Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի»

Սեպտեմբեր 13,2001 00:00

«Ով որ եփել է բորշչը, թող հիմա էլ ուտի» «ԱրմենՏելի» խոհարար Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ կառավարությանը երիտասարդները երեկ սպառնացին, որ չեն դադարեցրել իրենց պայքարը եւ եթե «ԱրմենՏելի» հարցը չլուծեն, իրենք «դրան ադեկվատ մեր հետագա գործողությունները» կկառուցեն։ Վերջերս ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց արած երիտասարդները հավաստիացրին, որ սուտ են այն լուրերը, թե կառավարության խոստումներին հավատալով՝ երիտասարդներն այլեւս բողոքի ակցիաներ չեն անելու։ Նրանք պարզապես սպասում են մինչեւ հոկտեմբերի 1-ը, որպեսզի տեսնեն, թե ի՞նչ է անելու ՀՀ կառավարությունը։ Եվ եթե վերջինս րոպեավճարը արգելելու իր խոստումը չկատարի, երիտասարդները «վճռական քայլերով ոտքի են կանգնելու եւ պայքարելու են ո՛չ միայն «ԱրմենՏելի» դեմ, այլեւ նրանց, ովքեր իրենց խոստումները չեն կատարում»։ «Կայունություն» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Մենուա Հարությունյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության հետ իրենք «լուրջ տարաձայնություն» ունեն. իրենք ոչ թե պահանջում են րոպեավճար մտցնելը հետաձգել, այլ ընդհանրապես արգելել՝ «գոնե առաջիկա տասը տարվա համար, քանի որ մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ դա մեծ հարված կլինի ժողովրդի աղքատ գրպանին»։ Մենուա Հարությունյանը նաեւ հերքեց այն լուրերը, որ «որոշ քաղաքական ուժեր փորձեցին երիտասարդական ակցիաները օգտագործել իրենց շահերից ելնելով, դա այդպես չէ։ Մենք զուտ ուսանողական միջոցառում կազմակերպեցինք եւ այդպես էլ շարունակելու ենք»։ «Երիտասարդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ցանկացավ խոսել «քաղաքական խնդիրների մասին»։ «Մեր ակցիան ուսանողական էր, բայց կարող է վերածվել քաղաքականի»,- ասաց նա՝ պահանջելով, որ «ԱրմենՏելի» գործարքը ստորագրողները պատասխան տան եւ առաջին հերթին՝ ՀՀ նախագահը։ Բաշխիչ ցանցերի վաճառքի ու մենաշնորհային իրավունքի մասին խոսելուց հետո՝ Վ. Բաբայանը վստահեցրեց, որ իրենք «սուր դիրքորոշում ունեն» այս հարցերում եւ թույլ չեն տա, որ բաշխիչ ցանցերն էլ սեփականաշնորհեն մյուսների նման։ «Առավոտի» հարցին՝ ի՞նչ նկատի ունեն երիտասարդները «վճռական քայլեր» ասելով, Մենուա Հարությունյանը բացատրեց, որ «դասադուլին կհետեւեն ավելի ծայրահեղ քայլեր»։ Ըստ նրա, եթե ՀՀ կառավարությունը դրժի իր երդումը, չարգելի րոպեավճարը, «մեր ժողովուրդն ունի շատ լավ ավանդույթ՝ երդմնազանց մարդկանց պատժում է։ Կառավարության առջեւ կհավաքվի ոչ թե 1500, այլ ավելի շատ ուսանող եւ խոստումը մերժած մարդկանց կպատժի»։ Մեր՝ ինչպե՞ս հարցը այսպիսի պատասխան ստացավ. «5-6 օր ուսանողությունը, ընդհանրական կամքով, դասադուլի կգնա եւ կպայքարի՝ պահանջելով կառավարության հրաժարականը, սա արդեն լուրջ հետեւանքներ կունենա»։ Երիտասարդները վարակիչ լավատեսությամբ համոզում էին, որ իրենց այդ քայլն արդյունավետ կլինի, եւ, որ ընդհանրապես, իրենք մեծ ուժ ունեն։ Ու բոլորս պիտի հասկանանք, որ մեզանից ավելի շատ բան է կախված, քան «երկրի նախագահից ու վարչապետից»։ Երիտասարդները, սակայն, այնքան էլ միահամուռ չեն, քանի որ որոշ բուհերի (ՀՊՃՀ-ի, գյուղակադեմիայի, ԵՊՀ-ի) ղեկավարներն ու ուսխորհուրդները թույլ չէին տվել իրենց ուսանողներին մասնակցել ուսանողների վերջին բողոքի ցույցին։ Անդրադառնալով բողոքի ցույցի դուրս եկածներին պատժելու պետության ավանդական պահվածքին՝ երիտասարդները փոքր-ինչ տարբեր մոտեցումներ արտահայտեցին։ Մենուա Հարությունյանի կարծիքով՝ օրենքը բոլորի համար է եւ, եթե իրենք խախտեն օրենքը կամ Սահմանադրությունը, ասենք՝ չարտոնված երթ անցկացնեն, ապա պետք է պատասխան տան օրենքի առջեւ։ Ուսանողները մինչեւ օրս գործել են օրենքի շրջանակներում եւ ճնշումներ նրանց վրա դեռեւս չեն եղել։ Շատ ավելի իրատես էր Վահան Բաբայանը՝ նկատելով, որ «այնուամենայնիվ, իշխանությունները փորձում են օրենքները իրենց օգտին օգտագործել»։ Կոնկրետ փաստ որպես Արշակ Սադոյանի վերջին ասուլիսը նշելով՝ նա ասաց. «Եթե կիրառվում է ուժ, ուժի դեմ միշտ կիրառվելու է հակաուժ եւ ժողովուրդը երբեք չի մոռանում ու գլուխը իջեցնում»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել