Լրահոս
Օրվա լրահոսը

Իր վրա ծանր պարտականություն վերցրեց «Գարուն» ամսագրում տասնամյա խմբագրական փորձ կուտակած Լեւոն Անանյ

Մայիս 26,2001 00:00

ԽՄԲԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ՆԱԽԱԳԱՀ Իր վրա ծանր պարտականություն վերցրեց «Գարուն» ամսագրում տասնամյա խմբագրական փորձ կուտակած Լեւոն Անանյանը։ «Ապոլոն» հրատարակչության հիմնադիր- տնօրենի հոգսն էլ՝ վրադիր։ Թե ինչպես է պատրաստվում «մեծ փորձությանը» ՀԳՄ նոր նախագահը, զրուցեցինք Լեւոն Անան յանի հետ, իր տանը՝ «Գարունում», ուր 25 տարի աշխատել է նա, եւ որի ոչ մի համար վերջին 10 տարում զոհ չի տվել տնտեսական ու սոցիալական ճգնաժամի հրեշին, որին կուլ գնացին բազմաթիվ պարբերականներ։ – Ինչպե՞ս եք համատեղելու «Գարունի» խմբագրի եւ ՀԳՄ նախագահի աշխատանքը։ Ի՞նչ է լինելու «Գարունի» ճակատագիրը։ – Ի զարմանս ինձ, այդ հարցը մտահոգում է շատ գրողների, եւ պետք է ասել, որ դա ուրախացնում է ինձ։ «Գարունը» որպես գրական-գեղարվեստական արժեք ունեցող պարբերական, այնպիսի կշիռ է ստացել մեր գրական կյանքում, որ նրա հետագա ճակատագիրը համընդհանուր մտահոգություն է առաջացնում։ Բախտորոշ ջրբաժանի առաջ եմ կանգնած, կարծում եմ, որ առաջիկա ամիսներին պիտի փորձարկենք, թե ով կարող է տանել այս բեռը ու, բնականաբար, գլխավոր խմբագրի տեղակալ Վարուժան Այվազյանը առաջինը կփորձարկի։ Անպայման «Գարունի» ներսում կգտնենք այդ ուժը, ամեն դեպքում իմ օգնությունը կլինի, իսկ ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց «Գարունի», որի մթնոլորտը ստեղծել ենք մի քանի սերնդի համատեղ ջանքերով։ – Ինչպե՞ս եք գնահատում այն անառողջ մթնոլորտը, որ տիրում է Գրողների միությունում։ Ի՞նչ եք նախաձեռնելու, որպեսզի այն առողջանա։ – Իհարկե տպավորությունը ծանր էր։ Գիտեինք, որ կուտակված հարցեր շատ կան, գիտեինք, որ բարիկադներ կան՝ երկու բանակի բաժանված։ Կար երրորդը, որոնք ընդհանրապես չէին մտնում գրողների տուն, որովհետեւ մթնոլորտը վանում էր նրանց։ Մեր գրողները անվանարկվեցին եւ շատերը փորձությանը չդիմացան։ Եվ վերջապես չմոռանանք, որ արդեն տասը տարի համագումար չէր եղել, նախկին համագումարը ոստիկանական սապոգներով հաստատեցին։ Շիկացումներն այնքան շատ էին, որ լիցքաթափում էր պետք։ Իհարկե, շատ տգեղ էր, որ գրողի հեղինակությունը, որն արդեն խաթարված էր, եւս մի ծանր ապտակ ստացավ։ Բայց մենք առիթ ունեցանք ախտորոշելու, իսկ դրանից հետո ապաքինումը ինչքան էլ ծանր լինի, կբուժվի։ Այդ չարությունից արդեն մանրէազերծված դաշտում, ուր բարություն ու միասնություն, համերաշխություն կիշխի, կարելի է նոր բան ձեռնարկել։ Հիմա, երբ մի քիչ հանդարտվել են կրքերը, ես տեսնում եմ, կան հրաշալի մարդիկ եւ նրանցից շատերը «Գարունի» ընդերքից են դուրս եկել։ Կարծում եմ՝ բոլորը հասկացան մի բան, որ չարությունը խեղդում է հենց չարության հեղինակին, եւ որ մանր, անձնական շահերը երբեւէ պետք չէ վեր դասել գրականության շահերից, որ այդ սնափառության փրփուրը եւ աղտեղության տիղմը պետք է վերացնել։ – Գրողների նոր սերունդը կարո՞ղ է արդյոք հույսեր կապել նոր վարչության եւ գրական մաքրված մթնոլորտի հետ, որովհետեւ տեսանելի է գրական սերունդների խզումը, երիտասարդ գրողները ոտք չեն դնում ՀԳ միություն։ – Երբ մեր սերունդը խոսում էր գրական ավագանու մասին, ակնածանքով ու հարգանքով էր տալիս նրանց անունները։ Հիմա չեն նայում ոչ վաստակին, ոչ տարիքին, գրական այլեւայլ արժանիքներին, յուրաքանչյուրը բարոյական-անբարո արժեքի շրջագծի մեջ է հայտնվել։ Բարեբախտաբար, նոր սերունդը միշտ եղել է «Գարունի» շուրջ եւ «Գարունն» է նրանց հայտնաբերել, այս սերունդը օրգանապես է կապված «Գարունին»։ Այո, ավագների փորձը հարգելով պիտի շեշտը դնենք նորերի վրա։ – Վարչության նոր կազմի մասին ի՞նչ կասեք։ – Վարչությունն արդեն ընտրված է։ Վարչության կազմը, այս խառն համագումարի հենքի վրա, համարում եմ շատ լավը։ Մի քանի ցավալի բացառություններով՝ գրեթե այն կազմն է, որը կարող էի ակնկալել։ Այսօրվա ներկապնակը գրական հոսանքների, հակասությունների եւ մտահոգությունների ամբողջություն է, լինելով ե՛ւ ներհակ ե՛ւ շատ ներդաշնակ։ – Քարտուղարների դերը երբեմն ավելի կարեւոր է, քան նախագահինը։ Ովքե՞ր են թեկնածուները, կամ գուցե արդեն ընտրվա՞ծ են։ – Սա ամենադժվար հարցն է։ Շատ դժվար է ընտրություն կատարել, շատ կարող ուժեր կան, ես խորհրդակցում եմ, տեսնենք ինչ կլինի։ Երկու հատկանիշ անպայման պիտի լինի՝ գործարարություն եւ ազնվություն: Եթե ստորության վարկանիշը չթոթափենք մեզնից, եթե սկսենք ոչ թե իրար հետ, այլ իրար դեմ աշխատել, կկորցնենք ամեն բան։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ի դեպ, երեկ ընտրվեցին ՀԳՄ քարտուղարներ. արձակագիր Դավիթ Մուրադյանը եւ բանաստեղծ Հովիկ Հովեյանը։ Երրորդ քարտուղարը կընտրվի ՀԳՄ հաջորդ նիստին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել