Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոակինո Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերան, գրված 1816 թ., ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի հայտնի եռերգո

Հոկտեմբեր 17,2001 00:00

ՊՐԵՄԻԵՐԱ՝ ԲԱՌԻ ԻՍԿԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ Ջոակինո Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերան, գրված 1816 թ., ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի հայտնի եռերգության սյուժեով, ըստ Սթերբինի լիբրետոյի, պետք է ունենար տարօրինակ ճակատագիր։ Հռոմում օպերայի պրեմիերան ձախողվեց, սակայն հաջորդ ներկայացումներն ունեցան աննախընթաց հաջողություն։ ԽՍՀՄ տարածքում եւ արտերկրում այս օպերան, որը համարում են «օպերային թատրոնի դասագիրք», երբեք բնագրով չի ներկայացվել։ Կան պատճառներ՝ մի դեպքում դժվար է վոկալիստների համար, մյուս դեպքում որոշ ռեժիսորներ իրենց անշնորքությունը բարդել են կոմպոզիտորի գրած երկար կամ երկարացված նոտաների վրա, եւ բեմական լոգիկային տեղի տալով՝ կրճատումներ կատարել։ Երեւի շահել է դրամատուրգիական մասը՝ լինելով կուռ, ցայտուն, բայց հաստատ տուժել է Ռոսինիի երաժշտությունը։ Սովետական բեմերում վերցված էր օպերայի ռուսական մեկնաբանությունը, որը գալիս էր մեծն Շալյապինից։ Վերջինս ուռճացված տեմպեր ու նյուանսներ էր առաջ քաշում։ Կամ այսպես՝ որպեսզի տեքստը լավ տեղ հասնի, խուսափում էին ռիթմիկ մանր նոտաների խմբերից, բնականաբար՝ դանդաղեցնելով երաժշտությունը… Գերմանական ուղղության երաժիշտներն էլ նոր գործիքներ էին ներմուծում պարտիտուր։ Մի խոսքով՝ 19-20-րդ դարերում, աշխարհի երաժիշտների կողմից այս «նորարարությունները» թիվ 1 կոմիկական օպերան՝ «Սեւիլյան սափրիչը» դարձրին անկառավարելի, անղեկավարելի, ասել է թե՝ ով ինչ ուզում էր, ինչպես ուզում էր, որտեղ ուզում էր, խմբագրում էր ու կատարում։ Այս ամենից անմասն չէր մնում մեր օպերային թատրոնը։ Սկսած 33 թվականից, յուրաքանչյուր 5-6 տարին մեկ, բեմադրվում էր «Նոր Սեւիլյան սափրիչ»։ Վերջերս, հոկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Ջ. Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի համերգային կատարումը։ Բեմում էր «Սերենադ» կամերային նվագախումբը, ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը, երգչախմբի արական մասը (խմբավար՝ Գեւորգ Մուրադյան) եւ մեներգիչները։ Դիրիժորական վահանակի մոտ էր Էդուարդ Թոփչյանը։ Արձանագրենք հետեւյալ փաստը՝ առաջին անգամ ունկնդրին մատուցվեց օպերան այնպես, ինչպես գրել է իտալացի մեծ կոմպոզիտորը։ Երկու գործողությամբ օպերան անցավ կարծես մեկ շնչով, եւ վերջում դահլիճից դուրս եկող հանդիսականները խոսում էին երգիչների վիրտուոզ կատարման, նվագախմբի տեմպի մասին… Այն տպավորությունը թող չստացվի, թե չենք ուզում կամ ի վիճակի չենք բացեր ու թերություններ տեսնել եւ այն համարում ենք կատարյալ (կա՞ արդյոք այդպիսի արվեստ)։ Այդ օրը հանդիսատեսի կարգավիճակում գտնվող դիրիժոր, ՀՀ ժող. արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Դավթյանի խոսքերով. «Սա օպերայի առաջին կատարումն էր բնագրով կամ Ռոսինիի իսկական պարտիտուրով։ Եվրոպայի եւ սովետմիության տարածքում նախերգանքից սկսած, որն, ի դեպ, բոլորն անգիր գիտեն, վարժված էին լսելու տրոմբոնների, տիմպանների… Այս կատարման մեջ այդ «նորամուծությունները» հանված էին, այսինքն հնչում էին այն գործիքները, որ գրել էր Ռոսինին (օրինակ, երկու պիկոլո ֆլեյտա, կիթառ…)։ Ասենք, որ սա հարիր է իսկական կոմիկական երաժշտությանը։ Մեներգիչների երիտասարդ կազմ էր։ Արտերկրից հրավիրված էին մեր կոնսերվատորիայի նախկին ուսանողները նույնպես։ Շվեյցարիայից հրավիրված էր երգչուհի Ջուլիետ Գալստյանը, Ֆրանսիայից՝ Սուրեն Շահիջանյանը, Գերմանիայից՝ Մկրտիչ Բաբաջանյանը։ Վերջիններիս կատարման մեջ կար, ասեմ այսպես՝ արտերկրին վայել կատարողական կուլտուրա։ Հիանալի է, որ նրանք կատարելագործվում են Եվրոպայում։ Իրենց դերերգերը լավ մեկնաբանեցին նույնպես մեր կոնսերվատորիայի շրջանավարտները, դեռ այստեղ աշխատող երգիչներ Քրիստինե Սահակյանը, Գրիգոր Շագոյանը, Սուրեն Զուրաբյանը, կոնսերվատորիայի ուսանողներ Հայկ Պապիկյանը, Արսեն Սողոմոնյանը։ Ցավալի է, որ մեր ժամանակ իսկական պարտիտուրը չի եղել եւ ուրախ եմ, որ վերջապես «Սեւիլյան սափրիչը» կատարվեց այնպես, ինչպես գրել է Ռոսինին»։ Ասենք, որ երգիչ Սուրեն Շահիջանյանի պապիկի, նույնանուն երգչի վերջին դերերգը մեր օպերային թատրոնում եղել է հենց այս օպերայում եւ այս՝ Դոն Բազիլիոյի դերերգը, իսկ երիտասարդ երգչուհի Ջուլիետ Գալստյանի տատը եւ նախատատը նույնպես երգել են այս օպերայում Ռոզինայի դերերգը։ Օպերայի համերգային կատարմանը հրավիրված էին կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, կլավեսինահար Կոնստանտին Խաչատրյանը։ Օպերայի ընթացքում դահլիճում տիրող մթնոլորտը հարիր էր կոմիկական օպերայի ժանրին, իսկ նոտարի «համր դերը» վստահված էր «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նիկա Բաբայանին, որը միգուցե հենց բեմում վեքսիլնե՞ր էր կնքում մեներգիչների հետ… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել