Լրահոս
Օրվա լրահոսը

«Կերակրի աղի գործով»-ի՝ նախադեպային դիրքորոշում

Ապրիլ 27,2024 13:00

Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամանակ օգնության էին հասել նաեւ բառարանները

2024 թվականի ապրիլի 5-ին ՀՀ վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննել, ավարտել է «ՖԱՎՈՐԻՏ 19» ՍՊԸ-ի բողոքն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործը: Դիմելով դատարան, ընկերությունը պահանջել է վերացնել հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 5-ի թիվ 152-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) 2022 թվականի փետրվարի 14-ի վճռով հայցը բավարարվել էր, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշում էր կայացրել ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի բողոքը բավարարել, բեկանել վարչական դատարանի վճիռը:

ՀՀ վարչական դատարանի պատճառաբանություններից մեկը հետեւյալն էր. «Ոչ վիճարկվող որոշմամբ, ոչ գործի դատաքննության ընթացքում պատասխանողը չի վկայակոչել որեւէ ապացույց այն մասին, որ խնդրո առարկա ապրանքը հասանելի է դարձել հասարակությանը: Վիճարկվող որոշման հիմքում դրված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի գրությունը…»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/4139/05/20 վարչական գործով «ՖԱՎՈՐԻՏ 19» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք ապրանքի թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) մակնշումն ինքնին բավարար է տվյալ արարքն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում որակելու համար։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապրանքի թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը չի կարող որակվել անբարեխիղճ մրցակցության դրսեւորում՝ հասարակության մոլորեցում, քանի դեռ բավարար ապացույցների համակցությամբ չի հաստատվել տվյալ ապրանքի իրացման ընթացքում գտնվելու հանգամանքը։ Վճռաբեկ դատարանում ընկերության ներկայացուցիչն էր բողոքաբեր Լուիզա Հովհաննիսյանը, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի ներկայացուցիչն էր Գեղամ Գրիգորյանը:

Ի՞նչ է տեղի ունեցել: Ընկերությունը փաթեթավորել, շրջանառության մեջ է դրել ապրանք, որի նմուշը «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը հետագայում ներկայացրել էր հանձնաժողովին:

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ այդ ապրանքը Հայաստանի Հանրապետությունում է հայտնվել Իրանի Իսլամանական Հանրապետությունից, երկու փաթեթավորմամբ, առաջինը՝ «Աղ յոդացված էքստրա» եւ՝ «էկոսոլթ»: Հանձնաժողովին ուղարկված գրությամբ «Ավանի աղի կոմբինատը» հայտնել էր, որ «Երկու նմուշները շփոթեցնելու աստիճան նման էին Ավանի աղի կոմբինատի կողմից արտադրվող «Էքստրա» աղի փաթեթին, ինչը կարող էր շփոթեցնել գնորդին»: Այսինքն, ըստ Աղի կոմբինատի, նման վարքագիծն, ինքնին, տնտեսական մրցակցության կանոնների խախտում էր:

Ըստ տեսչական մարմնի ենթադրյալ կասկածի, նմուշի մեջ առկա է եղել ֆեռոցիանիդ նյութ, որի մասին ապրանքի վրա չի մակնշվել: Ընկերությանը տրվել էր հանձնարարական, հավաքել շուկայից ապրանքը: Խոսքը 83 կգ աղի մասին էր: Կարծես թե կատարվել է հանձնարարականը՝ հավաքվել, այրվել է ապրանքը, իսկ ապրանքի վրա նշվել է նշված նյութի առկայության մասին:

Ըստ հանձնաժողովի անդամի՝ «Ընկերության գործողությունները պարունակել են հասարակությանը մոլորեցման հատկանիշներ»: Հանձնաժողովը համոզված պնդել է, որ ապրանքը եղել է շուկայում, շրջանառության մեջ է դրվել, իսկ տեսչական մարմնի թիվ 61 ստուգման ակտի համաձայն, կերակրի աղի փաթեթավորման մակնշման մեջ բացակայել են գրառումներ արտադրողի անվանման, կալիումի ֆեռոցիանիդի առկայության մասին, ինչպես նաեւ նշված է եղել պիտանիության երկու ժամկետ:

Այդ պատճառով որոշվել է ընկերությանը տալ նախազգուշացում: Ընկերությունը պնդել էր, թե հետկանչման է ենթարկվել ապրանքը, այն է՝ չի իրացվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել էր անբարեխիղճ մրցակցության դրսեւումներին: Մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելուն, գործունեությունը վարկաբեկելուն, հասարակությանը մոլորեցնելուն, համբավը, վարկարժեքը վնասելուն, նաեւ անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ: Այս ամենը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով ամրագրված են:

Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» «մոլորեցնել» բառը բացատրվել է «մոլորեցնել, թյուրիմացության մեջ գցել», իսկ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում» «մոլորեցնել» բառի հոմանիշներ նշված էին «սխալեցնել, ապակողմնորոշել, խաբել, սայթաքեցնել»: Ըստ Վճռաբեկ դատարանի. «Եզրութաբանական վերլուծության ենթարկելով «մոլորեցնել» հասկացությունը, կարելի է եզրահանգել, որ տնտեսվարող սուբյեկտի վարքագիծը «հասարակությանը մոլորեցնել» որակելու չափանիշը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկված ապրանքների սպառողական հատկությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, թյուր, ոչ ամբողջական տպավորության ստեղծումն է հասարակության մոտ»: Խոսք է գնացել կոնկրետ հասցեատիրոջ՝ մրցակցող տնտեսվարողի մասին անգործության մասին, սպառողի, որն ակամայից կրել է այդ գործողության բացասական հետեւանքները:

Այս ամենով հանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «ապրանքի թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը չի կարող որակվել անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, հասարակության մոլորեցում, քանի դեռ բավարար ապացույցների համակցությամբ չի հաստատվել տվյալ ապրանքի իրացման ընթացքում գտնվելու հանգամանքը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930