Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս Երեւանի կամերային երաժշտական թատրոնում կայացավ Վարդան Աճեմյանի «Կիկոս» ոչ կոմիկական օպերայի առ

Հոկտեմբեր 13,2001 00:00

«Կիկոսությունն» այնքան էլ վատ բան չէ Օրերս Երեւանի կամերային երաժշտական թատրոնում կայացավ Վարդան Աճեմյանի «Կիկոս» ոչ կոմիկական օպերայի առաջնախաղը։ Այս իրադարձությունն իր անհավակնոտ հնչեղությամբ, թերեւս, առավել նշանակալից է, քան կարելի էր ենթադրել առաջին հայացքից։ Թումանյանական հեքիաթներից այս մեկի բեմականացումը ժամանակին իրականացրել է երգահանի պապը՝ հայ բեմարվեստի խոշորագույն վարպետ Վարդան Աճեմյանը։ Ներկայիս թատերախաղի հեղինակ Արմեն Մելիքսեթյանը, անշուշտ, չէր կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ, բայց եւ… ներկայացումը հառնում է մեզ խիստ ժամանակակից բովանդակությամբ։ Կրկին պարզում ենք, որ մեծ պոետի գեղարվեստական իմաստնությունն այնքան բազմաշերտ է, որ հաճախ կարող է բացահայտվել միանգամայն անսպասելի խորությամբ։ – Սկզբում իմ եւ կոմպոզիտորի մոտեցումներն այս գործին այնքան էլ համերաշխ չէին,- զրույցի մեջ ասաց բեմադրիչը։- Նա հակված էր հեքիաթի դասական մեկնաբանությանը, ասել է թե՝ «կիկոսությունը» դիտում էր որպես հիմարություն։ Տարաձայնություններ ծագեցին անգամ երաժշտության ըմբռնման առումով, որը ես համարում եմ ավանգարդ։ Մինչդեռ նա պնդում էր այն հանգամանքը, որ գործը հորինված է միանգամայն տոնայնության մեջ։ Ինչեւէ, աշխատանքների ընթացքում, այնուամենայնիվ, կարծես թե եկանք փոխհամաձայնության։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի համոզմամբ, «կիկոսությունն» այնքան էլ վատ բան չէ։ Անգամ կարելի է ասել՝ շատ դրական հատկանիշ է։ Պարզապես, կողքից դիտելով՝ մենք ըստ էության չենք գնահատում այն։ – «Կիկոսությունը» ես դիտում եմ իբրեւ մի վիճակ, երբ մարդիկ հորինում են իրենց ապրումների միջավայրը։ Առանց այդ ներքին՝ անիրական աշխարհի գոյատեւումն արտաքին իրականության մեջ դառնում է բարդ, շատ դժվար լուծելի խնդիր, որից անընդհատ ուզում ենք փախչել։ Արդյո՞ք այդ չէ պատճառը, որ նրանք, ովքեր «կիկոսություն» են կրում իրենց մեջ, ասես խանգարում են շրջապատի մարդկանց։ Նրանց՝ հորինված աշխարհին միշտ էլ վտանգ է սպառնում՝ ծաղրվելու կամ կոտրվելու ուրիշների կողմից։ Ռեժիսորի այս մեկնաբանությունները թերեւս դիտեինք որպես սոսկ յուրօրինակ կենսափիլիսոփայություն, եթե դրանք չգտնեին իրենց նույնքան յուրօրինակ արտահայտչաձեւերը։ Երեք դեռահաս քույրերից մեկը գնում է ջրի, եւ հենց այստեղ էլ ծնվում է նրա երազանքների կենաց ծառը՝ ծնվում է դրամատիկ գունավորմամբ մի նոր հեքիաթ։ Պարան խաղալով գալիս է մյուս քույրը եւ չի էլ կռահում, որ իր ձեռքի սովորական պարանը դառնալու է մտացածին պատմության թել։ Ապա այդ թելով կապկպվելու են «երջանիկ» ընտանիքի բոլոր անդամները եւ տեղափոխվելու են մտահայեցողական աշխարհ, ուր իրենց համար ամեն ինչ իրական է։ Տրագիկոմիկական իրավիճակներով հանդերձ, այս պատումը դեռեւս հովվերգային է։ Բայց ահա կողքից անսպասելի մուտք է գործում ինչ-որ մի հարսանյաց հանդես։ Սա արդեն հենց այն դաժան իրականությունն է, որը չի հանդուրժում ամպերի վրա սավառնող «կիկոսականների»։ Արհավիրքի պես գալիս ու փշուր-փշուր է անում կենաց ծառն էլ, Կիկոսի «մասունքներն» էլ, երազանքն էլ։ Երեւի թե այս բնույթի թատերախաղն իրապես գեղարվեստականություն է ձեռք բերում, երբ խոսում է օպերային արվեստի լեզվով։ Եվ Կամերային երաժշտական թատրոնի բեմահարթակից, թատերախմբի վարպետության շնորհիվ, այն բավականին ինքնատիպ է հնչում։ – Հիմնականում թատերախումբը համալրված է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներով,- նշում է գեղարվեստական ղեկավարը,- որոնք նոր են ավարտել կամ էլ դեռեւս սովորում են իմ ղեկավարությամբ։ Չնայած դրան, ես նրանց համարում եմ միանգամայն պրոֆեսիոնալ, քանի որ այդ չափանիշն, իմ կարծիքով, պայմանավորված է ոչ թե աշխատած տարիների քանակով, այլ՝ վերաբերմունքով հանդեպ աշխատանքը։ Այստեղից էլ բխում են մի շարք պահանջներ, որոնց պարտադիր պետք է բավարարի մեր թատրոնի դերասանը. նա պետք է ոչ միայն համապատասխան ձայն ունենա, կենդանի երգի բեմից, այլեւ հմտացած լինի պարային արվեստին, տիրապետի բեմական պլաստիկային եւ ընդհանուր առմամբ ֆիզիկապես մարզված լինի։ Երեւանյան սիրված պուրակներից մեկի՝ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարեւանությամբ գտնվող այս գողտրիկ թատրոնը մեծահասակ չէ։ 1998-ին էր, երբ կայացավ նրա բացումը Կարլ Օրֆի «Բեռնաուերի դուստրը» երաժշտական դրամայի ներկայացմամբ։ Ապա հաջորդեցին Լլոյդ Վեբերի «Կատուներ» մյուզիքլը, Բենջամին Բրիտտենի «Ոսկե ունայնությունը»… Իսկ հիմա պատրաստում են Ջորջ Գերշվինի «Պորգի եւ Բես» յուրովի գեղագիտական ըմբռնում թելադրող երաժշտական գործը։ Իհարկե, այսպիսի բարդ թատերական օրգանիզմի կենսունակությունն ապահովելը մեր պայմաններում հեշտ բան չէ։ Պարզապես անհրաժեշտ է զինվել լավատեսությամբ եւ սատար լինել նրա բարգավաճմանը։ ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ Պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել