Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես

Մայիս 26,2001 00:00

Անթերի սահմանադրություններ չեն լինում Ինչպես գիտեք, Հայաստանում ստեղծվել էր Սահմանադրական փոփոխություններն իրականացնող հանձնաժողով։ Այդ փոփոխությունների մասին էլ զրուցեցինք հանձնաժողովի անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Մհեր Խաչատրյանի հետ (նա եղել է նաեւ առաջին սահմանադրական հանձնաժողովի անդամ)։ Պրն Խաչատրյանը համաձայն չէր, որ գործող Սահմանադրությունը նախապատրաստած հանձնաժողովի վատ աշխատելու հետեւանքն է, ինչի համար էլ 5 տարի քննադատվում է այն։ Ըստ նրա, սահմանադրական հանձնաժողովը բարձր որակավորում ունեցող տարբեր մասնագետների մի խումբ էր, որ կատարել է իր պատմական առաքելությունը եւ պատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան Սահմանադրության նախագիծ։ Այնուամենայնիվ, ըստ պրն Խաչատրյանի, մեր Սահմանադրությունը անթերի չէ։ «Անթերի սահմանադրություններ չեն լինում, քանի որ դրանք ստեղծվում են մարդկանց կողմից»։ Նրա կարծիքով, եթե ուշադիր վերլուծենք մեր իրականությունը, ապա կտեսնենք, որ այդ «վատ Սահմանադրությունը» քննադատող այրերը դառնում են պատգամավորներ եւ զբաղեցնում պետական պաշտոններ։ «Ես չեմ ասում ընդհանրապես չքննադատել Սահմանադրությունը, բայց… չարժե այն հայհոյել»։ Սահմանադրական փոփոխությունները կապված են նախագահի լիազորությունների կրճատմանը, երկքաղաքացիությանը, դատական համակարգում առկա թերությունների վերացմանը։ Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրվեն դատավորին առաջադրվող պահանջները եւ դատական ատյանների լիազորությունները, որպեսզի հետագայում օրենսդիր մարմինը չկարողանա դրանք լրացնել կամ կրճատել։ Որոշակի նորություններ կան՝ կապված պատգամավորի անձեռնմխելիության սահմանների նեղացման հետ։ «Եթե մենք ընդունում ենք դատական իշխանության գոյությունը, արդեն սա պետք է երաշխիք լինի անձի անձեռնմխելիության համար։ Եթե մարդն անմեղ է, կարդարացվի, էլ ինչո՞ւ ենք ԱԺ-ի համաձայնությունը ուզում»։ Փոփոխություններից մեկն էլ «Մարդու իրավունքի պաշտպանի» ինստիտուտի ստեղծումն է։ Գործող Սահմանադրության նախագծում եղել է նման ինստիտուտ, որը պետք է իրավունք ունենար հսկողության կարգով բողոքարկելու դատարանի դատավճիռները եւ պետք է ունենար օրենքով սահմանված լիազորություններ։ Իսկ ովքե՞ր են եղել դեմ. որքան էլ անհավանական թվա, մեկը եղել է մարդու իրավունքների ջատագով Պարույր Հայրիկյանը, ԱԺ իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանը։ Սահմանադրական փոփոխությունները ավարտվում են։ Եկել է արդեն ամփոփման ժամանակը, որից հետո այն կներկայացվի ՀՀ նախագահին։ ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել