Լրահոս
Օրվա լրահոսը

Հանկարծ

Հոկտեմբեր 10,2001 00:00

Դժվարությամբ գերակատարողը Հանկարծ պատկերացում չստեղծվի, որ բյուջետային մուտքերի թերակատարման հարցում Մաքսային պետական կոմիտեն էլ մեղքի իր բաժինն ունի։ Ընդհակառակը, ըստ կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի, «բյուջեի լարված վիճակից ելնելով համակարգն աշխատում է գերլարված եւ անգամ երրորդ եռամսյակում գերակատարվել է պլանը. պետք է հավաքագրվեր 19 մլրդ 558 մլն դրամ, բայց անհետաձգելի, անհապաղ ծախսերից ելնելով, անհրաժեշտություն առաջացավ կես մլրդ-ով ավելացնել պլանը»։ Բայց կոմիտեն, փաստորեն, ներկայացված տվյալներով, գերակատարել է անգամ այդ ցուցանիշը՝ հավաքագրելով 20 մլրդ 929 մլն դրամ (20,498-ի փոխարեն)։ «Իհարկե, այստեղ ես տեսնում եմ Մաքսային պետական կոմիտեի արդյունավետ աշխատանքը»,- սեփական գործունեությունը գնահատում է կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը եւ որպես կարգապահ պաշտոնյա, «ֆինանսների նախարարության հետ բանակցում 4-րդ եռամսյակի պլանային ցուցանիշների վերաբերյալ», տեսնի՝ մյուս եռամսյակում ինչքանով է հարկավոր գերակատարել մաքսային մուտքերը։ Փաստորեն, պրն Ավետիսյանի գլխավորությամբ Մաքսային կոմիտեն գերակատարել է գերակատարման համար նախատեսված ցուցանիշը։ Բայց նկատենք, որ դեռեւս բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավորների առաջարկած այս թվերի ապահովումը կառավարությունն անիրագործելի էր համարում։ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս հնարավոր եղավ գերակատարել եւ ո՞րն է այն սահմանը, որ այսպիսի անհրաժեշտության դեպքում կոմիտեն կկարողանա կատարել, Արմեն Ավետիսյանը պատասխանեց. «0,5 մլրդն ինչպես հավաքեցինք՝ դժվարությամբ։ Բենզինի, սիգարետի շրջանառությունն ավելացել է։ Սա նույնպես Մաքսային կոմիտեի աշխատանքն է՝ մաքսանենգության դեմ պայքարի ուղղությամբ։ Շուրջ 120 մլն-ով մաքսանենգ սիգարետի ճանապարհը փակել ենք»։ Պրն Ավետիսյանը հարցի երկրորդ մասին պատասխանեց ոչ ըստ էության, նշելով, որ «այն սահմանը բյուջեով նախատեսված թիվն է»։ Իհարկե, այս ներկրման ծավալների աճը մաքսանենգության կրճատմամբ է պայմանավորված, որովհետեւ գրեթե անհավանական է, որ կարող էր սպառման ծավալների այսպիսի կտրուկ աճ արձանագրված լինել։ Ավելին, լրագրողներից մեկի «Մաքսային կոմիտեն զբաղվո՞ւմ է, արդյոք, ներքին սպառողական շուկայի ուսումնասիրությամբ, եւ կա՞, արդյոք, վերլուծություն, թե ներքին շուկայում սպառումը որքանով է համապատասխանում հայտարարագրվող ծավալներին» հարցն էլ, ըստ էության, անպատասխան մնաց։ Նշվեց միայն, որ ներքին սպառման շուկայի հարցն ավելի լայն է, քան Մաքսային կոմիտեի գործառնական պարտականությունները։ Բայց «հարցը շատ լավ հասկացա, ուղղակի չուզեցի… Ձեր ասածը պետեկամուտների նախարարության իրավասությունների շրջանակում է։ Իսկ ՊԵՆ-ի համար չեմ ուզում վերլուծություններ անել»,- ասաց նա։ Բայց նշվեց՝ «բյուջեի ծանր վիճակ», «պլանը գերակատարել ենք», Անդրանիկ Մանուկյանը պարբերաբար զեկուցում էր գերակատարման մասին։ Ինչո՞ւ բյուջեն սկսեց «նեղվել»։ «Ուզում եմ տարանջատել. երբ ասում եմ՝ կա աճ եւ գերակատարվել է, խոսքը Մաքսային կոմիտեի աշխատանքների մասին է։ Դժվար է պատասխանել, թե հարկային մասով բյուջեն ինչու չի կատարվում»,- ասաց Մաքսային կոմիտեի նախագահը, փաստորեն, անուղղակիորեն ընդգծելով իր գործընկերոջ՝ Երվանդ Զախարյանի թերացումը։ Դառնալով գերակատարմանը, նկատենք, որ միայն ներկրվող ծավալների աճը չէ, որ կարող էր այստեղ դեր խաղալ։ Պետեկամուտների ոլորտը ավանդաբար աչքի է ընկել նաեւ գերավճարներով, որին, սակայն, նույնպես չի պատկանում գլխավոր դերը։ Ավելի շուտ, մաքսանենգության ոլորտին բավականաչափ տիրապետող, քաջատեղյակ նախկին Խթը-քվՌՍ, մի քանի խոշոր, աղմկահարույց տնտեսական գործերի բացահայտմամբ աչքի ընկած, ԱԱՆ Տնտեսական անվտանգության վարչության պետին հովանավորյալ կամ թեկուզ անտանիք մաքսանենգները չէին կարող մերժել իրենց ապրանքի ավելի մեծ ծավալներով հայտարարագրման հարցում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել