Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողների մեծագույն հոգսերից մեկն այսօր երեխաների դպրոցական պահանջները

Դեկտեմբեր 13,2001 00:00

Թերուսությունն էլ է պաշտոնի գրավական Ծնողների մեծագույն հոգսերից մեկն այսօր երեխաների դպրոցական պահանջները բավարարելն է, ինչը հաճախ շատերին անհնար է թվում՝ անվճարունակության պատճառով։ Չնայած այս ամենին՝ աշակերտ-զավակները շարունակում են «մտնել» ծնողների գրպանները։ Ինչը մեծ թափ է ստանում հատկապես ավարտական դասարաններում, երբ աշակերտները սկսում են մասնավոր պարապմունքներով նախապատրաստվել ընդունելության քննություններին։ 9- 10-րդ դասարաններից սկսած, վերջիններս յուրովի են դատարկում ծնողների գրպանները՝ ռեպետիտորներին վճարվող գումարների պատճառով, որոնք տատանվում են ամսական 30-100 դոլարի սահմաններում։ Կենտրոնի դպրոցներից մեկում ավարտական դասարանների աշակերտների շրջանում կատարված հարցումներից պարզվել է, որ ընդունելության քննություններին նախապատրաստվում է նրանց 80%-ը։ Պարապող աշակերտների 60%-ը «վարժեցվում» է դասախոսների, իսկ 40%-ը՝ ուսուցիչների մոտ, թեեւ միայն 15%-ն է վստահ, որ բարեհաջող կհաղթահարի բուհերի մուտքի պայմանը՝ ընդունելության քննությունները։ 25%-ը ի սկզբանե գիտի, որ իր ընդունակությունները չեն ներում բուհական քննություններ հանձնելու համար, սակայն ստիպված հաճախում է նախապատրաստական պարապմունքներին՝ «մամայի սիրտը չկոտրելու» եւ ծանոթ-բարեկամներին «տրաքացնելու» նպատակով։ Պարապողների 30%-ը հույսը դնում է «պապայի հնարավորությունների» կամ «քննական մաֆիայի» հետ կապեր ունեցող ծանոթների վրա։ 20%-ը պատրաստ է ուրախությամբ վճարել ուսման վարձը (անկախ չափից)՝ վճարովի հիմունքներով սովորելու առաջին իսկ հնարավորության դեպքում։ 15%-ը միջոցներ չունենալու դեպքում էլ մի կերպ կլուծի ուսման վարձի խնդիրը, իսկ 65%-ը կզսպի ուսանող դառնալու գայթակղությունը, եթե հայտնվի պետպատվերի շրջանակներից դուրս։ Քննությունների ժամանակ ձախողվելու դեպքում՝ 30%-ը առանց վարանելու բախտը կփորձի նաեւ հաջորդ տարի։ Գոնե երրորդ տարին ուսանող դառնալու համար պատրաստ է պայքարել ընդամենը 2%-ը։ 53%-ը մտադիր չէ երրորդ անգամ եւս «անդարդ» գլուխը ուսման «ցավի տակ դնել»։ Իսկ 15%-ը մտադիր է այլ ճանապարհով դիպլոմ ձեռք բերել։ Ապագա ուսանողների 15%-ը երազում է լավ մասնագետ դառնալ, հավատարիմ՝ «գործը վարպետից է վախենում» սկզբունքին։ 5%-ը պատրաստ է ուսումը շարունակել նաեւ ասպիրանտուրայում՝ վայելելու համար գիտական դափնիների հաճույքը։ 30%-ի համար էականը ոչ թե բուհում գիտելիքներ ստանալն է, այլ ուսանողական բուռն կյանքով ապրելը։ Իսկ հարցմանը մասնակից պարապողների 50%-ը հայաստանյան փորձից գիտե, որ առանց բուհում սովորելու եւ գիտելիքների էլ կարելի է լավագույն պաշտոններ զբաղեցնել, դառնալ ԱԺ պատգամավոր կամ նախագահ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել