Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց

Օգոստոս 29,2001 00:00

«ՄԱՐԴԻԿ ՕՊԵՐԱՅՈՒՄ ԵՐԱԶ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ» Զրույց Փարիզի օպերայի տնօրեն Հյուգ Գալի հետ -Պարոն Գալ, Դուք 15 տարի ղեկավարել եք Ժնեւի Մեծ թատրոնը, իսկ 1995թ. գլխավորում եք Փարիզի ազգային օպերան։ Որո՞նք են ֆրանսիական թատրոնի կառավարման առանձնահատկությունները։ – Երբ ֆրանսիական խոշոր թատրոն ես ղեկավարում, գլխավոր դժվարությունը ֆրանսիացիներին կառավարելն է։ Ես հիանում եմ Ֆրանսիայի ղեկավարներով, անկախ նրանց քաղաքական պատկանելությունից, քանզի ֆրանսիական հասարակության կառավարումն անչափ տարօրինակ առաքելություն է։ Մնացյալ բաներում Փարիզի օպերան մեծ ավանդույթների թատրոն է, որն ունի լավագույն պրոֆեսիոնալ ուժեր, երաժիշտներ, պարողներ, երգիչներ, տեխնիկներ եւ այլն։ Օպերայի երկու շենքերում (Բաստիլ եւ Գարնիե) առկա են զուտ ֆրանսիական հաստատությանը բնորոշ ոճն ու նրբագեղությունը։ – Չե՞ք կարծում, թե Ֆրանսիայում, ի տարբերություն եվրոպական որոշ երկրների, օպերան դեռ մնում է ընտրյալների կամ մեծահասակների բաժինը։ – Չէի ասի։ Այն այլեւս երբեմնի բուրժուական հաստատությունը չէ։ Մեր հանդիսականներն ունեն սոցիալական եւ աշխարհագրական տարբերություններ. 20 տոկոսը գավառացիներ են։ Այսօր մարդիկ գալիս են օպերա, որովհետեւ փնտրում են երազ, զմայլանք։ Օպերան այլեւս հասարակական արարողության վայր չէ։ – Օպերա Գարնիեից հետո դժվար է հարմարվել օպերա Բաստիլի ճարտարապետական հորինվածքին։ Մարզահամալիր հիշեցնող խոշոր դահլիճն առաջացնում է երկու հնարավոր մեկնաբանություն. քնարական արվեստի առեւտրականացման ցանկություն կամ պերճանքին վերջ դնելու ձգտում։ – Օպերա Գարնիեն գլուխգործոց է։ Օպերա Բաստիլի արդիականությունն այն առավել մատչելի է դարձնում մարդկանց, որոնք կամա թե ակամա իրենց օտարված էին զգում Գարնիեի կերտած պալատի շքեղաշուք ծիսակատարությունից։ Ճիշտ է, օպերա Բաստիլն ունի թերություններ, գուցե այնքան էլ ջերմ չէ, բայց առավել հարմար է, քանզի մարդիկ այնտեղ գնում են առանց բարդույթների։ Նաեւ ավելի «ժողովրդավարական» է, քանի որ տեսանելիության եւ լսելիության առումով տեղերը շատ չեն տարբերվում։ – Ո՞րն է բարձրակարգ ներկայացման չափանիշը։ – Ինձ համար առաջնային չափանիշը դիրիժորի որակն է, քանի որ օպերայի մեջ նա տնօրինում է երաժշտական պարտիտուրը։ Եթե բեմադրությունը, բեմահարդարանքը կամ հագուստները չեն շլացնում, ապա կարելի է գոնե փակել աչքերը եւ ըմբոշխնել երաժշտությունը։ – Չնայած ժողովրդական եւ ազգային գործերին տրվող նախապատվությանը, Դուք զգալի տեղ եք հատկացնում նաեւ ժամանակակից գործերին։ Վերջիններս դիտողների թիվն ավելանո՞ւմ է, արդյոք։ – Ժողովրդական գործերն ապահովում են տոմսերի 100 տոկոսանոց վաճառք։ Ինչ վերաբերում է նվազ հայտնի կամ նոր գործերին, վաճառվում է տեղերի մինչեւ 70 տոկոսը, այսինքն՝ 2000 տոմս։ Մարդիկ ավելի ու ավելի են հետաքրքրվում ժամանակակից բեմադրություններով։ – Օպերայի տնօրեն լինելը պահանջում է խստություն, բայց նաեւ զգացմունքայնություն։ Սովորաբար այդ պաշտոնը վստահում են պրոֆեսիոնալ արվեստագետի, բայց Դուք այդպիսին չեք։ Վարիչ-տնօրենի հուզականությունն արդյոք ստորադասվա՞ծ է խստությանը։ – Որեւէ ստորադասում չկա։ Այսօր մեծ օպերաների տնօրեններն ավելի շուտ վարիչներ են, որոնք զուրկ չեն զգայունությունից։ Եթե ընդունում եմ որեւէ երգչի կամ պարողի, պատճառն այն է, որ լսել եմ նրանց երգը կամ դիտել պարը եւ հիացել եմ։ Նույնը կարելի է ասել դիրիժորի մասին։ Տեխնիկապես անթերի կատարումն անբավարար է իմ ընտրության համար։ Նաեւ հուզմունք է հարկավոր։ Չեմ անտեսում նաեւ իմ ընտրության տնտեսական եւ առեւտրային հետեւանքները, որոնք անբաժանելի գործոններ են։ – Ներկա գտնվելով Ձեր թատրոնի Քնարական պատրաստման կենտրոնի սաների համերգին, գնահատեցինք այդ երիտասարդ երգիչների առաջընթացը, որոնց մեջ է սոպրանո Լիանա Հարությունյանը։ Ի՞նչ կասեիք նրա մասին։ – Նա ունի գեղեցիկ եւ հզոր ձայն, հաճելի բնավորություն։ Նրան չենք պահում երկրորդ տարին, քանի որ արդեն ունի կազմավորված ձայն եւ պետք է կարիերա սկսի։ – Հայաստանը եւ Սփյուռքը միջազգային համբավի տեր բազմաթիվ երգիչներ ունեն։ Ո՞րն է Ձեր կարծիքը հայերի երաժշտականության վերաբերյալ։ – Հայերի երաժշտականության որակները զարգացել են ըստ երաժշտական ավանդույթի, որը շատ ամուր է հայկական կրոնական ծեսերում։ Ձեր լեզվի հարստությունը նպաստում է ձայնի բնական դրվածքին։ Վերջին երեք տասնամյակներին ունկնդրել եմ հայ երգիչների, որոնք շատ լավն են։ Տեմբրի ջերմությունը հայերի ձայների գլխավոր հաղթաթղթերից է։ – Ըստ երեւույթին, հավանում եք հայերին։ – Հայերին շատ եմ սիրում, քանի որ խելացի են։ Իմ առաջին հայ բարեկամը Մոսկվայի Մեծ թատրոնի տեխնիկական տնօրենն էր։ Ոչ ոք չգիտեր նրա իսկական անունը եւ նրան կոչում էին Արարատ։ Նա կարճահասակ էր, բայց անչափ խելացի, բարեհոգի եւ շատ մեծ հեղինակություն ուներ։ Բոլոր արվեստակիցներս ճանաչում էին Արարատին։ Նրա շնորհիվ էր, որ Բրեժնեւի օրոք Մեծ թատրոնը Ռոստրոպովիչի հետ Ֆրանսիա եկավ ներկայացնելու «Բորիս Գոդունովը», «Իշխան Իգորը» եւ շատ ուրիշ գլուխգործոցներ։ Նմանապես հիացած եմ Ազնավուրով, որը շատ մեծ արվեստագետ է եւ իմ բարեկամը։ Գուցե կան նաեւ ուրիշ հայ արվեստագետներ, որոնցով հիանում եմ՝ չիմանալով նրանց ծագումը։ Չափազանց լավ հարաբերություններ ունեմ հայ իմպրեսարիո Լեւոն Սայանի հետ, որը մեծ պրոֆեսիոնալ է եւ խոսքի տեր անձնավորություն։ Նաեւ կնքահայրն եմ մի փոքրիկ ֆրանսահայի։ – Սան Ֆրանցիսկոյի օպերան տարեշրջանը բացելու է հայկական «Արշակ Բ» օպերայով։ Բայց ծրագիրն իրականացնելու համար օպերայի ղեկավարությունը մեկ միլիոն դոլար է պահանջել հայ համայնքից։ Եթե մի օր որոշեիք ծրագրում ընդգրկել այդ օպերան, որքա՞ն կպահանջեիք։ – Նախ պետք է ծանոթ լինեմ պարտիտուրին։ Եթե հավանեմ այն եւ համոզված լինեմ, որ տվյալ գործը պետք է բեմադրվի, ապա հայ համայնքի օգնության կարիքը չեմ ունենա։ Ես ավստրիական համայնքից օգնություն չեմ խնդրում, երբ Մոցարտ եմ բեմադրում։ – Կուզենայի՞ք մի օր տեսնել Հայաստանը։ – Կցանկանայի շուտով այնտեղ մեկ նել։ Ասում են, թե ունեք սքանչելի մայրաքաղաք եւ օպերայի գեղեցիկ շենք։ ԱՐՄԻՆԵ ԱԶԻԶՅԱՆ-ԷԼԲԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել