Լրահոս
Օրվա լրահոսը

Գլոբալիզացիայից,

Հուլիս 20,2001 00:00

ԱՋԱԲՍԱՆԴԱԼ Գլոբալիզացիայից, մարմնավաճառներից ու գեղջուկի երգից Պարզվում է՝ մեր մշակույթի գլխին կախված ամենամեծ սպառնալիքը գլոբալիզացիան է։ Թերեւս, այս եզրահանգմանը կարելի էր գալ՝ ունկնդրելով «Հայաստանի զարգացման ուրվագծերը։ Մշակույթ» սեմինարի (նախաձեռնող՝ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ») ընթացքում հնչած ելույթները, մտահոգությունները։ Մոտ 4 ժամ տեւած սեմինարի ընթացքում, որին մասնակցում էին մշակույթի անվանի գործիչներ, պատգամավորներ, «ԳԽ ակումբի» անդամներ, արծարծվեցին Հայաստանի մշակութային կյանքին առնչվող կամ դրա հետ բոլորովին եզր չունեցող համամարդկային ու դարակազմիկ հարցեր։ Օրվա բանախոսը ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանն էր, որն իր ելույթը սկսեց ու վերջացրեց միշտ հրատապ ու միշտ անպատասխան «Ո՞վ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում» խոհափիլիսոփայական մտորումների ծուղակը գցող հարցերով։ Քիչ ավելի ուշ պարզ դարձավ, որ պրն Եղիազարյանին հուզում է գլոբալիզացիան, որը որակվեց որպես «մեկ մշակույթի փաթաթումը մյուսների վզին»։ Ու որպեսզի գլոբալիզացիան ներկաները շատ ավելի կոնկրետ ընկալեն, նա առաջարկեց. «Մեկ շաբաթ դիտեք բոլոր հեռուստաալիքները։ Ֆիլմերի մեծ մասն ամերիկյան է։ Ամերիկյան կինոն գրավել է շուկան, բոլոր մնացած ֆիլմերը դուրս են մղվել։ Սա է գլոբալիզացիան։ Մենք կարո՞ղ ենք դիմանալ։ Թող Չալդրանյանը՝ 5 տարին մեկ, մյուսները՝ 10 տարին մեկ մի ֆիլմ նկարեն, հետո ի՞նչ։ Չենք կարող դեմն առնել։ Իսկ կինոն այդ 1,5-2 ժամը չի, կինոն կենցաղ, սովորույթ, մշակույթ է բերում։ Կամ երաժշտությունը։ Ամեն տեղ հնչում է նույն ոճը, նույն հոլովակներն են։ Հեռուստատեսությունը դարձել է գլոբալիզացիայի ամենահզոր զենքը։ Ազգային արժեքները սկսել են տեղի տալ»։ Ապա բերեց Ֆրանսիայի օրինակը, որտեղ գլոբալիզացիայի ամենակուլ հեղեղին դիմադրելու համար հատուկ օրենք են մշակել, որը կարգավորում է, թե քանի ֆրանսիական ֆիլմ պետք է ցուցադրվի եւ քանի ամերիկյան։ Հետո Ֆրանսիայից վերադարձավ Հայաստան, նկատելով, որ Հայաստանի դատարկման պատճառներից մեկը «ոգու կորուստն» է. «Մշակութային միջավայրը ոչնչացվեց, քայքայվեց անկախության առաջին տարիներին։ Մշակույթը մեր պետության քաղաքականության մեջ երրորդական, չորրորդական տեղ է գրավում»։ Այս ամենից հետո անդրադարձավ մեր մեծերի հոբելյանները նշելու ձեւին ու կարգին եւ ինքնաքննադատորեն ասաց. «Ես էլ եմ շատ հոբելյանական հանձնաժողովների անդամ, բայց իմ մեջ տպավորություն կա, որ այդ հոբելյանները նշելը ձեւական բան է դարձել։ Իսահակյանի 125-ամյակին ո՛չ նախագահը եկավ, ո՛չ վարչապետը։ Ժամանակի խնդիր չէ, քաղաքականություն է»։ Ճիշտ է, շատ ավելի ուշ, երբ Սունդուկյանի թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանին խոսքը հասավ, նա նշեց. «Հոբելյանների հաջողությունը կախված է նրանից, թե ո՞վ եւ ինչպե՞ս է անում»։ Եվ բոլորը միանգամից, ոչ առանց Վ. Շահվերդյանի օգնության, մտաբերեցին Սունդուկյան թատրոնում նշված Փարաջանովի եւ Մետաքսյա Սիմոնյանի հոբելյանական երեկոները, որոնք կատարման եւ մատուցման մակարդակով բավական բարձր էին եւ լիովին արդարացրել էին «հոբելյանական տոնակատարության» ճշմարիտ եւ սկզբնական իմաստը։ Որպես «հակառակ կողմ», որը պիտի ապացուցեր բերված հարցադրումների հիմնական մեխ հանդիսացող «մշակութային քաղաքականություն չկա» որակավորման սխալ լինելը եւ պնդեր ու ցույց տար, որ ՀՀ-ում լա՛վ էլ մշակույթ ու մշակութային քաղաքականություն կա, լա՛վ էլ աշխատող նախարարություն կա, հանդես եկավ ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը։ Վերջինս համաձայնեց այն պնդմանը, որ անկախության առաջին տարիներին հանրապետությունում մշակութային քաղաքականությունը ծանր վիճակում է եղել, որն ուներ իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները։ Սակայն հիմա բավականին բան է փոխվել. «Ուղղակի երբեմն նախարարության խնդիրը ճիշտ չեք պատկերացնում։ Նախարարությունը միջոցառումներ իրականացնող չի, այլ՝ քաղաքականություն։ Մենք պետք է կարգավորենք մշակույթին առնչվող օրենսդրական-նորմատիվային դաշտը։ Ցանկացած հայեցակարգ միանգամից չի ծնվում, յուրաքանչյուր օրենք եւ հայեցակարգ ժամանակ է պահանջում»։ Արդեն կառավարությունը հաստատել է, եւ հիմա ԱԺ-ում է գտնվում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքը, որի ընդունումից հետո պետական մշակութային քաղաքականությունը կկազմակերպվի մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման պետական ծրագրերով։ Այսօր գոյություն ունեն մշակութային գործունեության առանձին ոլորտներ կարգավորող ինքնուրույն մեխանիզմներ, միմյանցից լրիվ տարբեր, ուստի, նախարարությունը, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի ընդունումից հետո, հանձն է առնելու կարգավորել մշակույթին առնչվող ողջ օրենսդրական դաշտը։ Այս խիստ կարեւոր խնդիրների մասին խոսելուց հետո, պրն Արիստակեսյանը շա՜տ մանրամասն ներկայացրեց պետական մշակութային քաղաքականության սկզբունքները, որից հետո մեր մի քանի մշակութային գործիչներ նյարդայնացած գլուխներն էին քորում։ Փոխարենը, երբ ԱԺ պատգամավոր, Կինոգործիչների միության նախագահ Սերիկ Իսրայելյանը սկսեց խոսել ոչ միայն մշակույթի խնդիրներից ու «բոբո» գլոբալիզացիայից, այլեւ՝ այն մասին, որ «Երեւանում երբեք էսպիսի պոռնիկանոց չի եղել։ Ժամը 7-ին եկեք, նայեք Գրողների միության շենքի առջեւ։ Ես մեկ-մեկ գալիս-նայում եմ, բայց չեմ օգտվում», եւ երբ ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը հիացավ՝ ի՜նչ լավ ա, տեղն ասացիր, ավելացրեց, թե՝ «ես շատ հասցեներ գիտեմ, կասեմ», բոլորն ուրախ էին, երջանիկ ու բախտավոր։ Համենայն դեպս՝ նրանց շողշողուն դեմքերն ու քա՜հ-քա՜հ ծիծաղն այդ էին ապացուցում։ Ելույթ ունեցողներից շատերը դժգոհում էին ոչ միայն գլոբալիզացիայից, այլեւ պրն Արիստակեսյանի ակնհայտ եվրոպամետ կեցվածքից։ Դժգոհությունների աբսուրդը հասավ այնտեղ, որ ելույթ ունեցողներից մեկը, որը չներկայացավ՝ ըստ երեւույթին, կարծելով, թե խիստ հանրաճանաչ է, բորբոքված հայտարարեց, որ լսելով Կ. Արիստակեսյանի ելույթը, հասկացավ, որ եվրոպականությունը մտել է նաեւ մշակույթի նախարարություն։ Ու այդ հասկանալով, խեղճ մարդու «ջանը սրթսրթացել է»։ Հետո էլ համոզում էր, թե եվրոպական մշակույթի վիճակը շատ վատ է։ Իսկ վերջին ակորդը ամենացնցողն էր. «Մենք՝ հայերս, ոչինչ չունենք ստանալու Եվրոպայից, թող անգլիացիները գան մեզ մոտ վերապատրաստվեն։ Ամո՛թ է։ Հայ բնիկ մշակույթը, հայ գեղջուկ երգը… հայ հարսանիք անողի ու հայ ծնունդ անողի մոտ պետք է գան վերապատրաստվելու»։ Ապա, մի կողմ թողնելով բոլոր մնացած խնդիրները, պնդեց, թե «մեր խնդիրն է՝ մշակույթի պաշտպանության հարցում մոռանալ Եվրոպան»։ Հետո ցավ հայտնեց մշակույթի նախարարի համար, որը շուտ մոռացավ, որ ինքը գյուղացի է, թալինցի ու դաշնակցական, եւ աչքերը հառեց Եվրոպային։ Լավ է միայն, բոլորը չէ, որ այդ կերպ էին մտածում։ Ալեքսանդր Գրիգորյանը, Վահե Շահվերդյանը, Գառնիկ Իսագուլյանն իրենց խոսքերում քանիցս շեշտեցին, որ թեեւ ոչ ոք չի կասկածում հայ մշակույթի բարձրությանը, հնությանն ու կատարելությանը, բայց մենք Եվրոպայից էլ, Ամերիկայից էլ, ողջ աշխարհից էլ սովորելու բան ունենք։ «Ինչո՞ւ եք վախենում գլոբալիզացիայից, ինչո՞ւ եք ուզում պարփակվել ինքներդ ձեր մեջ։ Ոչ ոք չի ասում, որ պետք է ազգայինը մոռանալ։ Աշխարհին պետք չէ հակադրվել, պետք է ուղղակի համընթաց քայլել աշխարհի հետ, գնալ առաջ»,- խորհուրդ տվեց Գ. Իսագուլյանը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել