Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականները հեռացան կենտրոնից

Դեկտեմբեր 12,2001 00:00

Մտավորականները հեռացան կենտրոնից Դեկտեմբերի 10-ը նշվում է իբրեւ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Նույն նպատակով էլ ութսուն տարի առաջ, 1921 թվականին, Լոնդոնում բացվեց դարի ամենալուսավոր գրական ակումբը՝ P.E.N. Club-ը, մեծն գրող Ջոն Գոլսուորդիի նախագահությամբ։ Այժմ արդեն շուրջ 140 ազգային կենտրոն իր մեջ ներառող Գրողների միջազգային ընկերակցության հայկական Պ.Է.Ն. կենտրոնը եւս զբաղվում է մշակույթի մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։ Կենտրոնի նախագահ տիկին Աննա Հակոբյանը գտնում է, որ տասը տարի առաջ հայկական Պ.Է.Ն.-ին զինվորագրվածները ստորագրել են միջազգային հռչակագիր՝ պարտավորվելով հրաժարվել կեղծիքից, ճշմարտությանը հասնելու մղումով, որը Քամյուի խոսքերով, «առեղծվածային է, այնպես է խույս տալիս քեզանից, որ պետք է անընդհատ նվաճել»։ Նրա խոսքերով՝ «ստեղծագործողները ասում են՝ ո՛չ կեղծիքին, ո՛չ ռազմամոլությանը, պայքարելով հանուն մարդկային առաջադիմության, արվեստագետների իրավունքների» ու քանի դեռ աշխարհում կա ոտնձգություն, հետապնդում մշակույթի մարդու հանդեպ, բոլոր երկրների P.E.N. կենտրոնների անդամները սատար են կանգնելու իրար։ Ըստ կանոնադրության, կենտրոնի անդամը չպետք է հարի որեւէ կուսակցության։ Ինչի առիթով էլ տիկին Հակոբյանը բերեց հետեւյալ օրինակները. «Սիլվա Կապուտիկյանը, Ռուբեն Հովսեփյանը եւ Ազատ Եղիազարյանը մեր կենտրոնի անդամներն էին, բայց ինքնաբերաբար հեռացան այդ պատճառով։ Ասեմ նաեւ, որ ինքս դաշնակների ռազմամոլությանը եւ ազգայնամոլությանը դեմ եմ (խնդրում եմ չշփոթեք ազգասիրության հետ), սակայն որեւէ դաշնակ մտավորականի իրավունքները ոտնահարվելու դեպքում, առաջինը կպաշտպանեմ նրանց։ Բոլոր ժամանակներում մշակույթի գործիչների զգալի մասը հալածվել է։ Դեպքեր կան մեր օրերում նույնպես։ Նույն բախտին է արժանացել նաեւ Միջազգային P.E.N.-ի նախագահ, մեքսիկացի բանաստեղծ Հոմերո Արիջիսը, որն իր հոդվածներով պայքարում էր տեղական մաֆիայի դեմ։ Նա փախել է Լոնդոն, ու ներկայումս հասցեն գաղտնի է»։ Ի դեպ, Ա. Հակոբյանը ուրախությամբ նշեց նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Կադանս» երաժշտական կենտրոնի կողմից կազմակերպվող համերգի մասին։ Փաստորեն, Հայաստանում առաջին անգամ ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի սոցիալական կոռուպցիայի դեմ պայքարող գերմանացի կոմպոզիտոր Կուրտ Վայլի առաջին եւ երկրորդ սիմֆոնիաները, «Կոնցերտ ջութակի եւ փողայինների համար» ստեղծագործությունները։ Նկատենք, որ 20-ականների վերջին կոմպոզիտորի «Մախագոնի» երկի թեմաները հասարակության մեջ իրական խառնաշփոթ առաջացրին, իսկ 1933-ին Հիտլերի իշխանության գալով, նա ստիպված հեռացավ Գերմանիայից։ Համերգը, որ նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, կկայանա դեկտեմբերի 14-ին, մի քանի օր ուշացումով։ Անկեղծ ասած, ուշացում էլ չի կարելի համարել սա, քանի որ Ս. Հակոբյանի խոսքերով. «Մշակույթի մարդու համար ամեն օր էլ դեկտեմբերի 10-ն է»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել