Լրահոս
Օրվա լրահոսը

Թե

Նոյեմբեր 08,2001 00:00

Փորձ ենք փոխանակում Թե ինչպես պետք է պետական եւ հասարակական կառույցներն աշխատեն՝ ի նպաստ Հայաստանում աղքատության վերացման, առավել պարզ կդառնա երկու շաբաթ հետո։ Բանն այն է, որ այսօր երկշաբաթյա այցով Ուկրաինա կմեկնի հայաստանյան մի պատվիրակություն՝ ծանոթանալու տեղի իրավիճակին, վերլուծելու այն եւ փորձը Հայաստանում ներդնելու առաջարկներ ներկայացնելու համար։ Պատվիրակության կազմում ընդգրկված են պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ։ Այցը Հայաստանում սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակում է։ Այն ֆինանսավորվում է Միջազգային զարգացման գործակալության (USAID), իրականացվում՝ Կրթության զարգացման ակադեմիայի (AED) կողմից։ Իսկ թե ինչո՞ւ Ուկրաինան. «քանզի գտնվում ենք զարգացման համարյա նույն մակարդակում, բայց այնտեղ սոցիալական զարգացման համագործակցության բազմաթիվ օրինակներ կան»,- պարզաբանում է մեր երկրում Սոցիալական բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչ Գայանե Թովմասյանը։ Պատվիրակության անդամները փորձ կփոխանակեն Օդեսայում, Լվովում, Ուժգորոդում եւ Կիեւում։ Միջազգային զարգացման գործակալության եւ Կրթության զարգացման ակադեմիայի երեկ կազմակերպած սեմինարի հիմնական նպատակն էր՝ Ուկրաինա մեկնող պատվիրակության անդամներին մեկ անգամ եւս բացատրել պետական, տեղական ինքնակառավարման, մասնավոր եւ հասարակական ոլորտների համագործակցության նպատակահարմարությունը՝ երկրում աղքատության վերացման համար։ Ակնհայտ էր, որ առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի էր, քանզի հայաստանյան հասարակական կազմակերպությունները դեռ շատ վաղուց եւ բազմիցս համագործակցության հարցեր են բարձրացրել։ Եվ իբրեւ ի գիտություն, այսօր արդեն առկա է համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակներում։ Առավել առաջնային խնդիր է համագործակցության համար հստակ օրենսդրական դաշտի ապահովումը, ինչը ոչ միայն գիտակցում, այլեւ նախապատրաստում են ոլորտի մասնագետները։ ՀԿ-ների ներկայացուցիչների կարծիքով սխալ է խոսել հասարակական ողջ հատվածի մասին։ Խոսքը պետք է վերաբերի կայացած կազմակերպություններին, որոնք գիտեն թե ինչ են ակնկալում կառավարությունից եւ ինչ կարող են իրենք տալ։ Թե՛ ՀԿ-ների, թե՛ կառավարական հատվածի ներկայացուցիչներն էլ համոզված են, որ պետք է միանալ մի գաղափարի շուրջ, որը թերեւս ժամանակի պահանջն է։ Այնպես որ, եթե նկատի ունենանք համատեղ աշխատելու ցանկությունը, փորձի փոխանակումը, Հայաստանում Սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակում Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրած 40 մլն դոլարի տեխնիկական օգնությունը՝ սոցիալական, առողջապահության եւ կրթության ոլորտներին, երկրում բնակչության կենսամակարդակի անկման ֆոնի վրա օրեցօր գրանցվող տնտեսական աճը, մնում է միայն մի քիչ լավատես լինել եւ արձանագրել, որ այլեւս լավ ենք ապրելու։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել