Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողը

Հուլիս 04,2001 00:00

Հանուն մարդու իրավունքների Սպառողը սպառե՞լ է համբերությունը Հիմնովին եւ վերջնականապես երջանիկ լինելու համար հայ սպառողն այսօր ունի գրեթե ամեն ինչ՝ այդ իրավունքը պաշտպանելու մասին օրենք ստեղծող տառապյալների ստվար բանակ, որը 6 տարի շարունակ թարգմանում է ռուսաստանյան օրենքի տեքստերը, իր իրավունքները պաշտպանող պետական եւ հասարակական կազմակերպություններ՝ նույնիսկ՝ ըստ սեռային հատկանիշի (ունենք կին սպառողների իրավունքների մասնագիտացված (՞) պաշտպաններ. գրանտներ վատնող (՞) միջազգային եւ տարածքային կազմակերպություններ, օրենքի քարոզիչներ նույնիսկ այն ժամանակ, երբ չկար նախագիծը։ Սպառողների իրավունքների մասին ՀՀ օրենքի նախագիծը հարազատորեն թարգմանված էր ռուսաստանյան օրենքից։ Մինչ նախագիծը կարժանանար քննարկման պատվին, ՌԴ-ն կատարելագործեց օրենքը։ Ինչպիսի՞ն է հայկական պիտակավորմամբ ռուսաստանյան օրենքի թարգմանությունը։ Ռուսաստանյան օրենքը բարեխղճորեն թարգմանել-պատճենահանելիս, նույն բարեխղճությամբ պատճենահանվել են նաեւ բոլոր թերությունները։ Խրթին թարգմանությունները, ռուսաբանությունները զբաղեցրել են ստվարածավալ օրենքի էջերը։ Օրինակ. «Սպառողն իրավունք ունի այն բանի, որպեսզի ապրանքը…» (հոդված 8)։ Կամ՝ «… Սպառողին վերադարձված կատարված աշխատանքի գինը» (հոդված 30), «Կատարողի կողմից աշխատանքների կատարման… ժամկետների խախտման հետեւանքները» (27 հոդվածի վերնագիրը) եւ այլն։ Օրենքը սկսվում է մի նախադասությամբ, որը բաղկացած է ոչ ավելի, ոչ պակաս՝ 63 բառից։ Օրենքում «բնակեցված» իրավանորմերի մեծ մասը եթերային է, զուրկ կոնկրետությունից, իրավահարաբերությունները կարգավորելու առաքելությունից։ Օրինակ, հոդված 14. «Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը… կրում է օրենքով… նախատեսված պատասխանատվություն»։ Կամ, «Վաճառողի կողմից սպառողների կյանքի, առողջության, գույքի եւ շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման համար վաճառողը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» (հոդված 8)։ Եթե մեկ այլ օրենքով (մասնավորապես ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 30-ից ավելի հոդված ունեցող 60-րդ գլուխը) հստակ է կարգավորվել այդ հարցը, ինչ իմաստ ունի հենց այնպես, հարեւանցիորեն գրել (եւ ոչ թե կարգավորել) այդ մասին եւ այն էլ՝ կես էջ։ Կամ, նույն հոդվածի 5-րդ կետը. «… սպառողի պահանջները ենթակա են բավարարման վաճառողի կողմից՝ կամավոր կամ դատական կարգով»։ Կամ, «Վաճառողը… պարտավոր է սպառողից ընդունել ոչ պատշաճ որակի ապրանքը, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել ապրանքի որակի ստուգում։ Սպառողն իրավունք ունի մասնակցել ապրանքի որակի ստուգմանը» (հոդված 17, կետ 5)։ Իսկ եթե արգելո՞ւմ են մասնակցել… Ի՞նչ է տալիս իրավունքի նման դեկլարատիվ կարգավորումը։ Հաշվի չի առնվել Քաղաքացիական օրենսգրքի, մասնավորապես կապալի (գլուխ 37, 700-766 հոդվածներ), ծառայությունների վճարովի մատուցում (գլուխ 39, 777-781 հոդվածներ), կոմիսիա (գլուխ 41, 791-806 հոդվածներ) եւ այլ դրույթներ։ Քաղաքացիական օրենսգիրքը եւ խնդրո առարկա օրենքը, մեղմ ասած, «ներշնչված» են տարբեր երկրների նույնանուն (բայց ոչ նույնաբովանդակ) իրավական ակտերից։ Հետեւաբար, օրինաչափ է (եւ անխուսափելի) նշված երկու իրավական ակտերի անհամապատասխանությունը։ Մեկ նկատառում. ճի՞շտ է սպառողի իրավունքների մասին օրենքի նախագծի մշակումը հանձնարարել միայն մի մարմնի՝ Ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչությանը, որն ունի ծառայողական բարձր շահագրգռություն այդ բնագավառում (հետեւաբար, նաեւ օրենքի դրույթների ձեւակերպման մեջ)։ Վարչությունը, փաստորեն, այդ բնագավառում հսկողություն իրականացնելու մենաշնորհ ունի՝ այստեղից բխող բոլոր կազմակերպչական, իրավական, բարոյական, քրեածին հետեւանքներով։ Ի դեպ, ռուսաստանյան օրենքը շուտով կունենա երրորդ տարբերակը. գուցե ավելի լավ կլիներ սպասեինք նրանց նորին, կատարելագործվածին։ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ «Օգոստոսի 23, ազգային դաշինք» Իրավապաշտպան միության նախագահ, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել