Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

Վերմակ էր խնդրում դռան փոխարեն Լուսանկարում պատկերված քաղաքացին Աջափնյակի 16 թաղամասի 20 շենքի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Զավեն Մալերյանն է, որը երեկ, իր այս վիճակով, գտնվում էր «Առավոտի» խմբագրությունում։ Քաղաքացին 500 եւ ավելի նամակ է ուղարկել սահմանադրության երաշխավորին՝ հանրապետության նախագահին, նրան կից «մարդասիրական» հանձնաժողովներին, քաղաքապետարան, թաղապետարան, որպեսզի հանձնաժողով կազմվի եւ ընտանեկան նպաստից իրեն զրկելու հարցը վերանայվի։ «Ցմահ դարձել եմ հաշմանդամ, ֆիզիկապես կորցրել եմ զույգ ոտքերս, տեսողությունս, սակայն ոչ մի ցուցակում չկանք», ասում է Զ. Մալերյանը՝ նկատի ունենալով օգնության նպատակով կազմված ցուցակները։ Քաղաքացին ասաց մեզ, որ դեռ չի ստացել իր խղճուկ թոշակը (3 ամիս), որպեսզի անկողնուն գամված կնոջը եւ Չեռնոբիլի աղետի հետեւանքների վերացմանը մասնակցած որդուն կարողանա «դռանը» չոքած սովից փրկել։ «Բազմիցս դիմեցի թաղապետին, խնդրելով 2 պարկ գաջ, հին պատուհան, մեկ հատ դուռ, որպեսզի 12-րդ հարկում գտնվող բնակարանիս սառնամանիքը կանխեմ»։ Զ. Մալերյանը խնդրում էր մեզնից… նույնիսկ վերմակ. «դռան եւ լուսամուտի տեղ գոնե կախենք-պաշտպանվենք»։ 57 տարի աշխատած մարդու ողբերգության դիմաց դռները փակ են։ Մարդը ելք էր փնտրում։ Քաղաքացիների ընդունելության տասնյակ բաժիններ փոստատուն դարձած, ճանապարհ են ցույց տալիս՝ առանց ընթերցելու քաղաքացու նամակը։ «Դիմեք դատարան». նամակ առաջինի պատասխանն է։ «Ձեր հարցով մենք չենք զբաղվում». նամակ երկրորդի պատասխանն է. «Խնդիրն ուսումնասիրվում է»: Եվ այսպես՝ անվերջ։ Իսկ քաղաքացին չի կարող նույնիսկ դատի տալ պետությանը, երբ խախտվել է քաղաքացիական օրենսգրքի այն հոդվածը, երբ, ըստ որի, քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնում է վտանգ։ Վտանգ չէ՞, արդյոք, այն, որ Զ. Մալերյանը հայտնվել է վերոնշյալ վիճակում. պետությունը ժամանակին չի վճարել նրա աղքատիկ թոշակը, նրա էլեկտրաէներգիան անջատվել է պարտք ունենալու պատճառով, նա դատապարտվել է ցրտում ապրելու, նա չի կարողանում անվճար բուժօգնություն ստանալ, դեղեր գնել, այսինքն՝ պատկան մարմինների կողմից վտանգի տակ է դրվել Զ. Մալերյանի կյանքն ու առողջությունը։ Դեռ սեպտեմբերի 6-ին, երբ Զ. Մալերյանը դարձյալ «Առավոտում» էր, մեզ տեղեկացրել էր, թե ինչպես իր եղբոր մահացած կնոջը ստիպված են եղել թաղել կարդոնե… դագաղով։ Այսպես մենք կամաց-կամաց շրջանցում ենք հուսահատությունը եւ մոտենում… մահվան։ Բարոյական մահվան։ Ես չեմ ուզում հուսահատեցնել եւ ոչ մեկին, առավել եւս՝ մեզ մոտ գրանցված հազարից ավելի բարեգործական միություններին։ Պարզապես հույս ունեմ, որ հեռուստախցիկից թաքուն՝ կգտնվի մեկը, գոնե մեկը, որը կհայտնվի Մալերյանների տանը, փրկելով մի հայ ընտանիք։ Իսկ համակարգիչը կառավարող որեւէ պաշտոնյա կվերանայի ընտանեկան նպաստի այն ցուցակները, որտեղ տեղ չի գտել Զ. Մալերյանի ընտանիքի անունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել