Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 02,2000 00:00

ԵՐԵՎԱՆԸ 10 ՏԱՐՈՒՄ 8 ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ Է ՈՒՆԵՑԵԼ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի՝ հինգշաբթի օրվա ընդգրկուն նիստին ներկա էր 32 ճարտարապետ։ Երեւանի գլխավոր ճարտարապետ, փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանը մեկ տարվա իր պաշտոնավարության հաշվետվությունն էր ներկայացնում։ Նա նշեց մեկ տարվա ընթացքում իր ծրագրային աշխատանքները։ Կարծիքների փոխանակում, քննարկում եղավ, գնահատականներ տրվեցին։ Ասվեց, որ Հյուսիսային պողոտայի ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից։ Կասկադն, ըստ ծրագրի, պետք է կառուցապատվի եւ կանաչապատվի։ Գետառի կապակցությամբ հայտարարվել էր՝ ով ունի ծրագիր՝ կարող է ներկայացնել, բայց նախագծային առաջարկով արձագանքել է Երեւանի «Հայպետնախագիծ» ինստիտուտը, որի ծրագիրն ընդունվել է քաղաքաշինական խորհրդի կողմից։ Գլխավոր ճարտարապետն ասաց, որ ծրագրի ընդունումից հետո նախագծային ինստիտուտին քաղաքապետարանը պատվեր է ներկայացրել, եւ արդեն որոշ գումարներ են հայթայթվել զանազան տեղերից։ Նախագիծը մշակել են տասնյակ մասնագետներ եւ շոշափված են բոլոր խնդիրները, սկսած՝ բնական հունի եւ արտակարգ իրավիճակների հետ կապված բոլոր հարցերից։ Դարձյալ բուռն քննարկում ծավալվեց «Հաղթանակ» զբոսայգում կառուցվելիք «Գոլդեն Պալաս» հյուրանոցի հողահատկացման շուրջ։ Դեմ արտահայտվեցին 2-3 ճարտարապետներ, հատկապես՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Ալիկ Զուրաբյանը։ Պրն Զուրաբյանը հպանցիկ հիշատակեց Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանի անունը, որի օրոք, ըստ նիստին ներկա ճարտարապետների, մի շարք ապօրինի եւ քաղաքաշինական նորմերը խախտող հատկացումներ են արվել։ Ապա պրն Զուրաբյանն ասաց. «… Ի՞նչ է, շենքերի վրա պետք է արձանագրե՞նք, թե ով է հաստատել, ունենք-չունենք մի հատ քաղաք ունենք, որն էլ այլանդակվում է։ … Ես տեսնում եմ, որ մեկ է, վատը շարունակվում է։ … Ինձ համար զարմանալի է, Նարեկի պես իրոք ինտելեկտ, դիպլոմ ունեցող ճարտարապետը չպիտի թույլ տա, որ նույնիսկ քննարկվի «Հաղթանակ» այգում հյուրանոցի հարցը։ Էդտեղ պետք չի լինել ճարտարապետ, ունենալ բարձրագույն կրթության վկայական։ … Ծառի խնդիր չկա, ծառն ի՞նչ է, 10 տարի է, դեռ մութ օրերից, ծառը դարձրել ենք մատի փաթաթան, շահարկումների մի առարկա… Շատ կարեւոր ճարտարապետական եւ քաղաքաշինական հարց լուծելու համար, հա՛, մի 100 ծառ կկտրվի, Թամանյանը ո՞նց արեց։ … Հյուրանոցն իր ինֆրաստրուկտուրայով կապ չունի հանգստի գոտու հետ… այդ ամբողջ այգին կորցնում է իր նշանակությունը»։ Ա. Զուրաբյանը, քիչ անց, երբ քննարկումը թեժացավ, փորձեց աշխարհի այլ քաղաքներից օրինակներ բերել, թե որեւէ տեղ նման երեւույթ չի կարող լինել։ Այս թեզին ի պատասխան՝ ճարտարապետ Մարտին Թովմասյանը հիշեցրեց մի քանի օրինակներ, թե քանի, քանի քաղաքների հանգստի գոտիներում, այգիներում, կանաչապատ գոտիներում են հյուրանոցներ կառուցվել։ Ա. Զուրաբյանի պատասխանը բոլորին լիցքաթափեց, քննարկման լրջությունը խզեց. «Ո՞վ ա ասում, որ միայն Հայաստանում են սխալվում»։ Մի ճարտարապետ հիշեց Ջիմ Թորոսյանի (որը ներկա էր նիստին) խոսքը, թե՝ «Կարեւոր չէ՝ ինչ ես կառուցում, այլ կարեւոր է՝ ինչպես ես կառուցում»։ Մեկ այլ ճարտարապետ՝ Գալուստ Աշճյանը, նույնպես դեմ էր հյուրանոցի՝ այգում հողահատկացմանը։ Նա նույնիսկ գլխավոր ճարտարապետին հարցրեց. արդյոք քաղաքական ճնշում կա՞ իր վրա՝ այդ հարցը այդպես լուծելու համար, ինչի՞ց է շտապողականությունը։ Ն. Սարգսյանը շեշտեց, որ որեւէ ճնշում չկա, այլ ինքն է առաջարկել այդ տարածքը կառուցապատողներին։ Տվյալ տեղում հողահատկացման հարցը քննարկվել եւ դրական գնահատական է ստացել քաղաքաշինական խորհրդում։ Գ. Աշճյանի մտահոգությունն այն էր, որ եթե միայն հողահատկացման որոշում է տրվել, ինչո՞ւ են, դեռ նախագիծը չհաստատված, սկսել կառուցել։ Ռոմեն Ջուլհակյանը, բարձր գնահատելով գլխավոր ճարտարապետի գործունեությունը, իր մտահոգությունը հայտնեց ճարտարապետների՝ որեւէ տարածքի նկատմամբ մոնոպոլիայի մասին. «Որ, ենթադրենք, էդ Մասիվի շենքերը ես եմ նախագծել, ուրեմն պիտի ես տեղյակ լինեմ՝ ինչ է այդտեղ կառուցվում։»։ Ստեփան Քյուրքչյանն էլ մատնացույց արեց մի արատավոր երեւույթ. «Նախկին գլխավոր ճարտարապետը, իհարկե Ղազարյան Լավրենտիի մասին չէ խոսքը (որը նիստին ներկա էր- Ս. Ս.), ինքը հողամասը տալիս էր, ինքը պայմանավորվում էր հողամասի տիրոջ հետ, որ նախագիծն ինքն անի, ինքն իր արած նախագիծը հաստատում էր եւ, պարզ ա, ինքն էլ «բերքը» հավաքում։ … Էս վերջերս մեր ճարտարապետներից շատերը ուղղակի ոտնահետքեր թողեցին մեր քաղաքի վրա, եւ կարելի է էպոխաներով նայել, թե էս ամբողջ ռայոնն ո՞ւմ էպոխան ա, մյուսը՝ ում… Լավ է, որ վերջ է դրվել այդ բանին։ Գլխավոր ճարտարապետը, իհարկե, իրավունք ունի նախագծելու, բայց իրավունք չունի անցնել այդ սահմանը, որ բոլոր գործերը, ընդհուպ մինչեւ վերջին կիոսկը, ինքն էր անում…»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել