Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ, հետեւելով ակինների «ինչ հիշեմ, այդ մասին երգում եմ» պատվիրանին, վերադառնամ 1988 թվականի նմուշի

Օգոստոս 02,2001 00:00

ԹՌՈՒՑԿԱԺՈՂՈՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ Այժմ, հետեւելով ակինների «ինչ հիշեմ, այդ մասին երգում եմ» պատվիրանին, վերադառնամ 1988 թվականի նմուշի իմ թերթին: Այդ ժամանակ «Իզվեստիան»՝ «Մոսկովսկիե նովոստիից» հետո երկրորդն էր՝ բավականին լիարժեք եւ ճշմարտացի լուսաբանելով իրադարձությունները (պարտադիր չէ, որ մեր օգտին): Տպագրվեցին Ռուսլան Լինեւի, Սերգեյ Դարդիկինի, Պավել Գուտիոնտովի նյութերը: Այստեղ կարեւոր է նաեւ այն, որ կատարվածի հանդեպ անաչառությունը մեծանում էր նյութի ստորագրության՝ ռուսական ազգանվան հաշվին: Դա հասկանում էին նաեւ խմբագրությունում, ուստի սեփական թղթակիցների նյութերը բազմիցս հավելում էին Մոսկվայի սեփական թղթակիցների մասնակցությամբ: Այնուամենայնիվ, հասարակության գիտակցության մեջ առաջվա պես գերակշռում էր այն կարծիքը, որ մոսկովյան չարանենգ խմբագրությունները Կրեմլի դուդուկի տակ են պարում: Սակայն դա այդպես չէր: Օրինակ, «Իզվեստիայում» Ղարաբաղում կատարվածը առաջին հերթին փորձեցին իմաստավորել՝ շրջանցելով կառավարական հրահանգները: Միտքս հիմնավորելու համար կառաջարկեմ 1988 թվականի մարտի 30-ի (N872) խմբագրական թռուցկաժողովների սղագրությունը: Դա, իմ կարծիքով, թույլ կտա գաղափար կազմել, թե ով, ինչպես եւ ինչու էր վերաբերվում «Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին եւ դրա շուրջ»: Եվ այսպես, խոսքը տրվում է հերթապահ քննադատ Էլլա Մերկելին. – Մենք լուսաբանել ենք այս թեման ավելի համարձակ, քան մնացած թերթերը: Հայաստանից եկած հաղորդագրություններն ավելի մանրամասն էին եւ էմոցիոնալ, քան Ադրբեջանից: Չգիտեմ՝ քաղաքականությո՞ւն է դա, թե՞ հեղինակների հնարավորությունների դրսեւորում: Արժանի է հիշատակման նաեւ այն, որ սկզբնական շրջանում խմբագրությունը զերծ էր պահում Ս. Բաբլումյանին եւ Կովկաս ուղարկեց միանգամից երեք սեփական թղթակից՝ Ռ. Լինեւին, Ս. Դարդիկինին, Պ. Գուտիոնտովին: Բացի մարդկային մանրամասներից եւ լրագրողական անաչառությունից, նրանց օրագրում տեղ են գտել նաեւ կասկածներ եւ շփոթ: Ցավը կիսելու ունակությունը մեր հրապարակումների գլխավոր արժանիքն է: Այդ պատճառով էլ միանգամայն բնական ստացվեց «Իզվեստիայի» էջերում տեղ գտած ռուսական մշակույթի գործիչների մի խմբի նամակը, որը լի էր սարսափով թափված արյունից («Թող լսվի մեր ընկերական ձայնը» N85): Շնորհակալ ենք դրա համար Նելլի Իսմայիլովային: Մենք չամաչեցինք անկեղծ խոսել Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին, որը փորձում էր բացատրել իրադարձությունները արտասահմանի նյութած դավերով: Գրում էինք նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի ճնշման մասին: Ուրեմն, ինչո՞ւ, հաշվի առնելով մեր անկողմնակալությունը, հայերը թշնամացան կենտրոնական մամուլի, «Իզվեստիայի» նկատմամբ: Ինչո՞ւ են կարծում, որ լրագրողները, այդ թվում, ցավոք, նաեւ մենք, ժողովրդի մասին աղավաղված կարծիք են ստեղծում: Ես կարտահայտեմ իմ, զուտ անձնական ենթադրությունները եւ գնահատականները: Մենք լռում ենք պատմության մասին: Միայն մեկ անգամ Մ. Ուլյանովի վերոհիշյալ նամակի մեջ, այն էլ՝ բացասական երանգով, ասվում է. «Այժմ դժվար թե ժամանակն է պատմության մեջ մեղավորներ փնտրել, քանդել պատճառների եւ հետեւանքների դժվարին շղթան8230»: Ես այդպես չեմ մտածում, պատմությանը վերադառնալը շատ բաներ այլ կերպ կբացատրեր լայն հասարակայնությանը, երկրորդն էլ՝ հայերը համոզմունք չէին ունենա, որ իրենց միտումնավոր որպես հանգիստը խանգարող ծայրահեղականներ են ներկայացնում, եւ հասարակական կարծիքը այդ աստիճանի չէր գրգռվի: Վստահ եմ, որ դա կարելի է անել ե՛ւ զուսպ, ե՛ւ համոզիչ կերպով: Հարկ չկար ամեն ինչի պատճառները սոցիալ-մշակութային մթնոլորտի հետամնացությանը եւ Հայաստանի հետ հոգեւոր կապերի արհեստականորեն խզելուն հանգեցնել: Դա ճշմարտություն է կիսով չափ, քանզի ամեն ինչ մեկ տասնամյակի ընթացքում չի առաջացել, եւ պատճառը միայն այն չէ, որ վերակառուցումը թույլ տվեց խոսել եւ գործել: Այն թույլ տվեց խոսել չսպիացած վերքերի մասին՝ ահա թե ինչի մասին ենք մենք լռում: Չէ՞ որ չի կարելի երկու իրադարձություն թաքցնել ընթերցողից, հատկապես՝ երիտասարդ ընթերցողից: Առաջինը: Լեռնային Ղարաբաղը ոչ միայն տարածք է հայկական գերակշռող բնակչությամբ, դա հայկական մշակույթի օրրանն է, դա նրանց Նովգորոդն է, Վլադիմիրն է: Այն Ստալինի եւ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Նարիմանովի կամքով 1923 թվականին մեկ օրում դարձվեց ինքնավար մարզ՝ Ադրբեջանի կազմում, թեպետ մինչ այդ Ռուսաստանի Կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության Կենտկոմի Կովկասի բյուրոյի որոշմամբ Ղարաբաղն արդեն միացած էր Սովետական Հայաստանին: Հայերը դա հաստատ գիտեն: Երկրորդը: 1915 թ. թուրքերի՝ երկու մ իլիոն հայերի՝ ազգի կեսի, կոտորածը: Դա ֆաշիզմի նախանշան էր, ֆաշիստական եղեռնի փորձ: Եվ դա ժամանակի առումով այնքան էլ հեռու չէ մեզանից. ոչնչացված են այժմ ապրողների պապերը: Հայաստանում, երեւի, չկա այնպիսի ընտանիք, որին անմիջականորեն չի առնչվել 1915 թվականը: Նկատեք, որ Սումգայիթում պարզապես չէին սպանում՝ այնտեղ օգտվում էին 15 թվի մոլագար մեթոդներից, կրկնել են նույնությամբ: Այն, ինչ կատարվել է այնտեղ, իսկական միջնադար էր: Հսկայական թվով հայեր 15 թվականից հետո փախուստի են դիմել կոտորածներից, նրանք ցրվեցին ամբողջ աշխարհով, ժողովուրդը մեծ սփյուռք ունի, եւ այդ պատճառով է ժողովրդը ուզում հանրապետության սահմաններում միավորվել: Մի՞թե հնարավոր չէ հասկանալ այդ ցանկությունը: Ես հավասարության նշան չեմ դնում ադրբեջանցիների եւ թուրք-ենիչերիների միջեւ: Բայց, լռելով, մենք կամա թե ակամա հենց այդ ենք ակնարկում: Հասկանում եմ հիմնահարցը լուծելու գործնականում ահավոր դժվարությունը, սակայն հասկանում եմ նաեւ, որ կիսատ ճշմարտությունը, մասնակի հրապարակայնությունը դրան ոչ միայն չի նպաստում, այլեւ ճիշտ հակառակը՝ խանգարում է: Եվս մեկ թյուրիմացություն՝ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահությունը կասեցրեց «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, եւ բացատրություն չկա: Օվչիննիկովա Ի., դպրոցների եւ բուհերի բաժին: – Այն օրը, երբ Երեւան հասավ մեր թերթը Ռ. Լինեւի եւ Ս. Դարդիկինի «Հանդիպումներ հանրահավաքից հետո» հոդվածով, ինձ զանգահարեց իմ վաղեմի ակնարկի հերոսուհին ու խնդրեց խոնարհվել հեղինակների եւ խմբագրության առջեւ: Նա ասաց. «Դա ամբողջ ճշմարտությունը չէ, բայց գոնե առաջին քայլն էր այդ ուղղությամբ»: «Պրավդայի» հոդվածից հետո մեր ելույթը նրա շրջապատում ընկալվել էր շնորհակալությամբ: Ստուրուա Մ., «Իզվեստիայի» քաղաքական մեկնաբան: Լեռնային Ղարաբաղի մասին, որ գլխավորն էր ամբողջ շաբաթվա ընթացքում: Ինձ թվում է, թեմայի լուսաբանումը պարտված վիճակ է ստեղծում բոլոր լրագրողների համար, ովքեր անդրադառնում են դրան: Ես լիովին համաձայն եմ Էլլայի հետ, ըստ որի, անկախ ամեն ինչից, մեր թերթը բոլորից լավ հաղթահարեց դժվարությունները եւ դուրս եկավ նվազագույն կորուստներով, որոնք, իհարկե, եղան, բայց դրանցում դժվար է մեղադրել լրագրողներին: Նրանք արեցին հնարավորը: Ղարաբաղի իրադարձությունները կյանքի կոչեցին տեսություն, որը ես կանվանեի վերակառուցման «պատանդացում»: Այս տեսությունը հնչեց Բորոդինի զեկույցում: Հասկանալի է՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները հարված էին վերակառուցմանը: Հասկանալի է՝ վերակառուցմանը հարվածել եւ հարվածելու են բազմաթիվ այլ բացասական երեւույթներ, որ կատարվելու են մեր երկրում: Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է դրանք լռության մատնենք, վախենալով, որ հանկարծ ուրիշ բան կստացվի: Վերակառուցումը դրա համար էլ իրագործվում է, որպեսզի չեզոքացվեն նման երեւույթները: ԼՂ իրադարձությունների բուռն փուլում, իմ կարծիքով, խմբագրության ղեկավարությունը պետք է հրավիրեր բոլոր աշխատակիցներին, ովքեր ներկայացնում են փոքր ազգերը, որպեսզի նրանց միջոցով փորձարկեր թեմային նվիրված հրապարակումները: Հարցն այն է, որ որոշ արտահայտություններ, որ շատ անմեղ են թվում մի ազգի պարագայում, մեկ այլ ազգի դեպքում կարող են պայթուցիկ դառնալ: Ազգային կամերտոնը շատ նուրբ բան է: Բացատրեմ օրինակով: Ես միշտ անհարմար եմ զգում, որ մենք չենք կարողանում առանց քմծիծաղի արտաբերել «խաբարներ» բառը: Նույնիսկ, վերապահում անելով լրագրական ցինիզմի մասին, մենք չենք կարող մոռանալ, թե ինչ է թաքնված այդ բառի ետեւում: Կես դժբախտություն է, երբ այդ բառը գործածում ենք նեղ թերթային շրջանակում: Չնայած՝ չես կարող ասել: Դա հանգեցնում է մեր լսողության բթացմանը: Իսկ դրա միջոցով նաեւ՝ զգացումների եւ գիտակցության ավելի կարեւոր օրգանների: Հարկավոր է ուշադիր լինել այս առումով, եւ հիշենք Լենինի պատգամները: Կոտորսկայա Ս., գիտության բաժնի թղթակից: – Կիսում եմ Էլլա Մաքսովնայի տեսակետները, որոնք նա արտահայտեց Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին: Ընդունելով, որ մեր թերթը մյուսներից լավն է, չեմ հասկանում, թե ինչու տպագրվեց Աշգաբադում ծառայող ադրբեջանցու նամակը: Հնարավոր է՝ նա լավ մարդ է: Բայց դատողություններ անել այն մասին, թե ինչպես են նայում նրան հերթերում, երբ Սումգայիթում անմեղ արյուն թափվեց, ըստ իս, տեղին չէ: Չեմ հասկանում՝ ինչի համար է պետք տպագրել նման նամակներ: Կորնեշով Լ., գլխավոր խմբագրի տեղակալ: – Ղարաբաղյան իրադարձությունները լուրջ մտորումների տեղիք են տալիս: Վատ կլինի, եթե մենք մեզ համար հետեւություններ չանենք: Հարկավոր է զգալիորեն ուժեղացնել ազգային շինարարության հանդեպ ուշադրությունը՝ բաց չթողնելով ո՛չ գլխավոր հարցերը, ո՛չ մեզ երկրորդական թվացող մանրամասները: Օրինակ, այսօրվա համարում տպագրել ենք Տաշքենդի մետրոյի լուսանկարը, իսկ դրանում, իհարկե, ռուս աղջիկ է: Ի՞նչ ենք գրում մենք ինքնավար հանրապետությունների մասին: Շատ քիչ: Մեր թերթից դուրս է մնացել ազգային արվեստի, գրականության վարպետների, հասարակական գործիչների ելույթները: Մենք վատ ենք լուսաբանում ազգային հանրապետություններից Մոսկվա եկող թատրոնների գործունեությունը, արդարանալով, թե դրանց մակարդակը մայրաքաղաքային չէ: Երբ մենք խոսում ենք Ղարաբաղի մասին, պետք է նորովի նայենք ազգային եւ ազգամիջյան հարաբերություններին: Վերջերս իմ հյուրն էր Կիրգիզիայի ժողովրդական դերասան Այսուլու Տոկոմբաեւը եւ պատմում էր, թե ինչ դժվար է աշխատել: Ամեն հանրապետությունում, այդ թվում՝ Ֆրունզեում, կա օպերային թատրոն: Իսկ հանդիսատեսը շատ քիչ է, դահլիճները կիսադատարկ են, այնտեղ նստած են հարբած մարդիկ եւ բեմ են շպրտում նարնջի կեղեւներ: Իսկ Մոսկվա ուղարկվում են հրաշալի զեկույցներ: Կարծում եմ՝ արվեստի, իրավունքի եւ բարոյականության բաժինները շատ լուրջ պետք է մտածեն ազգային մշակույթների խնդիրների լուսաբանման ծրագիր կազմելու ուղղությամբ: Ղարաբաղը ցույց տվեց՝ չի կարելի քամահրել մարդկանց ազգային զգացմունքները: Կարծում եմ՝ Ղարաբաղում կրկնվեց Չեռնոբիլի պատմությունը: Չէր կարելի այդքան լռել: Շվեդիայում մասնակցեցի մոտ տասը ասուլիսի, հանդիպեցի բազմաթիվ լրագրողների եւ ամեն օր նույն հարցն էի տալիս. «Ի՞նչ կնշանակի հրապարակայնություն, եթե ձեր մամուլն այդքան ուշացումով սկսեց գրել Ղարաբաղի մասին»: Լավ էր՝ ես հասցրել էի հանդիպել մեր թղթակիցներին, որոնք նոր էին վերադարձել Բաքվից ու Երեւանից: Կարճ ասած՝ լավ պատրաստված էի: Մեր թերթը մեծ հեղինակություն ունի: «Իզվեստիան» կարդում են չափազանց ուշադիր: Բայց ինձ ասում էին. «Դուք չեք հասկանում մի պարզ բան՝ եթե չունենք ձեր տեղեկատվությունը, օգտվում ենք ԲԻ Բի Սի-ից, «Ամերիկայի ձայնից» եւ, այլ՝ ձեզ ոչ բարեկամ, աղբյուրներից: Եզրակացությունը միակն է: Եթե մենք կողմ ենք վերակառուցմանն ու հրապարակայնությանը, պետք է ցանկացած միջոց ձեռնարկենք, որպեսզի կարեւորագույն տեղեկատվության հարցում մեզ չշրջանցեն: Հակառակ դեպքում՝ մենք տանուլ կտանք այնքան, որ տեւական ժամանակ չենք կարողանա ետ բերել: Եֆիմով Ն., գլխավոր խմբագրի տեղակալ: – Թռուցկաժողովին առաջին հերթին Ղարաբաղից էինք խոսում: Չհավակնելով ամբողջական վերլուծության, կանգ առնեմ երեք եզրակացության վրա: Ինչ-որ մեկն ասաց, թե իրադարձությունները մեզ համար պարտված վիճակ ստեղծեցին: Կարելի է վիճել: Այո, երեւի մենք չափից դուրս երկար լռեցինք: Իհարկե, վիճակը ամենապարզը չէր: Արեւմտյան մամուլում հիմա հաճախ են հարցնում. «Ի՞նչ է սա. ԽՍՀՄ-ում հրապարակայնության փլուզո՞ւմ»: Հարցը միանշանակ չէ: Հիշում եմ՝ Ղարաբաղյան հանրահավաքից մեկ օր առաջ զանգահարեցի Նիկոլայ Եֆիմովին, որպեսզի տեղ պահի ռեպորտաժի համար: Ստացա միանշանակ եւ հստակ հրահանգ՝ այդ մասին չգրել եւ հանրահավաքի չգնալ: Գիշերը զանգահարեց գլխավոր խմբագիրը եւ կարգադրեց ճիշտ հակառակը: Այդպիսի նրբություններ…8230 ՍԵՐԳԵՅ ԲԱԲԼՈՒՄՅԱՆ, «Իզվեստիայի» սեփ. թղթակիցՀատված «Դատեք ինքներդ» գրքից, ներկայացվում է կրճատումներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել