Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրամաբանական խաղեր»

Մարտ 03,2001 00:00
tramabanakan

Այս ուսումնական ձեռնարկի 22 հազար տպաքանակի 70%-ը սպառվել է հաշված ամիսների ընթացքում։ Գրքի հեղինակը ԵՊՀ-ի 27-ամյա դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արամ Հակոբյանն է։

18 տարեկանում նա գրել է իր «Մաթեմատիկական խճանկար», ավելի ուշ՝ «Տրամաբանական զվարճալիքներ» գրքերը։

– Ելնելով վերնագրից՝ նոր գիրքը առաջին երկուսի շարունակությո՞ւնն է։

– Ինչ-որ չափով՝ այո։ Այդ գրքերի հիմքի վրա թիվ 65 դպրոցում, պարտադիր առարկաների շրջանակում, 2-5-րդ դասարաններում սկսեցին դասավանդել տրամաբանություն առարկան։ Մեկ տարվա արդյունքը զգալի էր. առարկան ընդունվեց ե՛ւ աշակերտների, ե՛ւ ուսուցիչների, ե՛ւ ծնողների կողմից։ Մի շարք դպրոցներ ցանկացան նույնպես իրականացնել այդ ծրագիրը։

– Հինգ ամիս է, ինչ դասագիրքը մտել է դպրոցներ։ Դուք հետեւո՞ւմ եք ռեյտինգին։

– Արձագանքը եղավ մեր սպասվածից ավելի քան լայն։ Երեւանի դպրոցների 60%-ն այսօր օգտագործում է ձեռնարկը։ Պետք է նշել, որ շատ տարբերակված մոտեցում ցուցաբերվեց Հայաստանի մարզերի դպրոցների կողմից։ Օրինակ, աննախադեպ արձագանք գտավ Սյունիքի, Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի մարզերում եւ հակառակը, որոշ մարզեր ընդհանրապես չցուցաբերեցին հետաքրքրություն։ Թեպետ ես համոզված եմ, որ նման տարբերությունը զուտ մարզային կրթության վարչության աշխատողների անփույթ աշխատանքի արդյունք էր։

– Թերթելով ձեռնարկը, ես հասկացա, որ այն ոչ միայն ուղեցույց է մաթեմատիկայի լաբիրինթոսների մեջ, այլ նաեւ լավ խորհրդատու է կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար։

– Այդպես էլ մտածված էր։ Լուծելով խնդիրները, երեխան պետք է սովորի դատողություններ կատարել, խնդրից խնդիր ցուցաբերի ավելի սուր միտք, ինքնատիպ տրամաբանություն, չմտածի միայն ստանդարտ ձեւով, ձեռք բերի հեռու սլացող երեւակայություն։ Սա կօգնի, որ երեխան հետագայում, կյանքի ցանկացած իրավիճակում հեշտ կողմնորոշվի, արագ լուծումներ գտնի։ Հետաքրքիրն այն էր, որ դասագիրքը տպագրելիս մենք կարծում էինք, որ այն կսպառվի միայն դպրոցների պատվերների հիման վրա։ Բայց կյանքը շատ հաճելի անակնկալ մատուցեց. դասագիրքը աննախադեպ վաճառք ունեցավ գրախանութներում։ Վիճակագրությունը ցույց տվեց, որ վերջին կես տարվա ընթացքում այն ամենալավ վաճառված գիրքն է։ Իհարկե, նման հաջողությունը տեղի չէր ունենա, եթե դասագիրքը չփորձարկվեր դպրոցում։ Գործի այդ մասը ամբողջովին գրքի մյուս հեղինակ, թիվ 65 դպրոցի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Նորայր Խրիմյանի ուսերին էր։

– Սփյուռքը բավական ուշադիր է հետեւում ազգային նորույթներին։ Նկատվե՞ց արդյոք այս բացառիկ գրքի լույս աշխարհ գալը։

– Եվ ոչ միայն… Դասագիրքը արդեն վաճառվում է Կալիֆոռնիայի գրախանութներում։ Առաջարկություն կա այն տարածել այնտեղի հայկական դպրոցներում։ Դասագրքով հետաքրքրված են նաեւ Եվրոպայի հայկական համայնքները եւ անգամ այն թարգմանելու առաջարկներ են քննարկվում։

ՄԱՐԳԱՐԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031