Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

Շոկոլադից մինչեւ կումիս Կանանց սրտեր փշրելու մեծ վարպետ Ջակոմո Կազանովան կանանցից էլ շատ սիրում էր… շոկոլադ։ Քանի որ նա վստահ էր, թե հենց շոկոլադն է իրեն ուժ եւ ավյուն տալիս՝ այդքան շատ ու կրքոտ սիրելու կանանց։ Իրոք, ապացուցված է, որ շոկոլադը վերականգնում է կորցրած էներգիան, իսկ սեռաբանները պնդում են, որ այն հրաշալի աֆրոդիզիակ է։ Ո՞ւմ հաճույք չի պատճառում փայլփլուն, ճռճռան թուղթը զգուշորեն բացելուց հետո անմահական շոկոլադե սալիկի դանդաղ, մանր կտորներով վայելումը։ Բայց պարզվում է, որ շոկոլադից ամենամեծ բավականություն ստանալու համար լավ է այն օգտագործել տաք ըմպելիքի ձեւով։ Եթե դուք գրգռված եք (ոչ սեքսուալ իմաստով) նյարդայնացած, հոգնած աշխարհից ու կյանքից, ձեզ զգում եք քամված լիմոնի նման ու ձեր գլուխը լի է վատ-վատ մտքերով՝ խմեք կես լիտր տաք կաթ՝ շոկոլադով։ Ի դեպ, ֆրանսիացի հայտնի խոհարար եւ սննդագետ Բրիյի Սովարենը խորհուրդ էր տալիս այդ ըմպելիքը պատրաստել նախորդ երեկոյան, մի փոքր համփեր (ՈՎոՐՈ) ավելացնելով …, ողջ գիշեր թողնել կավե սրճեփում եւ առավոտյան վայելել մանր կումերով։ Հրաշալի տրամադրությունն ու եռանդն ապահովված են ողջ օրվա համար։ Նախկինում բժիշկները կարծում էին, թե շոկոլադը շատ հիվանդությունների լավագույն բալասանն է։ Դրա միջոցով փորձում էին բուժել թոքերի բորբոքումը, տենդը եւ նույնիսկ ստամոքսի հետ կապված որոշ հիվանդություններ։ Այսօրվա բժշկությունը դա կհամարի, առնվազն, անհաջող կատակ։ Բայց, ինչպես ռուսներն են ասում՝ յուրաքանչյուր կատակի մեջ միայն մի փոքր կատակ կա։ Շոկոլադը պարունակում է, այսպես կոչված, «երջանկության ֆերմենտներ», որոնք օրգանիզմին էներգիա եւ առույգություն են պարգեւում։ Այդ պատճառով շոկոլադ ուտող հիվանդն իրեն սկսում է լավ զգալ։ Իսկ ահա կումիսը, ի տարբերություն շոկոլադի, անվերապահորեն ընդունվում է բժիշկների կողմից՝ որպես առողջարար եւ օգտակար խմիչք։ Դեռ պատմահայր Հերոդոտոսի մոտ են հանդիպում կումիսի մասին առաջին տեղեկությունները։ Նա կումիսը նկարագրել էր որպես քոչվոր սկյութական ցեղերի սիրելի խմիչք, որի պատրաստման ձեւը նրանք մեծ զգուշությամբ թաքցնում էին։ Իսկ նա, ով կամա թե ակամա գաղտնազերծում էր այդ սրբազան խմիչքի պատրաստման տեխնոլոգիան, դաժանորեն կուրացվում էր։ Ռուսաստանում եւս կումիսը մեծ տարածում ուներ։ Հնագույն տեղեկություններով՝ իշխան Գալիցինին կումիս է հյուրասիրել ինքը՝ Բաթու խանը։ 18-րդ դարում գիտնականները հայտնաբերեցին կումիսի բուժիչ հատկությունները։ Այդ թույլ ալկոհոլային խմիչքը՝ պատրաստված ձիու թարմ կաթից եւ ենթարկված կաթնաթթվային ու սպիրտային հասունացման, շատ սննդարար է, հարուստ է B խմբի վիտամիններով, ունի վառ արտահայտված հակամանրէային հատկություններ, ամրացնում է նյարդային համակարգը, օգնում է սակավարյունության եւ աղեստամոքսային տրակտի հետ կապված հիվանդությունների ժամանակ։ Պովոլժիեում 20-րդ դարի սկզբին նույնիսկ կառուցվել էին հատուկ կումիսային առողջարաններ՝ տուբերկուլյոզով հիվանդների համար։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել