Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միանում է Արցախին

Հոկտեմբեր 02,2001 00:00

ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ Հայաստանը միանում է Արցախին ԼՂՀ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղ հասնելու համար մի երկար ու քարքարոտ ճանապարհ պետք է կտրել։ Ընդամենը 290 մարդ է ապրում բարձր լեռներում կորած 400 տարվա պատմություն ունեցող այս փոքրիկ գյուղում։ Սակայն սղնախցի տատիկի վկայությամբ՝ ոչ մի երիտասարդ գյուղից չի գնացել։ Գյուղում 70 ընտանիք է ապրում եւ երիտասարդ ընտանիքները բավականին շատ են։ Սղնախի ջրամատակարարման համակարգի հանդիսավոր բացմանը շաբաթ օրը գրեթե ողջ գյուղը հավաքվել էր։ Գերմանահայ համայնքի աջակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած աշխատանքի շնորհիվ ջուրը ոչ միայն գյուղ է հասցվել, այլեւ՝ յուրաքանչյուր տուն։ Կառուցվել է 3 կմ մայր ջրատար, ջրահավաք ավազան, 150 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրամբար եւ 4 կմ ներքին բաշխման ցանց։ Գերմանահայ համայնքի ներկայացուցիչը՝ Ռուբեն Վասիլյանը սղնախցիներին խնդրեց, որ խնամքով պահեն ջրամատակարարման համակարգը, քանի որ «նորոգելու կամ նոր պատրաստելու հնարավորությունը, չեմ կարծում, թե նորից ունենանք»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի վկայությամբ՝ գերմանահայ համայնքը հայկական հարուստ համայնքներից չէ, մեծահարուստներ չկան եւ համայնքն էլ բավականին ցրված է երկրով մեկ, բայց կարողացել են հավաքվել ու Ղարաբաղին օգնելու հարցում իրենց ներդրումն ունենալ։ Ծրագիրն արժեցել է 95, 922 ԱՄՆ դոլար։ Իսկ կատարված աշխատանքի որակից պարոն Վասիլյանը շատ գոհ էր։ Սղնախում շուրջօրյա էլեկտրամատակարարում կա։ Ձմռանը տները տաքացնում են փայտի վառարաններով։ Մինչեւ ջրամատակարարման համակարգ կառուցելը, ջուրը, սղնախցիների վկայությամբ՝ «շալակով էին բերում»։ «Մեր համար ջուրը բերել են, հիմա էլ ճանապարհը պիտի սարքեն, ոչ ոք էլ չի գնա գյուղից ոչ մի տեղ»,- սղնախցի տատի այս լավատեսությունը նաեւ քեզ է փոխանցվում, մանավանդ, երբ տեսնում ես, թե ինչքան շատ են ջահել հարսների գրկների մանչուկները։ Գյուղի ծերերը դժգոհ չեն իրենց կյանքից, բայց ասում են, որ կոլխոզների ժամանակ ավելի լավ էր, քան հիմա, երբ հողը սեփականաշնորհել են։ Գյուղ տանող ճանապարհն էլ որ կառուցեն, գյուղացիների հոգսերն ավելի կթեթեւանան։ Սակայն այս անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այլ ճանապարհի բացում էր անում։ Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոններից գոյացած միջոցներով կառուցվող «Հյուսիս-Հարավ» 170 կիլոմետրանոց մայրուղու 30 կիլոմետրանոց ընդհանուր երկարությամբ երկու հատվածների հանդիսավոր բացման առիթով ԼՂՀ էին մեկնել սփյուռքահայեր, հիմնադրամի ղեկավարությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու լրագրողներ՝ ոչ միայն Հայաստանից, այլեւ Սփյուռքից։ ԼՂՀ-ի շրջաններն իրար կապող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հյուսիսային ուղղությամբ կառուցված «Դաշբուլաղ-Կիչան» եւ հարավային ուղղությամբ՝ «Կարմիր շուկա-Դրախտիկ» հատվածներով երթեւեկելիս ավելի իրական ես պատկերացնում «Հյուսիս-Հարավ» մայրուղու կարեւորությունը, մանավանդ, երբ մինչեւ բարեկարգ ճանապարհին հասնելը՝ քարքարոտ ու դժվարանց ճանապարհներ ես ստիպված լինում կտրել։ Շուտով հիմնադրամը կանցկացնի մրցույթներ երեք նոր՝ «Դաշբուլաղ-Բալուջա» (9,7 կմ), «Սարուշեն-Կարմիր շուկա» (11 կմ) եւ «Ծակուրի-Հադրութ» (12 կմ) հատվածների շինարարության համար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի կանխատեսմամբ, եթե պահանջվող ողջ գումարը լինի, իսկ անհրաժեշտ է մոտ 25 մլն դոլար, երկու տարում ողջ մայրուղին կկառուցվի։ Նոյեմբերի 22-ին նախատեսվում է Լոս Անջելեսում դարձյալ հեռուստամարաթոն կազմակերպել այս նպատակով, սակայն ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները (այդ օրը նաեւ ԱՄՆ-ն է պատրաստվում հեռուստամարաթոն անցկացնել ահաբեկչության հետեւանքների վերացման նպատակով) գուցե թե ազդեն հեռուստամարաթոնի անցկացման վրա։ Դեռ հստակ ոչինչ որոշված չէ, բայց չի բացառվում, որ այն հետաձգվի։ «Դաշբուլաղ-Կիչան» 20 կմ հատվածը միացրեց Ասկերանի եւ Մարտակերտի շրջանները, իսկ «Կարմիր շուկա-Դրախտիկ» 10կմ հատվածը՝ Մարտունու եւ Հադրութի շրջանները։ Այս հատվածների շինարարության համար ծախսվել է համապատասխանաբար մոտ 1 մլն 700 հազար եւ 1 մլն 600 հազար դոլար։ Ճանապարհի կարեւորությունը շեշտում էին բոլոր ելույթ ունեցողները։ «Դաշբուլաղ-Կիչան» հատվածի բացմանը ներկա էր ԼՂՀ ողջ ղեկավարությունը՝ ԼՂՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, նկատի ունենալով «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհը, խորհրդանշական համարեց, որ «Սփյուռքի գումարներով Հայաստանը միացավ Ղարաբաղին»։ Ու քանի որ թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ նախագահները սփյուռքահայ բարերարներին իրենց երախտիքը հայտնելու ավելի լավ ձեւ, քան շքանշան հանձնելն է, չգիտեն, Արկադի Ղուկասյանը ԼՂՀ պետական շքանշաններով պարգեւատրեց «Ամերիկայի հայկական համագումարի» նախագահ Հրայր Հովնանյանին եւ Սոֆի Թյուֆենկյանին։ Ու արարողությունն այդ տեղի ունեցավ հենց «Դաշբուլաղ-Կիչան» հատվածի բացման արարողությանը, մինչեւ կարմիր ժապավենը կտրելը։ Իսկ հուզված Հրայր Հովնանյանն իր ելույթում հայտարարեց, որ Արցախն ազատ է ու պիտի միանա Հայաստանին։ Եվրախորհրդի հանդեպ Արկադի Ղուկասյանի զգացմունքները, հավանաբար, ամենեւին էլ ջերմ չէին ու դրական որեւէ ասելիք չուներ, քանի որ խուսափեց այս առնչությամբ լրագրողների հարցերին պատասխանելուց։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել