Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

ԳԱՂՈՒԹԱՅԻՆ «ԳԱՂՏՆԻՔ» Շուկայական հարաբերությունները կալանավայրերում Մեր օրերում յուրաքանչյուր կալանավորի համար ՈՒԱՀ-ում տարեկան նախատեսվում է ծախսել շուրջ 300000 դրամ։ Խորհրդային ժամանակներում ազատազրկվածը այս ծախսերը եւ դեռ մի բան էլ ավելի փոխհատուցում էր իր աշխատանքով։ Այսօր հանրապետության 8000 կալանավորից աշխատանքով ապահովված է մոտ 10%-ը։ Այսինքն, նախատեսվող այս ծախսերի վերականգնման հնարավորությունը չկա՝ ոչ դատապարտյալի մեղքով։ Չկա նաեւ պետության կողմից քրեակատարողական համակարգի նկատմամբ որեւէ իրավական պահանջ կամ պայման այս առումով։ Այս ծախսերի կատարման պարտավորվածությունը ընկնում է պետության վրա։ Ո՞րն է պետության շահը այս մարդկանց աղքատիկ բյուջեի հաշվին պահելու մեջ։ Կալանավորի մեկ օրվա ծախսը կազմում է 800 դրամ, որից 500 դրամը սննդի բաժինն է։ Եթե այս պետությունը կարողանա օրական 500 դրամի չափով թոշակ վճարել իր թոշակառուին, կարծում եմ, նրանք չափազանց գոհ կլինեն այս պետությունից։ Տարիներ շարունակ այս մարդիկ պահվում են ազատազրկման վայրերում, իսկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունները փորձում են նրանց չունեցած գույքի եւ սեփականության հաշվին կազմակերպել նրանց կողմից զոհերին հասցրած վնասի վերականգնումը՝ մեկ հանցանքի համար երկու պատիժ։ Բայց շատ հաճախ դրանից ոչինչ չի ստացվում, որովհետեւ մարդու հանդեպ վճիռ կայացնելուց առաջ դատավորը, դատարանը՝ նախաքննության մարմնի միջոցով, կամ ինչպես ավելի ճիշտ է, պարտավոր է ստուգել իր կայացվելիք վճռի կատարման արդյունավետությունն ու հնարավոր լինելը։ Ի՞նչ է տալիս պատճառած վնասի վերականգնման անհնարինության դեպքում տարիների ազատազրկումը։ Բնակչության սոցիալ-տնտեսական այս ծանր պայմանները շատերի համար ստեղծել են ապրելու անհնարինության վիճակ։ Այս վիճակը հաճախ չծրագրված, նույնիսկ հետեւանքները չկանխատեսող սխալ քայլի առջեւ է կանգնեցնում բռնության հակում, խաբեություն ու խարդախության նպատակ չունեցող, հասարակության համար վտանգ չներկայացնող հարյուրավոր, գուցեեւ հազարավոր մարդկանց։ Այս մարդիկ կանգնում են դատարանի առաջ։ Որքանո՞վ է իրական այս մարդկանց հանդեպ վճիռ կայացնելիս հիմնվել ազատազրկման սկզբունքի վրա, նրանց տարիներ շարունակ պահել ՈՒԱՀ-ում, առանց աշխատանքի, հետն էլ չունեցած գույքի կամ սեփականության առգրավում կցել։ Եթե մարդը չունեւորությունից, անելանելի վիճակից չի կողմնորոշվել, սխալ քայլ է կատարել, վնաս պատճառել ուրիշին, ինքն էլ պատժվում է դրա համար եւ օրենքով, եւ հոգեպես, եւ բարոյապես, ապա նրա չունեւորության վրա ի՞նչ բռնագրավում հնարավոր կլինի իրականացնել։ ՈՒԱՀ-ին սպասարկող դատավորները, կալանավորներից վաղաժամկետ ազատման համար, ՈՒԱՀ ղեկավարության դրական միջնորդությունից բացի, պահանջում են նաեւ տեղեկանք վնասի վերականգնման ընթացքի վերաբերյալ՝ կալանավորի բառապաշարով ասած՝ «իսկի մարում»։ Այսօր հարյուրավոր դատապարտյալներ կալանավայրերից վաղաժամկետ չեն ազատվում նաեւ այս պատճառաբանությամբ։ Բայց չէ որ պրակտիկապես այս պահանջը անհնար է։ Իսկ դրանից ոչ ոք չի շահում։ Սակայն տուժում են բոլոր կողմերը, անգամ պետությունն ու օրենքը։ Պետությունը՝ նյութապես, օրենքը՝ բարոյապես, նշանակում է նաեւ պետությունը՝ բարոյապես։ Ստեղծվում է մի անտրամաբանական վիճակ։ Հանցանք կատարածը տուժում է՝ զրկվելով ընտանիքից, ապրելով գաղութային դաժան պայմաններում։ Ընտանիքը՝ զրկվելով կերակրողից, քայքայվում է, երեխաների ճակատագրեր են խեղվում։ Ձերբակալվածի արարքի հետեւանքով վնաս կրած կողմը չի ստանում վնասի փոխհատուցումը եւ ստացվում է, որ զուր է դիմել օրենքին եւ ակնկալել իշխանության աջակցությունը։ Պետությունը կերակրում է քանի՜-քանի այսպիսի ուտող բերան՝ իր չեղած հնարավորություններից։ – Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը, Շուրա,- կհարցներ Իբրահիմովիչը։ Բայց պարզվում է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդկանց համար կա տրամաբանական ինչ-որ բան։ Քրեակատարողական համակարգի նախահաշվային հաշվետվությունների մեջ կա «ազատազրկվածների քանակ» տողը, որից է կախված նաեւ պետությունից հատկացվելիք գումարի ծավալը։ Միգուցե այս տողի հաշվով փաստացի եւ նախատեսվող բացթողումները չափազանց կարեւոր են։ Եվ հանրապետությունում կատարվող հանցագործությունների տարեկան աճը, բնակչության կտրուկ անկմանը զուգահեռ, հանգեցնում է կալանավայրերի գերբնակեցման ու այս տողով նախատեսվող ծախսերի աճի։ Միգուցե խորհրդային համակարգից եկող այս պլանավորումը եկամտաբեր խողովակ է, որի ծորակից օգտվողներ էլ կան. չէ՞ որ կալանավորները երբեք չեն կարող պարզել, թե այդ նախատեսվածից ինչքանն է հասնում իրենց։ Դրսում՝ փշալարերից այն կողմ իր անունով դուրս գրվածից որքանն է հասնում ներս՝ փշալարերից այս կողմ, եւ ներսում էլ հասնում իրեն։ Ըստ պաշտոնական տվյալների, սննդի համար նախատեսվող 500 դրամից ֆինանսների սակավության պատճառով մեկ կալանավորի վրա օրական միջին հաշվով փաստացի (ըստ հաշվետվությունների) ծախսվում է 250-260 դրամի սնունդ։ Այսինքն, թերսնումը պետականորեն ապահովված է։ Իսկ այդ 250-260 փաստացի ծախսվող սննդից ինչքանն է հասնում կալանավորի ստամոքս, արդեն «գաղութային գաղտնիք» է։ Ի դեպ, գողական աշխարհի նորմերի մեջ կա մի այսպիսի մոտեցում՝ եթե կատարածդ քայլի համար կրում ես կալանքդ, ապա բողոքող կողմը զրկվում է իր կրած վնասը քեզանից պահանջելու իրավունքից։ Միգուցե դատաիրավական համակարգի բարեփոխումներով զբաղվողները փորձեն խորանալ կյանքի թելադրած այս չգրված նորմի մեջ։ Հատկապես բռնության հակում չունեցող արարքների պատժման մեխանիզմները միգուցե փոխարինվեն պարտադիր աշխատանքի եւ պարտադիր փոխհատուցման պայմաններով, երկուստեք որոշակի ժամանակի մեջ տեղավորվելով։ Կարծում եմ, այս առումով կշահի հասարակությունը, եթե հասարակության յուրաքանչյուր անդամի շահից ելնելով խորանանք նման երեւույթների մեջ ու դատաիրավական բարեփոխումներին մոտենանք նաեւ այս տեսանկյունից։ «ԱՌԱՎՈՏԻ» ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել