Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԶԱՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Մարտ 03,2001 00:00
Ohan duryan

Երեկ, հյուրախաղերի մեկնելուց առաջ, ասուլիս հրավիրեց Գեղամ Գրիգորյանը։

2001թ. ձմռան վերջին օրը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կոլեգիան որոշեց լուծարել 1999թ. աշնան առաջին օրը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության եւ Օհան Դուրյանի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը։

Պայմանագիրը կնքելուց տարիուկես հետո միայն, երբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի աշխատանքային կոլեկտիվում իրավիճակը հասցրել էր սրվել այնքան, որ երաժշտական աշխարհում ճանաչված մեծությունները միմյանց հասցեին փոխադարձ վիրավորանքների տարափ էին տեղում, վերջապես մեր մշակույթի պատասխանատուները նկատեցին, որ ՀՀ կառավարություն- Օհան Դուրյան պայմանագիրը (որը նախատեսում էր Օ. Դուրյանի «ցմահ» գլխավոր դիրիժոր լինելը Օպերային թատրոնում) հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին։

Իսկ այդ ընթացքում Օպերայի եւ բալետի թատրոնի կոլեկտիվի 230 արտիստներ զրկվեցին իրենց ընձեռված հազվագյուտ հնարավորությունից՝ համերգային ծրագրով հանդես գալ Միլանի ամենամյա օպերային հեղինակավոր փառատոնին։ Բեյրութում մեր Օպերային թատրոնի հյուրախաղերի ժամանակ աշխատանքային փորձի ընթացքում կատարված տհաճ միջադեպը (որի մասին բազմիցս գրվեց ու խոսվեց) բիծ թողեց մեր ազգային նկարագրի վրա։

Ինչեւէ։ «Լավ է ուշ, քան ավելի ուշ» սկզբունքով մխիթարենք մեզ ու ափսոսանք հայտնենք, որ սխալ քաղաքականության հետեւանքով ամեն դեպքում տուժում է արվեստը։ Ու թեեւ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը համաձայն չէ Օհանի Դուրյանի անվան կողքին հաճախակի դրվող «հանճարեղ» բնորոշմանը («Իմ չափանիշներով հանճարեղը Մոցարտն է։ Եթե ձեր չափանիշներով Դուրյանն է, թող այդպես լինի»), բայց պիտի փաստենք, որ մեր մեծություններին մենք ճիշտ գնահատել եւ, ինչու չէ, նաեւ «օգտագործել» չգիտենք։

Իսկ Գեղամ Գրիգորյանը հոգնել է աշխատանքի չտրամադրող այդ իրավիճակից ու դրա մեջ տեսնում է նաեւ լրագրողներիս մեղքը. «Ուզում եմ խնդրել, որ մի որոշ ժամանակ թողնեք հանգիստ աշխատենք։ Այս սկանդալները խանգարում են մեր գործին։ Հավատացեք, ոչ մի անձնական կռիվ չկա։ Սո՛ւտ է։ Սա մշտական պայքարն է հնի ու նորի միջեւ։ Երբ մի սերունդը մյուսին դժվարությամբ է տեղը հանձնում։ Եթե այդ վիրավորանքները, սկանդալները թերթերում չհայտնվեին, մենք մեկս մյուսի հետ շփվելու, հարթելու ձեւեր կգտնեինք։ Բայց այդքան գրելուց, ծամծմելուց հետո մեկը մյուսից ամաչում է։ Թողեք աշխատենք»։

Պրն Գրիգորյանը խոսեց նաեւ ծրագրերից, որոնք լավ արդյունք կունենան, եթե, իհարկե, խանգարողներ չհայտնվեն։ Մարտի սկզբից թատրոնը սկսում է նախապատրաստվել «Կարմենի» բեմադրությանը (ռեժիսոր՝ Արմեն Մելիքսեթյան, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան)։ Ֆինանսավորումը կիրականացնի ՀԲԸՄ-ն։ Այստեղ պրն Գրիգորյանն ակնարկեց, որ Օ. Դուրյանի՝ Օպերային թատրոնում լինելը խոչընդոտում էր տարբեր ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ պոտենցիալ հովանավորները խուսափում էին գումար տրամադրել։ «Կարմենը» պատրաստ կլինի հունիսի կեսերին, իսկ հոկտեմբերի սկզբին կկայանա «Նորմայի» պրեմիերան (ռեժ.՝ Բորիս Հայրապետյան, դիրիժոր՝ Վահագն Պապյան)։ Վերականգնվում են նաեւ «Դիմակահանդեսն» ու «Գայանեն»։ Վերջինս առանձնանալու է Մինասի դեկորացիաների շնորհիվ։ Պրն Գրիգորյանը մեծ խանդավառությամբ խոսեց նաեւ «Տրդատ եւ Հռիփսիմե» նոր բեմադրության մասին, որը «լինելու է մեծ ճաշակով, գեղեցիկ դեկորացիաներով աշխատանք» եւ, եթե ամեն ինչ ժամանակին ստացվի՝ «իսկական բոմբա կդառնա»։ Կոմպոզիտորը Մելիք Մավիսակալյանն է, որը ոչ միայն գրել է երաժշտությունը, այլեւ հավաքել է մեր հին, մինչեւ անգամ հեթանոսական ժամանակների երաժշտությունն ու ժամանակակից ձեւավորում է տվել. «Այս գործի վրա միանգամից մի քանի կոմպոզիտորներ են աշխատում»։ Պրն Գրիգորյանը գտնում էր, որ ներկայացումը շատ տեղին է՝ կապված քրիստոնեության 1700-ամյակի հետ, բայց «ցավոք, մեր թատրոնն անտեսվել էր տոնակատարությունների ցուցակից։ Դրանով զբաղվողները լրիվ ուրիշ բաների մասին էին մտածում։ Բայց ես ասացի, որ պիտի մասնակցենք եւ, կարծում եմ, այս ներկայացումը մեծ նվեր կլինի քրիստոնեության 1700-ամյակի առիթով»։

2001թ. ծրագրերը ներկայացնելուց հետո պրն Գրիգորյանը ներկայացրեց «երիտասարդ, տաղանդավոր եւ զուսպ» նոր գլխավոր դիրիժորին՝ Կարեն Դուրգարյանին, որին «ես ինքս եմ ընտրել եւ եթե ինչ-որ բան չստացվի, դա միայն իմ մեղքը կլինի։ Բայց նա մեծ պոտենցիալ ունեցող երաժիշտ է, եւ վստահ եմ, որ եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում նա հրաշալի գլխավոր դիրիժոր կդառնա։ Այդ ռիսկը վերցնում եմ ինձ վրա։ Կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը նոր սերունդ աճեցնելն է։ Ես այնպես պիտի այս սերունդը դաստիարակեմ, որ նրանք չմտածեն, թե իրենցից հետո մարդ չի մնալու»։ Իսկ ինքը՝ Կարեն Դուրգարյանը, մեծ պատիվ էր համարում այս կոլեկտիվում աշխատելը եւ խոստացավ այնպես աշխատել, որ «խայտառակ չանի մեծ արվեստագետին»։ Աշխարհահռչակ դիրիժոր Իլյա Մուսինի սանը համեստորեն հայտարարեց. «Ես շատ բաներ ունեմ սովորելու Օհան Դուրյանից, եւ կարծում եմ, եթե դիմեմ նրա օգնությանը՝ չի մերժի»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031