Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս տասը տարի առաջ քանդակագործ Մարիամ Հակոբյանը Հայաստանում փոքր չափի բրոնզե քանդակի սիմպոզիում կ

Հուլիս 04,2001 00:00

Սիմպոզիումն ավարտվեց Դեռեւս տասը տարի առաջ քանդակագործ Մարիամ Հակոբյանը Հայաստանում փոքր չափի բրոնզե քանդակի սիմպոզիում կազմակերպելու առաջարկով դիմել էր «Հայէլեկտրամեքենա» գործարանի նախկին տնօրեն Կարեն Դեմիրճյանին։ Վերջինս հավանություն էր տվել ծրագրին, սակայն սկսվել էին հանրապետության համար դժվարին տարիները եւ գործարանի աշխատանքը գրեթե կանգ էր առել, ուստի սիմպոզիումի մասին մտածելն անգամ անիմաստ էր դարձել, իսկ երբ կրկին հնարավոր էր դարձել ծրագրի իրականացումը, ցավոք, չկար այլեւս իմաստուն այրը՝ Կարեն Դեմիրճյանը։ Այս տարի Մարիամ Հակոբյանը, ստանալով «Արազա» հասարակական-բարեգործական կազմակերպության աջակցությունը, կրկին դիմեց գործարանի տնօրինությանը, որը զգալով գործի կարեւորությունը եւ հարգելով նախկին տնօրենի՝ Դեմիրճյանի հիշատակը, փորձեց իրականացնել նրա կողմից հավանության արժանացած ծրագիրը։ Սիմպոզիումի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր արվեստագետ կարճ ժամանակահատվածում կարողանա տրված թեմայով ստեղծագործել եւ ստեղծել մնայուն արժեքներ։ Սիմպոզիումին մասնակցել է տասներկու քանդակագործ, հայ արդի քանդակագործության առաջատարներ։ Դրանք հատկապես այն արվեստագետներն են, որոնք մասնակցել են Իտալիայի Ռավեննա քաղաքի Դանթեի կենտրոնում երկու տարին մեկ անցկացվող բիենալեներին եւ արժանացել են խստապահանջ հանձնաժողովի մրցանակներին եւ պարգեւներին։ Սիմպոզիումի աշխատանքները շարունակվեցին մոտ երկու ամիս, իսկ հունիսի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց փոքր ծավալի բրոնզե քանդակի Հայաստանում առաջին սիմպոզիումի եզրափակիչ ցուցահանդեսը, ուր ներկայացված են մոտ 70 աշխատանքներ, որոնք բոլորն էլ կատարված են պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, մեծ վարպետությամբ։ Երկու ամսվա ընթացքում ստեղծվել են գործեր, որոնք աչքի են ընկնում ինքնատիպությամբ, ասելիքի թարմությամբ։ Այդ աշխատանքները վաղը անկասկած իրենց արժանի տեղը կգտնեն ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների թանգարաններում եւ մասնավոր հավաքածոներում։ Այս ցուցահանդեսը գալիս է հաստատելու, որ այսօր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ Երեւանում ապրում եւ ստեղծագործում են արվեստագետներ, որոնք կարող են իրագործել ցանկացած դժվարին պատվեր։ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել