Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանրապես,

Դեկտեմբեր 12,2001 00:00

Հայաստանն՝ իբրեւ երկիր Մկստան Ընդհանրապես, հանրապետության արդի մշակույթի՝ մասնավորապես մեր թատրոնների, մեղմ ասած, անմխիթար վիճակը ակնհայտ իրողություն է։ Եվ հենց դրա համար էլ յուրաքանչյուր նոր ներկայացման ազդագրի հայտնություն զարմանք ու ուրախություն է պատճառում։ Մարիոնետների պետական թատրոնի «Մկների ժողով» ներկայացման պարագայում, զարմանքն ուրախությունից առավել է, քանզի հաճելիորեն խախտվել է թատրոնի հանիրավի ավանդույթը, ըստ որի, ներկայացումները, որպես կանոն, միշտ «ձեւվում-կարվում» էին մանկահասակ հանդիսատեսի համար։ Վերոհիշյալ ավանդույթի խախտման «մեղավորը» թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, տաղանդավոր բեմադրիչ Արմեն Էլբակյանն է։ «Մկների ժողովի» սյուժեն լոկ միջոց է այն ազնիվ ու համարձակ նպատակի, որն իր առջեւ դրել է ներկայացման հեղինակն ու բեմադրիչը։ Իսկ նպատակը՝ հակիրճ, վերջին տասնամյակում, մեր երկրում կատարված ու կատարվող ավերիչ ու խառնակ վայրիվերումների գորշ պատկերների արտացոլումն է իրականության դաժան ու օբյեկտիվ հայելում։ Բաց բեմ։ Նույնքան բաց ու անպաշտպան երկիր «Մկստան», որի տարածքով մեկ, գիշակեր ագռավի նման թեւածում է «Սո՜վ էր, սո՜վ էր» գույժը։ Եվ ահա, որպես արձագանք՝ հասարակության դատին է հանձնվում համատարած սով սերմանողի անձը։ Իսկ նա ոչ թե ամբարտավան ու ընչաքաղց, սովահար երկրի ջոջերից է, այլ պարզապես իրենց բարեկիրթ ցեղի արյունարբու թշնամի կատուն։ Մկստանի հասարակությանը տեղեկացնում են ոչ միայն համատարած սովի պատճառ հանդիսացող, «անհագ գազան» կատվի գոյության մասին, այլեւ նրանից զգուշանալու հնարքի։ Իսկ հնարքը ընդամենը մի սովորական զանգ էր։ Անսովորը միայն այն էր, թե ո՞վ պետք է տվյալ զանգը կախ տար կատվի վզից։ Սակայն, երբ «Ահել-ջահել գեղովի, հավաքվում են ժողովի»՝ պարզվում է, որ կատվի վզից զանգ կախող մարտիրոսվողներ՝ չիք… Դե որ չիք՝ ուրեմն չոր գանգ ջոջերի, երկար, բարակ պոչերի ամենաթող ալան-թալանի, երկիրը լքողների թոհ ու բոհի գորշ հիմնագույնի վրա Մկստանը վերածվում է համասփյուռ խաղատների ու զանազան անբարո զվարճավայրերի… Բեմում անսպասելիորեն հայտնված հեռուստացույցի էկրանից, մահաբեր արկի նման, հատ- հատ պայթում է հաղորդավարուհու տագնապալից խոսքը. «Կենդանյաց մեջ խիստ ժանտախտ է՝ Չմեռնելը շատ մեծ բախտ է»… Եվ ահա, տարիներ առաջ ժողովրդի զարթոնքը խորհրդանշող՝ ծանոթ շեփորի բարեհունչ մեղեդուց հետո, խորշակի նման, գնալով ահագնանում են չմեռնելու շատ մեծ բախտին տիրանալու խելահեղ տեսարանները։ Արեւելքի զվարճատներին կապկած՝ հաշիշախեղդ մթնոլորտում, իրենց սիրասուն տատիկների ու մայրիկների հեզաճկուն պարերի վրա թքած՝ կանաչ թղթադրամների տեղատարափի ներքո օձագալար պորտապար են տալիս մեր նաիրյան աղջիկները։ Իսկ բեմի խորքից, որպես ցավատանջ հոգու պոռթկում, մռայլորեն դեռ հնչում է. «Սո՜վ էր, սո՜վ էր» գույժը։ Ժամանակի անկանգ ընթացքը չափորոշող երաժշտությունից հետո, որպես անցած փուլի ոչ հիշատակման արժանի իրադարձություն, իսպառ մոռացվել էին համատարած սովի պատճառ հանդիսացած կատուն եւ նրա վզից զանգ կախելու համարձակություն չունեցած մկնիկները։ Իսպառ մոռացել էին, քանզի երկրում սով հարուցող մեկ այլ մեղավոր էին հայտնաբերել։ Իսկ դա՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հանրահայտ առակի ագահ ու անհագ խոզն էր։ Այս հաստավիզ ու ապերախտ կենդանին, հյութալի կաղինները խժռելուց բացի, իր ավերիչ կայֆին հագուրդ էր տալիս նաեւ Երկիր-կաղինը արմատից չորացնելով… Բեմում տեղի ունեցող վերոհիշյալ ագահությանն ու ապերախտությանն ականատես լինելով հանդերձ՝ հանդիսատես, դե արի ու ինքդ քեզ մի հարցրու. – Լա՜վ, ասենք խոզը խոզ է, այն էլ՝ առակի, իսկ ինչպե՞ս վարվենք մեր հաստավիզ բդեշխների հետ, որոնք Երկիր-կաղնու հյութալի պտուղներն ագահ ու անհագ լափելուց հետո գերխոզային վարվելակերպ են դրսեւորում։ Սակայն հանդիսատեսի «ինքնահարցը» մնում է անպատասխան, որովհետեւ հենց այդ պահին նրա լսողությունն է սղոցում արաբա-թուրքա-պարսկական բայաթիաշաղախ կոնգլոմերատը… Օտարահունչ երաժշտությանը հաջորդած կապարանման ծանր լռությունն է ճեղքում ծանոթ գույժը. «Սո՜վ էր, սո՜վ էր»։ Այս անգամ առավել սարսռեցուցիչ է հնչում, քանզի առնչվում էր ոգու սովին։ Ասել է թե՝ Երկրում ստեղծված արհավիրքը՝ խժռելով հացը, գաղափարը եւ մնացյալը, արդեն սպառնում էր մեր բազմադարյա գոյության առհավատչյա մշակույթին։ Եվ թատրոնն էլ այս ներկայացմամբ, խեղդվողներին վերապահված ինքնափրկության իրավունքով ամեն կերպ ջանում է փրկվել նյութապաշտության ամենակուլ ճահճից։ – Իսկ ի՞նչ ժանրի էր ներկայացումը,- իրավամբ կհարցնեն ոմանք։ Անկեղծ ասած, պատասխանը դյուրին չէ, որովհետեւ թատերական բոլոր ժանրերի կարեւոր բաղադրիչները գրեթե առկա էին. դրամա, ողբերգություն, կատակերգություն, վոդեւիլ։ Իսկ առավել բնորոշ՝ այդ ներկայացումը Հայաստան աշխարհի վերջին տասնամյակի մեր խեղաձեւված հասարակության խմբանկարն է… ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել