Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Սահմանադրական դատարանը քննության էր առել «Համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությու

Դեկտեմբեր 12,2001 00:00

ԲԱՑԱՌԵԼՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Երեկ Սահմանադրական դատարանը քննության էր առել «Համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի՝ գործող Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Հանրապետության նախագահի լիազոր-ներկայացուցիչ էր ճանաչվել ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը։ Ի դեպ, համաձայնագիրը ստորագրվել է 2001թ. հունիսի 1-ին, Մինսկում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Համաձայնագրին առայժմ չեն միացել եւ առայժմ չեն ստորագրել Ադրբեջանը, Թուրքմենստանը, Վրաստանը, իսկ Ուկրաինան այն ստորագրել է վերապահումով։ Մինչ գործը Սահմանադրական դատարան հասնելը, համաձայնագրի մասին իրենց եզրակացություններն են տվել ՀՀ ներքին գործերի, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները։ Եթե ՆԳՆ-ն եւ ֆինանսների նախարարությունը գտել էին, որ այն նպատակահարմար է վավերացման համար, ապա ԱՆ-ն գտել էր, որ համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ կլինի գործող օրենսդրության մեջ լրացումներ կատարել համակարգչային հանցագործությունների մասին։ Ի դեպ, համաձայնագրի հոդված 3-ը սահմանել է, թե որոնք են քրեորեն պատժելի արարքները այս ոլորտում։ Նախ քրեորեն պատժելի էին այն արարքները, որոնք կատարվել են դիտավորությամբ, այն է՝ 1. ապօրինի մուտքը օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվություն, եթե դրա հետեւանքով ոչնչացվել է տեղեկատվությունը, ձեւափոխվել է կամ պատճենահանվել եւ խախտվել համակարգչային ցանցը, 2. ստեղծվել են վնասաբեր ծրագրեր, որոնք օգտագործվել կամ տարածվել են, 3. համակարգչային ցանցի խեղման, շահագործման կանոնների խախտման արդյունքում պատճառվել է զգալի վնաս, 4. համակարգչային ծրագրերի տվյալների բազաներն անօրինական օգտագործվել են, որոնք հեղինակային իրավունքի օբյեկտ են, հետեւաբար, խախտվել է հեղինակային իրավունքը եւս եւ դարձյալ պատճառվել են զգալի կորուստներ։ Ի դեպ, համաձայնագրին միացող պետությունները պարտավորվում էին համատեղ արդյունավետ պայքար, համաձայնեցված գործողություններ, «ձգտելով ստեղծել համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի համար իրավական հիմքեր»։ Համաձայնագրի հոդված 9-ում սահմանվել էր կողմերի միջեւ տեղեկատվության գաղտնիությունը, եթե այն տրամադրող իրավասու մարմինը անցանկալի է համարում դրա հրապարակումը եւ իրավասու մարմինը, ազգային օրենսդրությանը համապատասխան, ապահովում է տեղեկատվության գաղտնիության այնպիսի աստիճան, որի մասին խնդրում է մյուս կողմի իրավասու մարմինը։ Հետաքրքիր է, որ վեճերի լուծման տարբերակ էին ընտրվել (հոդված 10) խորհրդակցություններն ու բանակցությունները։ Կողմերին վերապահված է ինքնուրույն կատարել այն ծախսերը, որոնք կծագեն համաձայնագրի կիրառման ժամանակ։ Որպես աշխատանքային լեզու կգործածվի ռուսերենը։ Այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո, «ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից»։ Գործողության ժամկետը 5 տարի է, եւ հնգամյակը մեկ գործողությունները կերկարաձգվեն, եթե կողմերը այլ որոշում չկայացնեն։ Երեկվա դատական նիստից հարգելի պատճառով բացակայում էին 9 դատավորներից 3-ը՝ Վալերի Պողոսյանը, Ալվինա Գյուլումյանը եւ Ֆելիքս Թոխյանը (ինֆարկտով հիվանդանոցում է)։ Այս համաձայնագրի հետ կապված երեկ առարկություններ չեղան եւ, ինչպես զեկուցողը, այնպես էլ ՆԳ նախարարը, կարեւորեցին համաձայնագրին միանալը եւ համատեղ գործողություններն այդ ոլորտում։ Ի դեպ, համագործակցության ձեւերի մեջ ՆԳ նախարարը նշեց տվյալ ոլորտում հանցագործությունների կանխումը, հայտնաբերումը, բացահայտումն ու քննությունը։ Գաղտնիք չէ, որ մեզանում համակարգչային հանցագործությունները դեռ ուշադրությունից դուրս են եւ դա բացատրվում է, որ Հայաստանում դրանք համեմատաբար նոր են եւ այստեղ մեծ դժվարություններ կառաջանան հատկապես բացահայտող, հայտնաբերող կադրերի, մասնագետների հարցում։ «Ոստիկան» մասնագետները, այս ոլորտի, քիչ են եւ որոշակի չեն պատկերացնում խնդրի հնարավոր զարգացումը։ Համակարգչային հանցագործությունների մասին տեղեկացնեմ, որ առայժմ մեկ քաղաքացիական հայց է լսվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում եւ այն առնչվում էր համակարգչից տառատեսակի գողության հետ։ Երեկ, քննության արդյունքում պարզվեց, որ համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել