Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 07,2000 00:00

ՓՈԽԵՔ ՁԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ, ԱՐՏԱՇԵՍ ՄԱՄԻԿՈՆՈՎԻՉ «Բաներ կան՝ ես հիմա իրավունք չունեմ ասեմ։ Ժամանակից շուտ որ ասում են, ժամանակից շուտ կյանքին հրաժեշտ են տալիս»։ Հետապնդման մոլուցքով հատկապես վերջին շրջանում տառապող Արտաշես Գեղամյանը երեկ դարձյալ դերի մեջ էր եւ երկաթուղայինների մշակույթի պալատում հավաքվածների հետ գնում էր «Կոնֆերանսին ընդառաջ»։ Հավաքվածներից ոմանք պրն Գեղամյանից պարզապես պահանջում էին իրենց առաջնորդել՝ կոտորելու եւ… դանակահարելու բոլոր իշխանավորներին. «Սովա՜ծ ենք, հելեք կոտորեք դրանց։ Դանակո՛վ խփեք, պիստալետով խփեք, կոտորե՜ք»։ Այստեղ Արտաշես Գեղամյանը հանգստացրեց քաղցած պապիկին (որի պահանջն այս պետությունից միայն հաց էր)՝ ասելով, որ բոլորի հատուցման ժամը գալու է, կան բաներ, որ իր անձի անվտանգությունը հարվածի տակ դնելով՝ չի կարող առավել հանգամանալից ներկայացնել որոշ մանրամասներ։ Ներկաներին շարադրելով իր կուսակցության «Հակաճգնաժամային ծրագիրը»՝ Գեղամյանը ճչաց. «Եթե մեզ ականջալուր չեղան, մեզ համար դժվար չի լինի ոտքի հանել ողջ ժողովրդին»։ «Արտաշես Մամիկոնովիչ, մեր հարգարժան Գեղամյան, մեր ազգի միակ հույս, մի՛ ուշացրեք, առաջնորդեք մեզ»,- հնչում էին դահլիճից թախանձագին ձայներ։ Սակայն Գեղամյանը բոլորին հանգստացնում էր. «Դեռեւս իշխանափոխություն անելու համար սահմանադրական ռեսուրսները չեն սպառվել»։ «Դո՜ւք համեստ մարդ եք, դո՜ւք համբերատար մարդ եք»։ Այս խոսքերի հեղինակ տիկնոջը Գեղամյանը հիասթափեցրեց. «Ձեր ասած համեստ մարդու կրծքավանդակին 32 դանակահարության տեղ կա, մեջքին մի չչանգռված տեղ չկա»։ Սակայն դահլիճում ներկա կանանց սերն ու հիացմունքն առ Արտաշես Գեղամյանը՝ անսասան էր. «Իմ կողքին նստած այս կինը, որին չեմ ճանաչում,- գոչեց «Գալուստ Սեդրակի Հակոբյան» ներկայացած մի հարգարժան ծերունի,- անընդհատ Ձեր մասին է խոսում։ Եվ ավելի շատ Ձեր մասին է խոսում, քան իր հոր։ (Տիկինը շիկնած խոնարհել էր աչքերը- Լ. Ա.)։ Իսկ ես ասում եմ՝ է՜ս Ազգայի՜ն ժողովո՜ւմ բոլորը խուժաններ են։ Ընկեր Գեղամյան, առաջնորդե՛ք մեզ, թող մենք մեռնենք, բայց ուրիշ բան չենք ուզում՝ հա՜ց»։ «Գետնին պառկող» Ազգային ժողովի լուծարումը նաեւ պարոն Գեղամյանի երազանքն է։ Սակայն դահլիճը ոչ մի բան չէր ուզում լսել՝ պետք է փողոց դուրս գալ եւ միայն Արտաշես Գեղամյանի առաջնորդությամբ։ Վերջինս սկսեց հայցել դահլիճի ներողամտությունը. «Պետք է հապաղենք (հավանաբար՝ ձեռնպահ մնանք- Լ. Ա.) վճռական գործողություններից։ Հավատացնում եմ ձեզ, այսօրվա դրությամբ դա լավ բանի չի հանգեցնելու։ Ինչպե՞ս եք պատկերացնում, այսօր դարձյալ սեպտեմբերի քսանվե՞ց լինի»։ Նա նաեւ հավատացրեց, որ ողջ ժողովրդին, հանրապետության բոլոր հեռավոր կողմերից անգամ կարող է մեկ զանգով փողոցները հանել, սակայն, ինչպես արդեն նշեցինք, դեռեւս սահմանադրությամբ իշխանափոխություն իրականացնելու հույսը Ա. Գեղամյանը չի կորցրել։ Պարզ է, որ իր ելույթում հռետորը հիշատակեց տկարամտությամբ փայլող կառավարության անդամներին, որոնց մտքերի բախմանն ինքն առայսօր ականատես չի եղել։ Խոսքը նաեւ «Միասնություն» դաշինքի «քաղաքակիրթ ապահարզանին» էր վերաբերում, որը վախենում է նոր խորհրդարանական ընտրություններից, քանի որ համոզված է՝ անգամ մոտ հարեւանն իրենց ձայն չի տա։ Գեղամյանը չէր առարկում «առաջնորդ» դիմելաձեւին. նա համոզված է, որ ինքը, միայն եւ միմիայն ինքն է այն մեսիան, որը կփրկի այս ժողովրդին կործանումից։ Եթե միրգ չկա՝ փոխարինում է կաղամբը։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել