Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2000 00:00

Գործում են ոչ թե օրենքով, այլ՝ տրամաբանությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30 հոդվածի համաձայն, 14-18 տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել միայն իրենց օրինական ներկայացուցիչների (ծնողների, որդեգիրների կամ հոգաբարձուի) գրավոր համաձայնությամբ։ Սակայն մեր բուհերը հաճախ մոռանում են այս մասին, երբ պայմանագիր են կնքում անչափահաս ուսանողի հետ։ Օրենքի տեսանկյունից նման պայմանագիրը օրինական ուժ չունի։ Ցանկացած դատարան կարող է չեղյալ հայտարարել այդ պայմանագիրը, եթե կողմերից մեկը հանկարծ որոշի, որ այն իր սրտով չէ։ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանը օրերս այս առնչությամբ արդարացավ, որ ինքը հետաքրքրվել է եւ պետական բուհերն էլ, մասնավորապես Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանը, օրենքի այդ պահանջը չեն կատարում։ Սա առիթ հանդիսացավ մեր պետական եւ ոչ պետական որոշ բուհերից ճշտելու՝ տեղյա՞կ են օրենքի այդ կետին եւ պահպանո՞ւմ են այն։ Ճշտենք, որ պետական բուհերը պայմանագիր կնքում են վճարովի համակարգ ընդունված ուսանողի հետ։ Պարզվեց, որ պարոն Սարիբեկյանի տեղեկությունը համապատասխանում է իրականությանը եւ մանկավարժական համալսարանն այնքան էլ ուշադիր չէ օրենքի այդ կետի նկատմամբ։ Համալսարանի ռեկտոր Միսակ Դավթյանն անկեղծորեն ընդունեց, որ «հնարավոր է ինքը ուշադրություն դարձրած չլինի եւ անչափահաս ուսանողը ստորագրի պայմանագիրը»։ Սա նաեւ բուհի պրոռեկտորը հաստատեց։ Պարոն Այվազյանը ընդունեց, որ պայմանագիրը, անկախ տարիքից, ստորագրում է ուսանողը՝ հիմնավորելով, որ դժվար է ծնողի հետ կնքել պայմանագիր, քանի որ նրանց մեծ մասը շրջաններից է։ Երբ տեղեկացրինք, որ ծնողի գրավոր համաձայնությունը կարող է նաեւ հետագայում տրվել եւ վավեր կլինի, պարոն Այվազյանը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել եւ շտկել վիճակը։ ԵՊՀ-ում օրենքի այդ պահանջը լավ գիտեն. պրոռեկտոր Արամ Սիմոնյանը հստակ պատասխան ուներ. «Եթե ուսանողի 18 տարին չի լրացել, պայմանագիր կնքում է ծնողը, եթե լրացել է՝ ուսանողը»։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի իրավաբանի պատասխանը պակաս հստակ էր։ Նախ ասաց, որ ուսանողն է կնքում պայմանագիրը, հետո էլ՝ «վճարունակ անձը»։ Զրուցակիցներս հաճախ էին շեշտում, որ եթե նույնիսկ պայմանագիրը ստորագրում է անչափահաս ուսանողը, պարզ չէ՞, որ ծնողի համաձայնությամբ է ստորագրում, քանի որ վճարում է նա։ Երեւանի պետական բժշկական համալսարանում, ինչպես ճշտեցինք ռեկտորի աջակցությամբ, պայմանագիրը ստորագրում է ուսանողը, եթե չափահաս է, հակառակ դեպքում՝ ե՛ւ ծնողը, ե՛ւ ուսանողը։ Առանձնացավ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր Արամ Խաչատրյանի պատասխանը։ Պարզվում է՝ այս բուհը ուսանողի հետ պայմանագիր ընդհանրապես չի կնքում։ Պարոն Խաչատրյանի հիմնավորմամբ՝ «իրենց համալսարանի ընդունելության հայտարարությունը համարվում է պայմանագիր»։ Եթե ուսանողը գալիս-ծանոթանում է բուհի պայմաններին, որոշում սովորել այնտեղ եւ վճարում է ուսման վարձը, ուրեմն համաձայն է ամեն ինչի հետ, պայմանագրի կարիք չկա։ «Պարզ տրամաբանություն է»,- իր հիմնավորումները եզրափակեց համալսարանի պրոռեկտորը՝ նաեւ հավաստիացնելով, որ ուսանողի հետ պայմանագիր կնքելը պարտադիր պահանջ չէ։ Բուհն է որոշում այդ հարցը։ ԿԳՆ-ի իրավաբան Վրեժ Սարգսյանը տեղեկացրեց, որ բուհերը պարտավոր են պայմանագիր կնքել ուսանողի հետ։ Դա բխում է նաեւ քաղաքացիական օրենսգրքի պահանջներից։ Ցանկացած գործարք, մանավանդ, երբ վճարումների խնդիր կա, պիտի պայմանագրով վավերացվի, որպեսզի վիճելի հարց չլինի։ Պարոն Սարգսյանը զարմացավ, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանը պայմանագիր չունի՝ ասելով, որ երկու տարի առաջ ինքն է նրանց համար օրինակելի պայմանագիր պատրաստել։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել