Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

ԳԻՏԵԼԻՔ+ՓՈՐՁ=ՎԱՐԺԱՊԵՏ Տարիներ շարունակ, ավանդույթի համաձայն, տարբեր բուհերի ուսանողներ իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնում են հանրակրթական դպրոցներում, փորձառու ուսուցիչներից սովորում «մանուկներին վարժելու» արհեստը, սովորում են նվիրվել ու սիրել երեխաներին։ Այսօր էլ այն փոքրաքանակ դպրոցներում, որոնք չեն խուսափում պրատիկանտներից, շարունակվում է այդ ավանդույթը։ Տեսականորեն մանկավարժ դարձողները փորձառություն են ձեռք բերում՝ աշխատելով երբեմն՝ անտանելի, երբեմն՝ շատ համով, երբեմն՝ դժվար դաստիարակվող երեխաների հետ։ «Ինչպե՞ս է ընթանում մանկավարժական պրակտիկան ձեր դպրոցում»,- ահա սա էր մեր հերթական հարցը, որ տվեցինք մայրաքաղաքի մի քանի դպրոցների տնօրեններին։ Թիվ 32 դպրոցի տնօրեն Քուշկյանն ասաց, որ իրենց դպրոցում աշխատանքային փորձառություն են ձեռք բերում Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի սաները. «Պրակտիկան սկսվում է անմիջապես սեպտեմբեր ամսից, երբեմն՝ տեւում մինչեւ դեկտեմբեր։ Ուսանողներից գոհ եմ, նորմալ անցկացնում են իրենց պրակտիկան, եթե տեղ ունենամ՝ խնդրեմ, հետագայում մեծ հաճույքով կընդունեմ աշխատանքի»։ Երբ հետաքրքրվեցինք՝ ուսումնարանը վճարո՞ւմ է իր ուսանողներին փորձառություն փոխանցելու համար, տնօրենը պատասխանեց, որ՝ ոչ, քաղաքապետարանի կրթության վարչության թույլտվությամբ կնքվել է պայմանագիր, ըստ որի, ուսանողներն անվճար աշխատանքային պրակտիկա են անցնում։ Թիվ 46 դպրոցի ուսմասվար Լեւոնյանն ասաց, որ իրենց դպրոցում եւս մանկավարժական հմտություն են կուտակում Բակունցի անվան ուսումնարանի սաները, սակայն տիկին Լեւոնյանը տեղյակ չէր՝ որեւէ գումար ուսումնարանը փոխանցո՞ւմ է իրենց, թե՞ ոչ։ Թիվ 59 դպրոցի տնօրեն պրն Ադամյանն ասաց, որ իրենց դպրոց՝ մանկավարժական պրակտիկան անցկացնելու են տարբեր բուհերից՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտից (հայոց լեզվի եւ գրականության մասնագետներ), «Հրաչյա Աճառյան» համալսարանից՝ պարսկերենի, «Ֆիրդուսի» համալսարանից պարսկերենի եւ անգլերենի մասնագետներ, ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումից՝ աշխատանքի ուսուցման մասնագետներ։ Պրակտիկանտները գալիս են պարբերաբար, ամիսների ընթացքում աշխատում են երեխաների հետ։ Հարցիս՝ գո՞հ եք ապագա մանկավարժների որակից եւ կընդունե՞իք նրանց ձեր դպրոց՝ աշխատանքի, պրն Ադամյանը պատասխանեց. «Թեեւ այդ բուհերը մանկավարժական են կոչվում, բայց դպրոցից, այնուամենայնիվ, շատ հեռու են։ Սակայն, ինքնագովություն թող չլինի, մեր դպրոցը կրթության դարբնոց է, շտկում ենք այդ թերությունները, ուղղություն տալիս, սովորեցնում ու տարեցտարի ավելի ու ավելի է նկատվում նրանց մակարդակի փոփոխությունը։ Մեր դպրոցում ամիսներ շարունակ աշխատելուց հետո նրանք հասկանում են՝ ինչ է դպրոցը, ինչպես աշխատել երեխաների հետ։ Օրինակ, մի քանի օր առաջ իրենց պրակտիկան ավարտեցին «Հրաչյա Աճառյան» համալսարանի ուսանողները, մոտեցան ինձ, շատ հուզված էին ու ասացին, որ երբեք չէին մտածում, թե դպրոց մտնելու ցանկություն կունենան, բայց, աշխատելով մեր դպրոցում՝ իրենց մեջ արթնացավ իսկական մանկավարժը ու հիմա իրենք իրենց տեղը տեսնում են միայն դպրոցում»։ Թիվ 40 դպրոցի տնօրենն ասաց, որ այս տարի իրենց մոտ պրակտիկանտներ չեն եկել՝ «չեն դիմել»։ Նախկինում գալիս էին ԵրՄԻ-ից։ Իրենք դիմում են դպրոցին, դպրոցը համաձայնում է, ընդունում պրակտիկանտներին։ Մինչ այս տարի դպրոցում փորձառություն ստացած ուսանողներից իրենք դժգոհ չեն եղել։ Տնօրենը տեղյակ չէր, թե որքա՞ն են վճարում պրակտիկանտներին գործնականորեն մանկավարժ դարձնելու համար, քանի որ գումարները անվանական փոխանցվում են կոնկրետ ուսուցիչներին, ովքեր աշխատել են ուսանողների հետ։ Թիվ 70 դպրոցի տնօրեն Առաքելյանն ասաց, որ իրենց մոտ պրակտիկա են անցնում Բրյուսովի անվան ՕԼԻ-ի եւ Խ. Աբովյանի անվան ԵրՄԻ-ի ուսանողները։ Նա շեշտեց. «Այս տարի հրաշալի, հոյակապ խումբ էր եկել մանկավարժական ինստիտուտից եւ իրենք էլ շատ լավ տպավորությամբ մեզնից հեռացել են։ Հիմա դպրոցները շատ են խուսափում պրակտիկանտներ ընդունելուց, որովհետեւ շատ ջանք ու եռանդ են ուսուցիչները ծախսում ուսանողների վրա, բայց ես ուղղակի պարծենում եմ իմ ուսուցիչներով, որոնք, հավատարիմ իրենց կոչմանը, ուսուցանում են ե՛ւ աշակերտներին, ե՛ւ այդ ուսանողներին»։ Ի դեպ, տիկին Առաքելյանը, ինքն իր համար որոշ բաներ պարզելու նպատակով, այս տարի ընդունել էր ե՛ւ պետական բուհի՝ մանկավարժական ինստիտուտի ուսանողներին, ե՛ւ ոչ պետական բուհի՝ Խորենացու անվան համալսարանի ուսանողներին։ Տպավորությունն ու եզրակացությունը դրական էին. «Գիտե՞ք, մանկավարժ դառնալու համար (հատկապես տարրական դասարաններում դասավանդող մանկավարժ) առաջնահերթ պայմանը սերն է երեխաների նկատմամբ։ Իսկ այդ սերը չի չափվում պետական կամ ոչ պետական բուհում սովորելով։ Այս առումով ես երկուսից էլ գոհ եմ։ Համարյա բոլոր դասարաններում աշնանը նվիրված փոքրիկ բեմադրություններ, ցերեկույթներ կազմակերպվեցին, շատ հաջող էին։ Երեխաներն իրենց երջանիկ էին զգում, կապվել էին ուսանողների հետ։ Մեր դպրոցում հատկապես բարդ էր, քանի որ երկհերթ ենք աշխատում, եւ ուսանողներն էլ երկու հերթով պրակտիկա անցկացրին։ Շատ հուզիչ պահ էլ եղավ. մանկավարժական ինստիտուտի պրատիկանտներից մեկը մեր դպրոցի շրջանավարտ էր եւ պրակտիկան անցկացրեց իր առաջին ուսուցչուհու մոտ։ Այո, նրանց հաճույքով կընդունեի աշխատանքի՝ հնարավորության դեպքում»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել