Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորյան

Օգոստոս 28,2001 00:00

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՏԱՔ ԹԵՄԱՆԵՐԻՑ Վանաձորյան դիտարկումներ Դատաիրավական թեմաները լուսաբանող լրագրողների համար «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ (իրավաբան՝ Դավիթ Խաչատրյան, «Հայոց աշխարհ» օրաթերթի լրագրող՝ Սոնա Տռուզյան, «Առավոտ» օրաթերթից՝ տողերի հեղինակը), որը մշակում է («Քեմոնիքս Ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ) «Մասնագիտական վարքագծի կանոնագիրքը»։ Օգոստոսի 26-ին աշխատանքային խումբը հանդիպեց Վանաձորի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ (մասնավորապես՝ «Լոռի» հեռուստատեսության, «Արմենպրեսի», «Ինտերկապի»), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցի եւ հելսինկյանների հետ։ Ինչպիսի՞ն է վիճակը Լոռու մարզում, մեր գործընկերները տեղյա՞կ են արդյոք, որ մշակվում է կանոնագիրք, տեղյա՞կ են իրենց իրավունքներից, ի՞նչ դժվարությունների են հանդիպում դատաիրավական թեմաները լուսաբանելիս։ Մեր տպավորությամբ պատկերն այսպիսին էր. 1. լրագրողները չգիտեն իրենց իրավունքներն առհասարակ, 2. Վանաձորում չկան մասնագիտացված, այն է՝ զուտ դատաիրավական թեմաներով զբաղվող լրագրողներ, 3. լրագրողներն աշխատում են երբեմն-երբեմն «դատավճիռներով», քաղաքացիների դիմում-բողոքների ետեւից չեն գնում, դատական վեճերին չեն մասնակցում։ Պատճառների մեջ նշվեցին մի քանիսը. 1. «Քրեական գործերի դատաքննություններին չեմ մասնակցում։ Վստահ եմ՝ հետեւիցս կընկնեն։ Մեր քաղաքը փոքր է, շիշկեքը կապված են միմյանց հետ»։ 2. «Չգիտենք, թե որ օրը ինչ նիստ է նշանակված։ Չկա որեւէ ցուցավահանակ (դատարանում), որում նշված լինի դատական նիստերի օրերը»։ 3. «Տեղ չկա։ Դատական նիստերը հրավիրվում են տնակներում։ Օբյեկտիվ պայմանները թույլ են տալիս մանիպուլյացիայի։ Դատավորները շատ հաճախ պատճառաբանում են, որ «դատարանում» տեղ չկա եւ հնարավորություն չկա լրատվամիջոցների գործունեության համար»։ Լրագրող («Արմենպրեսից») Վահագն Անտոնյանն էլ տեղեկացրեց, որ փաստորեն 2 թերթ կա՝ «Լոռու մարզ» եւ «Վանաձորյան խճանկար»։ Եվ «տաք» թեմաների պահանջ էլ այդ թերթերի կողմից չկա։ Նա նույնիսկ հարցրեց. «Պետք ա՞ Վանաձորում լինի դատական լրագրող»։ Տեղեկատվական մատչելիության առումով վանաձորցի լրագրողների մի մասը չէր էլ պատկերացնում, թե դատավորներն ինչ փաստաթղթեր են իրենց տրամադրում։ Լրագրողներից մի քանիսն ասացին, որ անգամ կողմի հայցը չտրամադրվեց փաստաբանին, ուր մնաց թե իրենց, իսկ մի լրագրող էլ համարյա գլուխ գովեց, թե «նիստերի արձանագրություններն էլ է տրամադրվում իրեն»։ Մայրաքաղաքում գործող բազմաթիվ կազմակերպությունների կենտրոնացված գործունեությունը աչքից հեռու է պահել մարզերին։ Այնտեղի լրատվամիջոցները երազում են գոնե մեկ սեմինար, գոնե մեկ մասնագիտական գրքույկ, գոնե մեկ հանդիպում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Աշխուժություն նկատվեց հատկապես այն ժամանակ, երբ դատաիրավական լրագրողների համար նախատեսված պարտավորությունները թվարկեցինք, այն է՝ «Լրագրողը պարտավոր է հրաժարվել նվերներից, որոնք տրվում են դատավորի, մեղադրողի, փաստաբանի, տուժողի, հայցվորի, պատասխանողի կողմից»։ Կամ, օրինակ. «Լրագրողը պարտավոր է դատարանում հարգել դատական արարողակարգն արտացոլող խորհրդանիշերը՝ դատավորի թիկնոցը, զինանշանը, պետական դրոշը»։ Հատկապես «Լրագրողը պարտավոր է հարգել այլ ԶԼՄ-ների հեղինակային իրավունքը, առանց դատաիրավական լրագրողի թույլտվության՝ նրա լրագրողական հետաքննություններից, դատական ռեպորտաժներից, կողմերի տրամադրած ապացույցներից հղում չանել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031