Լրահոս
Օրվա լրահոսը

Այն

Հուլիս 21,2001 00:00

ՎԱՐԴԱՎԱՌ Այն ժամանակներից առաջ էլ, երբ օտար սիրո օտար ուսուցիչները փորձեցին մեզ սիրել սովորեցնել, հայը սիրո աստվածություն ուներ, որն է՝ Աստղիկ դիցուհին: Նրան նվիրված մեհյաններում ժամանակին հայը սիրո հայոց դասեր էր առնում, սովորում էր սիրել այնպես, ինչպես իր նախնիքն են սիրել ու ինչպես իր տեսակն է թելադրում։ Դիցուհին ու արարչական այն որակը, որը նա է մարմնավորում՝ համատիեզերական սերը այնքան հոգեհարազատ է եղել հային, որ նա դիցուհուն եւ սիրուն նվիրված տոն է ունեցել՝ Վարդավառ անունով (բառը նշանակում է աստվածային սիրով վառվել, օծվել)։ Տոնը հազարամյակների խորքերից եկել-հասել է մեզ։ Նշանակում է, այսօրվա հայն էլ, թեկուզեւ ոչ այն ուժգնությամբ ու խորհրդապաշտական հզորությամբ, ինչ իր նախնիք, ապրում է այն սերը, որն Աստղիկ դիցուհին է մարմնավորում եւ ամեն տարի՝ Վարդավառին նորոգում այն իր մեջ։ Տոնը մեծ խորհուրդ ունի, արտահայտում է աստվածային սերը, բացարձակ անհուն, մաքրագործող, սկիզբն ամեն արարումի, ստեղծումի, կյանքի, հիմքն ամեն զոհաբերումի, ոգեղենացումի, ինքնակատարելագործման, հավերժացումի, այն սերը, որը հայրենիքի պաշտպանության պատվարն է, սերնդատվության խորհուրդը, հարազատության երաշխավորը, ուժի ակունքը… Վարդավառյան սիրուն խորթ է շնությունը, սեռագարությունը, անձնապաշտությունը, րոպեական հաճույքի մոլուցքը, մերկությունը. այն ոգեղեն, սրբազան, հավերժին միտված խորհրդապաշտությամբ առլեցուն սեր է։ Հենց դրանով է այն հայի մեջ հասել աստվածային պաշտամունքի աստիճանի… Աստղիկյան սիրուն խորթ է նաեւ մեղկ, թուլամորթ, աղաչական սերը, այն անպատկերացնելի է առանց իր երկվության՝ ուժի ու զորության, որի մարմնացումն է Վահագն աստվածը։ Ըստ հայկական դիցըմբռնման, Աստղիկի սիրո աղբյուրը Վահագն է՝ ուժի, զորության ու հաղթության աստվածը, ինչպես եւ հակառակը։ Վահագնի ուժի զորության աղբյուրն էլ Աստղիկն է։ Այդ միասնությունն ասում է նաեւ այն մասին, որ ուժն առանց սիրո կործանող է, իսկ սերն առանց ուժի՝ կործանվող։ Վարդավառյան արարողակարգի կարեւոր բաղադրիչն է ջրօծումը եւ ապա՝ այն մարդկանց վրա շաղ տալը։ Վարդավառի ջրախաղին մասնակցում են բոլորը, այդ օրը «թրջվելը» օրենք է, որի խորհրդապաշտական իմաստը աստղիկյան սեր, կենսասիրություն, գեղեցկություն, «ջրի պես երկար արեւ»՝ թրջվողին ցանկանալն է։ Բնական է, որ ի վերուստ բնապաշտ ազգի համար տարվա մեջ մեկ օր բնական տարերքներից մեկի՝ ջրի նկատմամբ իր պաշտամունքային վերաբերմունքի արտահայտությունը պետք է անխուսափելի լիներ։ Վերջին տարիներին մեզանում կրկին գլուխ բարձրացրած ինքնասպան ատելության պարագայում, սիրահարույց տոնի ու մեզանում նրա կենսատու խորհուրդների վերահաստատման նշանակությունն անչափ կարեւորվում է։ Ուստի, եկեք Վարդավառով ջրցողենք մեր մեջ Աստվածային Սերը, իրար նայենք, իրար ժպտանք, իրար հետ խաղանք, սուրբ վարդաջրով իրար ջրենք, իրար բաշխենք սերը մեր հոգու, իրար գտնենք ու նորոգվենք Աստղիկի սիրով։ Ս. Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Իմաստասիրական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել