՈՒ Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ երեկ հնարավորություն չունեցան մտնել կառավարության շենք եւ լուսաբանել կառավարության նիստի ընդմիջումը։ Թե ինչո՞ւ՝ ընդմիջումը, քիչ ավելի ուշ։ Քննենք, թե ինչո՞ւ որոշ լրատվական միջոցների լրագրողների առաջ կառավարության դռները պինդ փակվեցին։ Խնդիրը հետեւյալն է. հավատարմագրված ես, թե ոչ, կառավարության համար բացարձակ նշանակություն չունի, նիստերի օրերի համար պետք է նախօրոք զանգահարել եւ խնդրել, որ անունդ ցուցակում հայտնվի։ Այդ դեպքում ինչի՞ համար է հավատարմագրման կարգը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Անդրանիկ Մանուկյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց. «Դա վաղուցվա կարգ է, խոստանում եմ, որ այդ կարգը կվերանայվի»։ Իսկ մեր կարծիքով, կառավարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզապես հրահանգ է կատարում՝ որոշ լրատվամիջոցների արգելելով մտնել կառավարության շենք։ Արդեն երկրորդ շաբաթն է՝ լրատվականի աշխատակիցները միաձայն կրկնում են, թե իրենք իրավասու չեն եւ, ցուցակում հայտնվելու համար, պետք է անձամբ Մերի Հարությունյանի հետ կապվել։ Ինչը կառավարության նիստից մեկ օր առաջ եւ նիստի օրը առավոտյան բացարձակ անհնարին է։ Ակնհայտ է, որ որոշ լրատվամիջոցների աշխատակիցների համար վետո է սահմանված։ Եվ ակնհայտ է, որ դրա հեղինակները որոշ նախարարներ են, որոնց պարզապես նյարդայնացնում են այն լրագրողները, ովքեր համարձակվում են մոտենալ «նորին գերազանցություններին» եւ հարցեր ուղղել։ Ստիպված ենք պորտֆելակիր որոշ չինովնիկների հիշեցնել, որ իրենք պարզապես պետական ծառայության մեջ են, որ մենք՝ հարկատուներս, իրենց վարձել ենք պետական ծառայություն կատարելու, եւ հասարակությունը պետք է իմանա, թե ինչպե՞ս են աշխատում իր վարձած աշխատողները։ Իսկ լրատվությունը, պաշտոնյա-հասարակություն կապը պետք է ապահովեն լրագրողները։ Բացառապես լրագրողի իրավունքն է, լրագրողի որոշելիք խնդիրը, թե որ հարցը որ պաշտոնյային ուղղի։ Պատասխանն անսխալ հրապարակելուց հետո եզրակացությունը եւ դատողությունները այդ պատասխանի շուրջ եւս լրագրողի բացառիկ իրավունքն է։ Եվ ոչ ոք իրավունք չունի լրագրողի այս կամ այն գնահատականի, հրապարակման պատճառով փակել կառավարության մուտքը։ Մանավանդ մի հին եւ փորձված ճշմարտություն կա՝ անցողիկ լինելու մասին։ Կառավարությունը Հայաստանի Հանրապետությանն է եւ ոչ թե մի խումբ չինովնիկներինը կամ չինովնիկության ճամփան բռնածներինը։ Վերադառնանք կառավարության նիստերին։ Ըստ էության, այդ նիստերը լուսաբանելու հնարավորությունից հանրապետության բոլոր լրատվամիջոցները (բացի «ՀՀ»-ից) զրկված են։ Մեզ բաժին է հասնում ընդմիջումը կամ ավարտը։ Այս դեպքում էլ նախարարները սրընթաց վազքով խաբս են տալիս լրագրողներից, իսկ նրանք, ովքեր բարեհաճում են հարցերին պատասխանել, այդ բանն անում են դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես լրագրողն իրենցից պարտք է ուզում, չեն կարող տալ։ Իրենց հերթին կառավարության լրատվական ծառայության աշխատակիցները վահանի պես պահպանում են նախարարներին, եւ իրենք են որոշում, թե ո՞ւմ մոտենանք եւ ի՞նչ հարցնենք։ Մեզնից նրանք, ովքեր չեն դառնում լրատվականի կամակատարը, հլու-հնազանդ չեն խոսեցնում ցանկալի նախարարներին եւ գերադասում են սեփական նախաձեռնությամբ հարցեր ուղղել իրենց ուզած նախարարին, հասկանալի է, հաճո չեն կարող լինել։ Մեզ մնում է կառավարության նիստերը լուսաբանելու չեղած հնարավորությունը մի կողմ թողնել եւ լուսաբանել պատուհանից երեւացող քաղաքը։ Հավանաբար հարց կառաջանա՝ այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան ձգտում ներկա լինել կառավարության հինգշաբթիներին։ Պատասխանը միանշանակ է՝ նախարարներին (շատերին) դժվար է իրենց տեղում բռնացնել. կամ թռչում են, կամ՝ խորհրդակցում։ Նախարարներին հարցեր ուղղելու ամենահարմար պահը, նույնիսկ այսպիսի տեխնիկական դժվարություններով, մնում է կառավարության նիստի օրը։ Լրագրողները զրկված են նաեւ կառավարության նիստերի օրակարգին նախօրոք կամ նիստի ընթացքում ծանոթանալու հնարավորությունից։ Դարձյալ լրատվականի աշխատողն է հուշում՝ «այս հարցը կարեւոր է, սրան դիմեք»։ Ու «սրան» բերում-կանգնեցնում է լրագրողների առաջ։ Թե որքան կտեւի այս «մուկն ու կատուն», այնքան էլ կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ որոշ լրատվամիջոցներ եւ լրագրողներ լուրջ անհանգստություն են պատճառում որոշ պաշտոնյաների։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել