Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ

Դեկտեմբեր 12,2001 00:00

Ձմեռը՝ կրկին առանց բնակարանների Դեռ վարչապետ եղած ժամանակ նախագահը խոստացել էր երեք տարում վերջնականապես վերականգնել աղետի գոտին։ Արդեն ավարտման շեմին է վերականգնման ժամկետը, սակայն աշխատանքների առյուծի բաժինը դեռ թղթի վրա է։ Եվ, Աստված գիտե, թե այն երբ իրողություն կդառնա։ Այս անելիքների իրականացման նպատակով մշակվել է աղետի գոտու վերականգնման (ԱԳՎ) առաջնահերթ ծրագիր, որով նախատեսված է 27 մլրդ դրամով կառուցել 26841 բնակարան, 149 դպրոց, 22 հիվանդանոց եւ 21 համաբուժարան։ Սակայն երեք տարում՝ 1998-2001թթ. շահագործման են հանձնվել ընդամենը 4678 բնակարան, 109 դպրոց, 3 հիվանդանոց եւ 4 համաբուժարան։ – Աշխատանքների չկատարմանն ավելի շատ անդրադարձել են հոկտեմբերի 27-ի իրադարձությունները,- նկատեց ՀՀ քաղաքաշինության Բնակարանային քաղաքականության վարչության պետ Կամո Խաչատրյանը։ Այնուհանդերձ, Կ. Խաչատրյանի հետ մասամբ ենք համամիտ։ Այո, ապակայունացնող էր ոճրագործությունը։ Բայց, մյուս կողմից, ոճրագործությունը չի կարելի դարձնել ԱԳՎ տապալման քավության նոխազ։ Մեր դիտարկմամբ, 1998-ից մինչեւ 2000 թվականի կեսը կատարվել էր ընդամենը 23 մլրդ դրամի աշխատանք, իսկ մնացածը նախատեսվել էր իրականացնել 2000-ի երկրորդ կեսից մինչեւ 2001 թվականը, ծախսերի եւ աշխատանքների մի վիթխարի ծավալ, որի ապահովման հավանականությունը կասկած է հարուցում։ Ասել է՝ երկրի առաջին դեմքը քարոզարշավի ծրագիրը հիմնավորելիս քաջատեղյակ էր առաջնահերթ ծրագրի իրականացման անհնարինությանը։ Պարզ է, այդ պահին նրան ավելի շատ գայթակղել է նախագահական աթոռին նստելու մարմաջը։ Այս տարի ԱԳՎ-ի մասին ՀՀ օրենքի հիման վրա մշակվեց Համալիր ծրագիր (ՀԾ), որն ի տարբերություն առաջնահերթ ծրագրի, բնակարաններից, ինչպես նաեւ սոցիալական եւ առողջապահական նշանակության կառույցներից զատ ներառում է նաեւ մշակութային օջախներ, բարեկարգման, ջրամատակարարման-ջրահեռացման աշխատանքներ, որոնց վրա կծախսվի 80 մլրդ դրամ, որից 20 միլիարդը հատկացնելու է ՀՀ կառավարությունը։ Այո, ծրագրի համալիր լինելը ինքնին հետաքրքիր է, սակայն այնքան էլ հուսադրող չէ։ Նախ, 3-ամյա ծրագրով չիրականացված աշխատանքների եւ ծախսերի առյուծի բաժնին ավելացել են համալիր ծրագրով նախատեսվող խնդիրները, հետո, ՀԾ-ով պահանջվող ֆինանսական միջոցներն առայժմ ներկայացվում են ծրագրի եւ հաշվարկների տեսքով։ Ասել է՝ անհրաժեշտ գումարի հայթայթումը դեռ թղթի վրա է։ ՀՀ կառավարության կողմից ակնկալվող 20 մլրդ դրամը հատկացվելու է պետական օբյեկտների, մեծամասամբ՝ ԲԷՑ-երի մասնավորեցումից ստացվող եկամուտներից։ Սակայն հայտնի է, որ ԲԷՑ-երի մասնավորեցումը տեղապտույտ է տալիս։ Ի տարբերություն Հայաստանի կառավարության, օտարերկրյա կազմակերպությունները, որոնք աղետի գոտու վերականգնմանը հատկացնելու են 60 մլրդ դրամ, ունեն ֆինանսական միջոցների վիթխարի աղբյուրներ։ Բայց, ամենայն հավանականությամբ, միայն Ամերիկյան զարգացման գործակալությունն է ի վիճակի ընդունել եւ տրամադրել միջոցներ վերականգնման աշխատանքներին։ Իսկ մյուս կազմակերպությունները, հատկապես «Լինսի» հիմնադրամը, այնքան հեշտ չեն փոխանցում տրամադրվող գումարները։ Հիմնադրամի կողմից հատկացվող միջոցները շոշափելի լինելու պատճառով առեւտրային բանկերն անկարող են կատարել նմանօրինակ մեծ փոխանցումներ։ ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել