Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Օգոստոս 24,2001 00:00

«ԳՅՈՒԼԼԵԼՆ Ա ՃԻՇՏ» «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերում բազմաթիվ են այնպիսի վկայությունները, որոնք կարող էին կասկածների կամ մեղադրանքների առիթ դառնալ, ընդ որում՝ շատ անգամ այդ ցուցմունքների հեղինակների կողմից միտումնավորության բացարձակ բացակայության պայմաններում։ 2000 թ. փետրվարի 2-ին հարցաքննության ընթացքում քննիչը Տիգրան Նաղդալյանին հարցնում է. «Այսօր Ձեզ հետ առերես հարցաքննության ժամանակ Ձեր ընկեր, միաժամանակ Ձեր տեղակալ Հարություն Հարությունյանը նշեց եւ պնդեց, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Դուք Ձեր աշխատասենյակում նրա ներկայությամբ Արմեն Արզումանյանին ասել եք, որ վերջինիս անունից ցանկանում եք զանգահարել եւ հեռախոսի մոտ կանչել Ն. Հունանյանին։ Ա. Արզումանյանը հրաժարվել է, իսկ ինքը՝ Հ. Հարությունյանն առաջարկել է այդ բանը, այսինքն՝ Ն. Հունանյանին հեռախոսի մոտ կանչելն իր անունից։ Նույն առերես հարցաքննության ժամանակ Դուք նշեցիք, որ Հ. Հարությունյանի տված այդ ցուցմունքը ո՛չ հաստատում եք, եւ ո՛չ էլ հերքում, ավելացնելով, որ չեք հիշում»։ Շուրջ 2 ժամանոց հարցաքննության արձանագրությունը լեզվակռիվ է հիշեցնում, որում հարցերն ու պատասխաններն անընդհատ կրկնվում են։ «Չեմ հիշում, որովհետեւ նման բան դժվար թե տեղի ունեցած լիներ»,- ասում է Տիգրան Նաղդալյանը, հերքելով Նաիրի Հունանյանի հետ կապվելու եւ խոսելու փաստը։ «Հ. Հարությունյանն այս հարցի հետ կապված Ձեզ զրպարտո՞ւմ է», քննիչի հարցին Նաղդալյանը պատասխանում է, որ չի կարծում, «թե նա ի վիճակի լիներ ինձ զրպարտել, քանի որ մենք իրոք ընկերներ ենք»: Քննիչն ասում է. «Եթե նա Ձեզ չի զրպարտում, ապա Ձեզ առաջարկվում է այդ օրը Ն. Հունանյանի հետ ունեցած Ձեր զրույցի բովանդակության մասին նշել»։ Հետեւում են դարձյալ հերքումները, որ որեւէ հեռախոսազրույց չի եղել։ Քննիչը հիշեցնում է. «Հարություն Հարությունյանը նշել եւ առերես հարցաքննության ժամանակ էլ պնդել է, որ իր անունից Ն. Հունանյանին զանգելու եւ նրան հեռախոսի մոտ կանչելու համաձայնությունը տալուց հետո Ձեզ հարցրել է՝ խոսեցի՞ք Նաիրիի հետ, թե՞ ոչ, որին Դուք պատասխանել եք, որ հեռախոսի մարտկոցը պարպվելու պատճառով խոսակցությունն ընդհատվեց։ Դա նշանակո՞ւմ է, որ Դուք Ն. Հունանյանի հետ խոսել եք»։ Տիգրան Նաղդալյանը պատասխանում է. «Քանի որ ես Նաիրի Հունանյանի հետ հեռախոսազրույց չեմ ունեցել, ապա այն, բնականաբար, չէր էլ կարող ընդհատվել»։ Եվ ամեն ինչ կրկնվում է նորից, որ նման զրույցի մասին չի հիշում, բայց Հարություն Հարությունյանն իրեն զրպարտելու հիմքեր չունի եւ այլն։ Վերջինս այդ շրջանում արդեն իսկ կալանավորված էր եւ գուցե թե այժմ կարդարանա, թե պարտադրված է եղել զրպարտել (եթե, այնուամենայնիվ, զրպարտել է, եւ վերոշարադրյալն իրականում տեղի չի ունեցել)։ Բայց Մուշեղ Մովսիսյանի մասին ներքոշարադրյալ ցուցմունքների բոլոր հեղինակներն ազատության մեջ էին։ Այսպես, Հակոբ Հակոբյանը (14 ընտրատարածք) 1999 թ. նոյեմբերի 5-ի իր ցուցմունքում վկայել է, թե հոկտեմբերի 27-ի ժամը 17.10-17.15-ի արանքում, կրակոցներից մի քանի րոպե առաջ Մուշեղ Մովսիսյանը դահլիճից դուրս էր եկել. «Ես նկատեցի, որ նրա ընդհանուր տեսքն այլայլված, լարված եւ ապուշացած վիճակ էր, մի տեսակ ուռած»։ Մինչդեռ, ըստ այլ ցուցմունքների՝ Մուշեղ Մովսիսյանը հետո փորձել էր այնպես ներկայացնել, թե ինքն իբր սպանությունների ընթացքում գտնվել է դահլիճում։ Այսպես, Սամվել Ավետիսյանը (15 ընտրատարածք) իր ցուցմունքում նշում է. «Դահլիճից փախնողներից եւ ոչ մեկը նրան (Մուշեղ Մովսիսյանին.- Ա. Ի.) չի տեսել իրենց հետ, չնայած որ ընդհանուր խոսակցությունների ժամանակ նա ասել է, որ ինքն էլ է կրակոցներից հետո դահլիճից փախել»։ Բայց առավել հետաքրքրական են Աղասի Արշակյանի ցուցմունքները։ 1999-ի նոյեմբերի 11-ին 8 ժամանոց հարցաքննության ընթացքում պրն Արշակյանն իր ձեռքով գրված ցուցմունքներում մասնավորապես պատմել է իրենց այն հանդիպումների մասին, երբ Մուշեղ Մովսիսյանը երկրի իրավիճակի գլխավոր մեղավոր էր հայտարարում Վազգեն Սարգսյանին. «Ասաց, որ միայն նրա ֆիզիկական ոչնչացմամբ է հնարավոր Հայաստանում կարգ ու կանոն հաստատել»։ Քիչ անց պրն Արշակյանը բացատրում է, թե «երբեք Մուշեղի նման արտահայտությունները լուրջ չեմ ընդունել», եւ դրանք մեկնաբանում է այսպես. «Մուշեղն այն մարդը, քաղաքական գործիչը կամ մասնագետը չէր, որ կարողանար որեւէ լուրջ քննարկման խորապես մասնակցել»։ Ուստի քաղաքական զրույցներում նրա առաջարկած լուծումը՝ երկրի վիճակը փոխելու առումով, դա էր. «Ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի իրական մեղավորը Վազգենն է, եւ որպես ելք նրա ֆիզիկական ոչնչացումն է, կամ՝ «գյուլլելն ա ճիշտ» եւ նման բաներ»։ Աղասի Արշակյանը միշտ նշում է, որ այդ ամենը Մուշեղ Մովսիսյանն ասում էր խմած վիճակում. «Կարծես սեփական՝ օրիգինալ լուծման հեղինակի դերում իրեն պատկերացնելով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031