Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ Է ԿՈՉՈՒՄ

Նոյեմբեր 11,2000 00:00
adrbejan

 «Հայերն ու ադրբեջանցիները պետք է անկեղծ խոսեն իրենց հույսերի եւ երազանքների մասին»

Ղարաբաղի հիմնախնդիրը շուտափույթ լուծում է պահանջում, այս միտքն էր հիմնականում հնչում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի 5-րդ գլխավոր ասամբլեայում (ՀՔԱ), որը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը՝ Բաքվում։

Նախ՝ այս հակամարտությունը ամենամոտն է վերջնական լուծմանը, որը կարող է օրինակ ծառայել մյուս տարածաշրջանային հակամարտությունների համար, հետո՝ նրա անորոշ ապագան պատերազմի վտանգ է պարունակում, որը կարող է այս կամ այն կողմում ներքաղաքական իրավիճակի փոփոխության հետ՝ պայթել։ Մենք արդեն պատերազմով հարցեր լուծելու եղանակը փորձել ենք, եւ արդյունքն ակնհայտ է. հազարավոր փախստականներ, բազմաթիվ զոհեր ռազմադաշտում, պատերազմի վետերաններ՝ խեղված հոգեպես եւ ֆիզիկապես, ավերված գյուղեր եւ քաղաքներ, տնտեսական ճգնաժամ։ Ընդ որում, այս ամենը երկու կողմին էլ վերաբերում է՝ անկախ ռազմական հաջողություններից։

Ընդհանրապես խոսակցություններում շատ է արծարծվում այն միտքը, որ պատերազմը ոչ մի կողմին էլ ձեռնտու չէր, այն իրականում խոշոր սադրանք էր այն ժամանակվա խորհրդային կենտրոնական իշխանության կողմից։ Զինադադարի հաստատման գործում Հելսինկյան ասամբլեան (մասնավորապես, նրա հայաստանյան, ադրբեջանական, ղարաբաղյան, նաեւ՝ վրացական ազգային կոմիտեները) իրենց խոշոր դերակատարությունն ունեցել են, բնականաբար, հաջողությունը տրվել է ծանր ու երկարատեւ աշխատանքի գնով։ Առհասարակ, ՀՔԱ-ն չի հավակնում փոխարինել քաղաքական գործիչներին, եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար աշխատում է նպաստել քաղաքացիական հասարակության ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկրում հասարակությունը պատրաստ լինի ինքնուրույն որոշում կայացնելու՝ հաշվի նստելով նաեւ հարեւան սոցիումի հետ, ձերբազատվելով հակառակ կողմին «հավիտենական թշնամի» դիտելու բարդույթից, իր հարաբերությունները նրա հետ կառուցի դրական (պոզիտիվ) հիմնադրույթների վրա։

Բաքվում հավաքվել էին աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրի 500 պատվիրակ։ Այդ թվում՝ Հայաստանի (28 հոգի) եւ Ղարաբաղի (12 հոգի) ներկայացուցիչները։ Հայկական պատվիրակությունը ամենամեծն էր վրացականից հետո։ Բավական ներկայացուցչական էր հայաստանյան պատվիրակությունը, եւ ՀՔԱ ազգային կոմիտեի ներկայացուցիչներից բացի, ընդգրկված էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստանյան պատվիրակության ուղեւորության ծախսերը հոգաց Բաց հասարակության ինստիտուտը (Սորոսի հիմնադրամը)։

ՀՔԱ-ի 5-րդ գլխավոր ասամբլեայի նշանաբանի տակ՝ «Բաքուն երկխոսության կոչ է անում մշակույթների եւ քաղաքակրթությունների միջեւ», հավաքվել էին կոնֆլիկտային տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչներ (Հարավսլավիա, Չեչնիա, Աբխազիա, Վրաստան եւ այլն)։ Ելույթների զգալի մասը վերաբերում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը եւ տարածաշրջանային ինտեգրացմանը։

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը, բարձր գնահատելով հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի գործադրած ջանքերը, Ալիեւի եւ Տեր-Պետրոսյանի հանդիպումների արդյունքում ձեռք բերված զինադադարը, նկատեց, որ պրոբլեմն, այնուամենայնիվ, դեռ լուծված չէ։ Դրա մեղավոր նա հայտարարեց Հայաստանին, որ «նա ինքն իրեն մեկուսացրել է տարածաշրջանային գործընթացներից»։ Իսկ Ադրբեջանը, նրա խոսքերով, կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը եւ շարունակում է կառուցել ժողովրդավարություն, թեեւ «երկրի 20%-ը բռնագրավված է հայ զինյալ խմբավորումների կողմից»։

Այս առումով հետաքրքիր է ՀՔԱ միջազգային համանախագահ Մերի Քալդորի հետեւյալ միտքը, որը տեղ էր գտել նրա ողջույնի խոսքում. «Մենք հավատում ենք, որ Բաքուն կարող է կամուրջ դառնալ Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի միջեւ, դառնալ հանդիպման վայր բազմամշակույթ եւ բազմակրոն քաղաքացիական հասարակությունների համար»։ Ի դեպ, ՀՔԱ-ի միջազգային համանախագահներ Մերի Քալդորը եւ Մարտին Պալոուշը հրաժարվեցին իրենց լիազորություններից՝ էստաֆետը հանձնելով Ադրբեջանի եւ Ֆրանսիայի ՀՔԱ ազգային կոմիտեների նախագահներ Առզու Աբդուլաեւային եւ Բեռնար Դրեանոյին։ Քաղաքակրթությունների եւ մշակույթների միջեւ երկխոսության Բաքվի կոչին արձագանքելով՝ Ադրբեջանի շեյխ-ուլ-իսլամ Ալլաշուքուր Փաշազադեն հիշեց իր հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ պատրաստակամություն հայտնեց նորից հանդիպել Գարեգին Վեհափառին։ «Իսլամը երբեք հակամարտության կոչ չի արել,- ասաց նա,- իսկ Ալիեւի շնորհիվ Ադրբեջանում հաստատվել է խոսքի, խղճի, հավատի ազատություն»։

Հայ-ադրբեջանական հակամարտությանը անդրադառնում էին ոչ միայն հայերն ու ադրբեջանցիները։ Օրինակ, International Alert (Միջազգային ահազանգ) կազմակերպության գլխավոր քարտուղար Քեվին Քլեմենսը, 20-րդ դարը ազգայնականության եւ իմպերիալիզմի վերջին մնացուկների դար համարելով, 21-րդը հայտարարեց ինքնատիպության եւ հասարակական կազմակերպությունների դար։ Այս ֆոնին նա կարեւորեց ՀՔԱ-ի հայկական եւ ադրբեջանական կոմիտեների գործունեությունը հակամարտության տարիներին. «Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է առանց միջնորդի՝ անմիջական բանակցությունների միջոցով լուծեն իրենց խնդիրները, պետք է անկեղծ խոսվի իրենց հույսերի եւ երազանքների մասին»։ Պատվիրակներն այդպես էլ արեցին։ Բնական է, որ տարիների ընթացքում բավական ասելիք էր կուտակվել, եւ ասամբլեան լիցքաթափվելու հրաշալի առիթ էր։ Ադրբեջանական որոշ շրջանակներում տարածված մի կարծիք դահլիճից հնչեցվեց հարցի ձեւով. «Չե՞ք կարծում, որ հայկական սփյուռքը բացասական դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»։ Դրան ի պատասխան, ՀՔԱ հայկական ազգային կոմիտեի նախագահ Անահիտ Բայանդուրն ասաց, որ Սփյուռքը նույնպես շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ եւ մեծ հետաքրքրությամբ է տեղեկանում խաղաղասիրական շարժման առաջընթացի մասին։

ՀՔԱ ադրբեջանական կոմիտեի գրասենյակում հանդիպում տեղի ունեցավ նաեւ ԼՂՀ պատվիրակության եւ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների միջեւ, որին մասնակցեցին նաեւ հայաստանցի պատվիրակներ։ Խոսակցությունը ծանր էր, բայց ասելիք կար։ Առաջին անգամ նրանք կարողացան իրար երեսի ասել՝ ինչ մտածում են, եւ, ի վերջո, իրարից բաժանվեցին՝ գալով այն եզրակացության, որ անմիջական շփումներն ամենաօգտակարն են եւ պետք է ավելի հաճախանան։

Ասամբլեայում ելույթներն ընդհանուր առմամբ խաղաղասիրական էին, խոսնակները՝ հայ թե ադրբեջանցի, առաջարկում էին գտնել հակամարտության լուծման նոր մոդել, չկառչել պատմությունից, իրար երեսով չտալ անցյալը, այլ նայել առաջ, որովհետեւ կոնֆլիկտային իրավիճակը ոչ մի կողմին ձեռնտու չէ, որովհետեւ աշխարհը զարգանում է, իսկ մենք՝ նորանկախ պետություններս, առանց այդ էլ պատմության մի մեծ հատված բաց ենք թողել եւ շարունակում ենք մնալ մեռյալ կետում։ Պատերազմի ժամանակ հայերին տարածքներ հանձնելու համար պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի գեներալ Հուսեյնովի հոխորտալից ելույթին ի պատասխան, Ադրբեջանի փիլիսոփայության ինստիտուտի ղեկավար Ալի Աբբասովը կոչ արեց քաղաքական դիվիդենդներ չհավաքել ՀՔԱ ամբիոնի հաշվին, որը թեպետ տվյալ պահին Բաքվում է, բայց միջազգային ամբիոն է։ «Պետք չէ մեզ քաղաքական գործչի տեղ դնել,- ասաց պարոն Աբբասովը,- խնդրում եմ չմոռանալ, որ սա հասարակական կազմակերպություն է, որը խաղաղասիրական առաքելություն ունի հակամարտությունների կարգավորման գործում»։

Ասամբլեան, պլենար նիստերից բացի, բաժանվեց սեկցիաների՝ «Մարդու իրավունքներ», «Խաղաղության կուլտուրա», «Ռեգիոնալ ինտեգրացում», «Գլոբալիզացիա», «Երիտասարդական նախաձեռնություններ» թեմաներով, աշխատանք շարունակելու համար։ Միջադեպը, որի մասին հրապարակումներ եղան ադրբեջանական եւ հայկական մամուլում, տեղի ունեցավ «Խաղաղության կուլտուրա» սեկցիայի աշխատանքների ժամանակ։

ՀՔԱ ղարաբաղյան կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանը, ի պատասխան դահլիճից հնչած մի հարցի, ստիպված եղավ հիշեցնել, որ դեռեւս պատերազմական թեժ գործողությունների ժամանակ ինքը հրապարակավ ներողություն է խնդրել ադրբեջանցիներից՝ Խոջալուում կատարվածի համար։ «Ձեզանից որեւէ մեկը նման քայլ արե՞լ է հայերի նկատմամբ կատարվածի համար»,- հարցրեց նա, եւ պատասխանը չուշացավ։ Լինկսի հիմնադրամի կովկասյան մասնաճյուղի ադրբեջանական ներկայացուցիչ Նադիր Քամալէդդինովը «ներողություն» խնդրեց հայերից, որ ադրբեջանցիներն այնքան բարի են ու համբերատար, որ այսքան տարի հանդուրժում են հայերի զանազան ոտնձգությունները, եւ այլն, եւ այլն։ (Հաջորդ օրը ադրբեջանական մամուլում հրապարակվեց հայտնի հասարակական գործիչ Լեյլա Յունուսովայի հոդվածը, որը վկայակոչում էր պատմական փաստերը՝ Քամալէդդինովին մեղադրելով դրանք խեղաթյուրելու մեջ)։ Ղարաբաղի պատվիրակությունը հայտարարություն արեց եւ որպես բողոքի նշան լքեց դահլիճը եւ վերադարձավ այն բանից հետո միայն, երբ ասամբլեայի նախագահությունը պաշտոնապես ներողություն խնդրեց անախորժ միջադեպի համար։

Այս միջադեպից հետո մի քանի խաղաղասիրական ելույթներ եղան։ Դրանցից մեկի հեղինակը Ղարաբաղի պատերազմում երկու որդի կորցրած ադրբեջանցի կին էր, որը հաղթահարելով անձնական վիշտը, խաղաղ համակեցության կոչ արեց երկու ժողովուրդներին։ Նմանատիպ ելույթ ունեցավ նաեւ Շարիեւ ազգանունով մի ադրբեջանցի, որը Շուշիի քաղաքային իշխանությունում տարբեր պաշտոններ էր զբաղեցրել խորհրդային տարիներին, իսկ պատերազմի ժամանակ այնտեղ կորցրել էր որդուն եւ եղբորը։ Ավելի հուզիչ էին հայկական ժողովրդական երգերը, որ նա միջանցքում երգեց հայ մասնակիցների համար։ Ասամբլեայի եզրափակիչ բանաձեւը կոչ էր անում ՀՔԱ-ին եւ հատկապես կովկասյան ազգային կոմիտեներին Չեչնիայի վերաբերյալ մշակել խաղաղասիրական քայլերի համատեղ ծրագիր։ Բնականաբար, դրա համար Անդրկովկասը պետք է նախ իր ներսում լուծի հակամարտությունները։ Այս բանաձեւը ցույց էր տալիս, որ միջազգային հանրությունը շատ ավելի սպասելիքներ ունի մեզանից, քան մենք կարող ենք նրանից պահանջել։ Մեզանից սպասվում է մարդկային, ազգամիջյան եւ միջազգային հարաբերությունների նոր մոդել, նոր խոսք քաղաքակրթության մեջ, ինչը կարող է նոր դարաշրջանի սկիզբ նշանավորել։

ԾՈՎԻՆԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930