Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե

Օգոստոս 21,2001 00:00

Սրբանալու ամենակարճ ճանապարհը Եթե ամերիկյան «Խաղաղասիրական լուծումներ» հասարակական կազմակերպությունը Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների «OK»-ը ստանա, ապա շատ շուտով Հայաստանի որոշ դպրոցներում կներդրվի նույնանուն («Խաղաղասիրական լուծումներ») ծրագիրը։ Ըստ կազմակերպության ղեկավար Իզրայել Հավքինսի, որը օրերս Երեւանում էր՝ 4-րդ միջազգային խաղաղասիրական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու եւ վերոնշյալ ծրագիրը Հայաստանում ներդնելու «հող ստեղծելու» համար, ծրագրի նպատակը «երեխաների մոտ վաղ տարիքից բնավորության կրթումն է՝ խաղաղասիրական ճիշտ պահելաձեւի դաստիարակությունը»։ Այլ կերպ ասած, ծրագրի նպատակն է՝ «սովորեցնել երեխաներին ինչպես գտնել ընկերներ եւ նրանց պահել մինչեւ վերջ»։ «Խաղաղասիրական լուծումներ» ՀԿ-ն հիմնադրվել է 8 տարի առաջ՝ ԱՄՆ-ում, եւ այսօր նրա կազմում ընդգրկված են ավելի քան 86 հազար կամավորականներ՝ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից։ Ծրագիրը, որ փորձում են ներդնել Հայաստանում, արդեն վաղուց գործում է ԱՄՆ Տեխաս նահանգում եւ Իսրայելում։ Ըստ պրն Հավքինսի. «Ծրագիրն այնքան պարզ է, որ ուսուցիչն ու անգամ ծնողը կարող է կարդալ գիրքն ու սովորեցնել երեխային»։ Ապա «Խաղաղասիրական լուծումների» (այս դեպքում՝ ծրագրի եւ ոչ թե ՀԿ-ի) դերը կարեւորելու ցանկությամբ, պատմեց, որ դալլասցի ուսուցիչները խոստովանում են, որ ծրագրով նախատեսված դասերից հետո մեծ փոփոխություն են տեսնում իրենց աշակերտների մեջ։ Մասնավորապես, ծրագրի առաջին՝ «Մի՛ գողանա» պատվիրանային անունը կրող դասի 6-շաբաթյա ներդրումից հետո, դալլասյան մի դպրոցում գողությունը բացարձակ վերացել է։ Ահա այսպիսի շլացուցիչ հաջողություն։ Բնական է, չէ՞, որ պրն Հավքինսի այս պատմությունից հետո մոտս գլուխ բարձրացրեց ազգային ինքնասիրությունը եւ մի կերպ զսպելով ինձ, որ չբարձրաձայնեմ մտքերս մեր 1700-ամյա քրիստոնեության, աշխարհի ամենաքրիստոնյա եւ, ենթադրաբար ամենաչգողացող, չսպանող ու չշնացող ազգիս մասին, ու վախենալով այդ մտքերիս ենթադրաբար հաջորդող ոչ այնքան շոյիչ պատասխանից, ընդամենը հարցրի. «Ի՞նչ սկզբունքով են ընտրվում այն երկրները, որտեղ ցանկանում եք անցկացնել այդ դասերը»։ Բնականաբար, եւ հուրախություն ինձ, չհետեւեց. «Ընտրում ենք այն երկրները որտեղ ամենաշատ գողերն ու թալանչիներն են» պատասխանը։ Նույնիսկ՝ հակառակը։ Մարդն անկեղծ ասաց, որ առայժմ աշխատել են ԱՄՆ-ում, Իսրայելում, արաբական երկրներում։ Իսկ Հայաստանում հայտնվել են «3-րդ հազարամյակն առանց պատերազմների» միության նախագահ Վ. Վարդանյանի շնորհիվ, որի հետ ծանոթացել են Տեխասում անցկացված Խաղաղասիրական 3-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ։ Դեռ ավելին, պրն Հավքինսը հույս ուներ, որ շուտով Իսրայելի բոլոր դպրոցներում կներդրվի այս ծրագիրը։ Չկարծեք թե խաղաղասերների հույսերն այդքան նեղ շրջանակներում են տեղավորվում. «Մենք հույս ունենք դասավանդել այս ծրագիրը նաեւ մեծահասակներին՝ քաղաքական գործիչներին, պատերազմի առաջնորդներին եւ նրանց, ում ձեռքը ատոմային կոճակի վրա է»։ Մեղքս ինչ թաքցնեմ, այս խոսքերից հետո սկսեց գործել վա՜ռ երեւակայությունս ու աչքերիս առջեւ հայտնվեցին Պուտինը, Բուշը, Ալիեւը, Միլոշեւիչը, Քոչարյանը, բեն Լադենը, Բասաեւը եւ այլոք՝ նստած դպրոցական նստարաններին, սովորելիս «Մի՛ գողանա» դասը. «Սա իմ հեծանիվն է, քոնը չէ, բայց եթե ուզում ես՝ կտամ կքշես…»։ Հայաստանում ծրագիրը ներդնելու առաջին քայլը՝ ուսուցողական եւ գործնական գրքերի թարգմանությունն, արդեն սկսված է։ Դեռ ավելին՝ հայ երեխաներին գողությունից (առայժմ՝ միայն գողությունից) զերծ պահելու ցանկություն ունեցող այս պարոնայք նույնիսկ հանդիպել ու զրուցել են ԱԳՆ եւ ԿԳՆ փոխնախարարների՝ Լեւոն Մկրտչյանի եւ Վարդան Գրիգորյանի հետ։ Լեւոն Մկրտչյանը, բարիդրացիական նկրտումներով տոգորված, հույս է հայտնել ծրագրի իրականացման գործում ներառել նաեւ Ադրբեջանին ու Վրաստանին։ Ճի՛շտ է, հո չե՞նք կարող մենք չգողանալ ու չգողանալ, իսկ նրանք՝ գողանալ ու գողանալ։ Վարդան Գրիգորյանը զգուշություն է ցուցաբերել՝ ասելով, որ սկզբում տեղի փորձագետները կտնտղեն ծրագիրը, ապա նոր կորոշվի՝ կարիք ունե՞ն մեր դպրոցականները «Մի՛ գողացիր» դասն անցնելու, թե՞ առանց դրա էլ սուրբ են։ «Մի գողացիրը» միակ դասը չէ։ Թեեւ «Խաղաղասիրական լուծումները» կրոնական բնույթ չունեցող կազմակերպություն է, բայց նրա գաղափարախոսության հիմնական կետերում ընդգրկված են գրեթե բոլոր դավանանքներում առկա բարոյախրատական դրույթները։ «Մենք պետք է ներառենք ճիշտ պահելաձեւերի բոլոր կանոններն այս ծրագրում։ Պիտի դասավանդվեն այլ օրենքներ եւս՝ նույն ձեւով։ Դասավանդվելու են առանց հավատքի խտրականության, որովհետեւ մենք կրոնական կազմակերպություն չենք»,- նշեց պրն Հավքինսը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031