Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն պոմիդորի

Հունիս 30,2001 00:00

Մարդը գին չունի Ի տարբերություն պոմիդորի Մամուլի տան երեկվա հյուրը Հայաստանի Ֆոնդային բորսայի խորհրդի նախագահ Էդվարդ Սանդոյանն էր։ Վերջինիս մտահոգության պատճառը երկրում տիրող կոռուպցիան է, որի արմատները գտնվում են տնտեսության մեջ։ Թեեւ բոլորին է հայտնի, բայց պրն Սանդոյանը եւս կրկնեց, որ մեր պետությունը գտնվում է աղքատ երկրների շարքում։ Ըստ նրա, աղքատությունը, իբրեւ երեւույթ, ամբողջ աշխարհի համար դառնում է ոչ միայն պայքարելու միջոց, այլ այն «գռդոն դարձած մի երեւույթ է եւ ներազդում է այլ գործոնների վրա»։ Է. Սանդոյանի կարծիքով, գոյություն ունի մի վտանգավոր ցուցանիշ՝ «աշխարհի ամենահարուստ երկրները 37 անգամ ավելի մեծ եկամուտներ են տնօրինում, քան 20 ամենաաղքատ երկրները»։ Վերջինիս կարծիքով՝ ամենասարսափելին այն է, որ վերջին 40 տարիների ընթացքում այդ ցուցանիշը կրկնապատկվել է։ Է. Սանդոյանին անհանգստացնող մյուս հանգամանքն էլ մեծ ծավալների հասնող ստվերային տնտեսությունն է. «Մենք ունենք տնտեսության մեծ ստվերայնություն։ Տնտեսվարող սուբյեկտների շուրջ 95 տոկոսը գործում են բանկային համակարգից դուրս, իսկ շրջանառության ծավալների շուրջ 90 տոկոսը գտնվում է ստվերում»։ Թեեւ պրն Սանդոյանը գտնում է, որ տնտեսագիտորեն ստվերային տնտեսության ճշգրիտ հաշվարկ հնարավոր չէ անել, սակայն փաստ է, որ ստվերային տնտեսության ծավալները շատ մեծ են եւ դրանց դրսեւորումները՝ բազմազան։ Մյուս պրոբլեմը, Է. Սանդոյանի հավաստմամբ, կրեդիտորական պարտքերի չվճարումների շղթան է, որը հասնում է գրեթե 50 տոկոսի։ Նա համոզված է, որ նմանատիպ պրոբլեմներ առկա են գրեթե բոլոր անցումային երկրներում։ Տնտեսության կապիտալիզացիան Հայաստանում, ինչպես Է. Սանդոյանն է վկայում, եւս գտնվում է ծայրաստիճան ցածր մակարդակում։ Ի տարբերություն Հայաստանի, եվրոպական երկրներում նկատվում է արժեթղթերի կապիտալիզացիայի լուրջ զարգացում։ Ասածը հաստատելու համար պրն Սանդոյանը բերեց օրինակներ։ Ըստ նրա հաղորդած տվյալների՝ Մեծ Բրիտանիայում կապիտալիզացիան կազմում է 214 տոկոս, Ֆրանսիայում՝ 210 տոկոս, Թուրքիայում՝ 60 տոկոս, Ռուսաստանում՝ 420 տոկոս, Հունաստանում՝ 165 տոկոս։ Ֆոնդային բորսայի նախագահը հարկ համարեց արձանագրել նաեւ, որ 10 տարիների ընթացքում Հայաստանում չի հաջողվել ձեւավորել շուկա, օտարերկրյա ներդրումների ծավալը նույնպես Հայաստանում չնչին տոկոս է կազմում։ Ըստ պրն Սանդոյանի՝ մեծ ծավալի օտարերկրյա ներդումներ նկատվել են 97-98 թվականներին, իսկ 1999- 2000-ին տեղի ունեցավ անկում։ Օտարերկրյա ներդրումները, Է. Սանդոյանի հավաստմամբ՝ Հայաստանում ավելի բարձր են, քան Ռուսաստանում, Վրաստանում, Բելառուսում, Ղրղըզստանում, Չինաստանում եւ Իրանում։ Պրն Սանդոյանի կարծիքով՝ բոլոր բնագավառներում էլ այսօր առկա է կոռուպցիան, որից ազատվելու ելքը կամ միակ փրկությունը օտարերկրյա ներդրումներն են։ Է. Սանդոյանը գտնում է, որ կոռուպցիայի արմատը մարդկանց ցածր վճարելու մեջ է, եւ ինչպես նա է ասում՝ ի տարբերություն, պոմիդորի, սուրճի եւ շուկայում վաճառվող այլ մթերքների, որոնք որոշակի գին ունեն, մարդն այսօր գին չունի, քանի որ վճարվում է ոչ թե իր աշխատանքի, այլ ապրանքի դիմաց։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել