Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսօր օրն ա…»

Հոկտեմբեր 31,2000 00:00

31october 2000 «Էսօր օրն ա…» Սոցիոլոգիական հարցում է անցկացվում` «Ի՞նչ հաճախականությամբ եք կենակցում ձեր տիկնոջ հետ»: Մեկը երգել-պարելով պատասխանում է. «Տարին մեկ անգամ, լա-լա-լա»: Հարցում կատարողները զարմանում են. «Լավ, իսկ ինչո՞ւ եք ուրախանում»: «Էսօր օրն ա, նա-նա-նա»: Մեր ավագ սերունդը շատ է մտահոգված կյանքի ծաղիկների զարգացմամբ եւ մտահորիզոնի լայնացմամբ: Հատկապես դա զգում են ԵՊՀ-ի ուսանողները: Օրինակ, «մառոզ անող» դասախոսի դաս է գնում: Բոլորս սթափ եւ զգաստ ենք, ձեն-ծպտուն չկա: Մեկ էլ լսարան է մտնում մի տգեղ երիտասարդ եւ հակաճառելու նույնիսկ ակնարկ չենթադրող տոնով ասում. «Բարլուս ձեզի, էս գրքերը կբաժնեք, եղա՞վ», եւ ապշած դասախոսի սեղանին դրվում է մոտ հարյուր օրինակ Արկադի Վարդանյանի բրոշյուրներից: ԵՊՀ-ի դասախոսները լավ են հիշում իրենց նախկին ուսանող Արկադիկին, սակայն չէի ասի, որ նրանք հպարտ են իրենց կադրով, ավելին՝ քթների տակ փնթփնթում են. «Գիրքը վրեն ա մնացել, չգիտի՝ ում վրա նաղդի»: Գրքերն այդպես էլ մնում են սեղանին, բացի մի քանիսից, որոնք ուսանողները տուն են տանում՝ ամեն ինչից դժգոհ տատիկների համար, որպեսզի «մի-երկու րոպե ձենները դուրս չգա»: Թե ինչ կկատարվի դժգոհ տատիկների հետ, երբ նրանք կարդան այս մոգական գիրքը՝ ասել չեմ կարող: Իսկ մի քանի օր առաջ Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ միությունից էին եկել Համալսարան՝ ուսանողներին սեռական կյանքի մասին մանրամասն պատմելու: Ուսանողները դժգոհություն հայտնեցին՝ ասելով, որ իրենց նման թեմաներով ուղղություններ տալն արդեն ուշ է: Մեր նոր դասախոսներն ասացին, որ նման թեմաներ շոշափելու՝ իրենք նաեւ դպրոցներ են գնում: Մեզ պատմեցին հակաբեղմնավորիչ մեթոդների մասին: Օրինակ, ընդհատված սեռական հարաբերությունը կայանում է մինչեւ սերմնաժայթքման սկիզբը՝ հեշտոցից առնանդամի դուրս բերումը, որը հոգեբանները եւ ուրոլոգները չեն խրախուսում: Հակաբեղմնավորիչ մեթոդների արդյունավետության աստիճանը գնահատվում է Պերլի ինդեքսի օգնությամբ (ՊԻ)՝ 12 ամսվա ընթացքում տվյալ մեթոդից օգտվող 100 կանանց անցանկալի հղիությունների քանակը: Այսպիսով, որքան ցածր է ՊԻ-ի արժեքը, այնքան արդյունավետ է հակաբեղմնավորիչը: Վերոհիշյալ ընդհատված սեռական հարաբերության ՊԻ-ն 18 է կազմում: Հեշտոցային դիաֆրագման եւ պարանոցակալը հակաբեղմնավորիչներ են, որ կինը ներդնում է համապատասխան տեղում՝ սեռական հարաբերությունից քիչ առաջ: Այն պահանջում է բժշկի կողմից համապատասխան չափսի ընտրություն: ՊԻ-ն՝ 12: Հակաբեղմնավորման առավել տարածված մեթոդներից մեկը ներարգանդային պարույրն է, որը որոշակի հակացուցումների բացակայության դեպքում արգանդի խոռոչ է մտցվում 3-5 տարով: Սակայն այս մեթոդի օգտագործումը երիտասարդ չծննդաբերած կանանց համար խիստ անցանկալի է: ՊԻ-ն՝ 1-2: Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ ուսանողները ոչ մի նորություն չլսեցին: Սակայն երբ ուսանողներին առաջարկեցին հարցեր տալ, նրանք սկսեցին անհանգիստ շարժումներ անել: Լարված լռությունից հետո պայմանավորվեցինք հարցերը գրավոր տալ՝ որպեսզի չիմացվի ուսանողի «փչացածության» եւ «աննամուսության» աստիճանը: Եվ այստեղ պարզվեց, թե որքան մեծ է գիտելիքների ամպլիտուդը: Գինեկոլոգ-էնդոկրինոլոգների աչքերը քառակուսի էին դարձել ուսանողների տգիտությունից, միաժամանակ՝ լկտիությունից. «Իսկ տղաները դաշտանի նման տենց մի բան ունենո՞ւմ են», «Հարաբերության ժամանակ սովում եմ, ի՞նչ անել» եւ այլն: Ինչեւէ, մենք անչափ շնորհակալ ենք ուշադրության համար՝ ճիշտ է, ոմանց համար արդեն ուշ է, բայց, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել