Լրահոս
Օրվա լրահոսը

խաչի անվամբ ծպտվածները

Դեկտեմբեր 22,2001 00:00

վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում գահակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: «Ֆրանկների» թվում նաեւ նրա Ժոսլին որդին է, դուստրը` Ստեֆանին, որին տեղավորում են գավառի ատենադպիր Մատթեոս քահանա Ուռհայեցու տանը: Նրանք ուղեկցում էին թագավորին, քանի որ վերջինիս ռազմարշավի նպատակը նախկինում գերված իրենց հոր ազատագրումն էր: Շուտով Բեհեսնի է ժամանում նաեւ Եվմորֆիա թագուհին, որը չնայած առաջացած տարիքին, հղի է: Տագնապալի լուր է գալիս, որ թուրքերը պաշարել են Խառան կարեւոր բերդաքաղաքը: Գժտության եզրին են Ռուբինյան եղբայրները, քանի որ Լեւոնը խախտել է խաչակիրներին չաջակցելու պայմանը, որ ավագ եղբայրը` Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոսն ու ինքը կնքել էին ամիրայի հետ: Տեր Մատթեոսի դստերը սարկավագ Գրիգորն ամուսնություն է առաջարկում. իրիցկինը դեմ է` փեսացուի ցածր ծագման պատճառով, իսկ քահանան տալիս է օրհնությունը` ժամանակին նույն խնդրին բախված լինելով: Եվմորֆիա թագուհին դժվարությամբ, բայց ծննդաբերում է: Իշխանազն Ռուբենը հաջողությամբ ասպատակում է Բալակի տիրույթները, որպեսզի նրան շեղի Եդեսիայի կոմսության խորքը ներթափանցելուց: Այս իրադարձությունների առթիվ Լեւոն իշխանը խնջույք է հրավիրում, որից ապարդյուն փորձում է խուսափել Մատթեոս քահանան: Տպագրվում է սեպտեմբերի 8-ից, շաբաթօրյա համարներում: 50. խրախճանքից հրաժարվելու միտքս դուր չէր եկել իրիցկնոջը: Առիթից օգտվելով՝ գանգատվեց, որ ես իրեն անտեսում եմ, եւ հիշեցրեց, թե ինչպես մեր դստեր ամուսնության կարեւոր հարցում սարկավագ Գրիգորին օրհնություն տվեցի՝ առանց իր կարծիքը բանի տեղ դնելու: Ըստ նրա, ես էի կլանված, աչքիս ոչինչ չէր երեւում, բացի «Ժամանակագրությունից», եւ մտքովս էլ չի անցնում, որ կինս Բեհեսնիում ոչ մի հետաքրքրություն չունի: Մանավանդ՝ Եդեսիայի համեմատ, որտեղ եթե ուրիշ ոչինչ չկատարվեր, լճակի շուրջը զբոսանքներն ու ամսագլխի տոնախմբությունները բավական էին, որ մարդու կյանքը լցվեր: Հիմա էլ, չնայած խարտուլարի դիրքիս, խույս եմ տալիս մասնակցելու մի հանդիսության, որն իր ներկայությամբ Երուսաղեմի թագուհին է պատվելու: Կարծես թե այստեղ երբեւէ նման պատեհություն կլինի: Ընդդիմացա, թե ես խարտուլար չեմ, քանի որ չէի ախորժում այդ հունարեն բառը: «Թող ջանցլեր լինի»,- ֆրանկների ձեւով կոչեց ինձ նա: «Ոչ էլ ջանցլեր եմ, որ թագավորության, դքսության կամ կոմսության պաշտոնյա է: Տկար ու սակավագետ Մատթեոսս այս գավառի ատենադպիրն եմ, որը չի կամենում տարիների խստակեցությունը եղծել խնջույքի զեխությամբ»: «Բայց կյանքն անցնում է, Մատթեոս»,- իր կռվազան կեցվածքից չնահանջելով՝ հայտարարեց նա: Ուրեմն, մտադրվեցի նրան հորդորել ես, պարտավոր առավել եւս շտապել, որ մեզ պատրաստենք Աստծո դատաստանին ներկայանալուն, բայց զլացա նույնը կրկնել եւ տարակուսեցի, թե արդյոք ակնբա՞խ չէ՝ որեւէ զվարճանք ժամանակի ընթացքը չի կասեցնի: Բայց այս բոլորը նախորդ երեկոյան էր, իսկ այժմ հարկադրված իրիցկնոջը ծանուցեցի, թե, հոգեւոր պաշտոնիս բերմամբ, իշխանն անխուսափելի է համարում իմ ներկայությունը տոնահանդեսին: Հակառակ սպասածիս, նա լուրը որպես ավետիս չընդունեց, այլ հանկարծահաս վհատվածությամբ թոթվեց ուսերը, թե ինձ հազիվ թե ընկերակցի, որովհետեւ չի հասցնի նախապատրաստվել: Ես նկատեցի, որ դեռ ժամեր կան առջեւում, ինքն էլ, հասկանալի է, հոնքերը ծարիրով չի մրազարդելու կամ այտերը սնգույրով սպիտակեցնի, կամ շուրթերին կարմրություն տա: Անպատկառ կանանց նմա՛ն: Իրիցկինը պատասխանեց, թե աղաչում է իր տեղը չվճռել, թե ինչ ժամանակ տրամադրի հարդարվելուն, որ ուրիշների մոտ ամոթով չմնա: Նա որոշ միջոց նստեց տխուր, ձեռքը ծնոտին հենած, հետո վեր կացավ ու սկսեց արագ-արագ հագուստներ հանել սնդուկից: Առանձնացրեց մուգ կապույտ, ուռուցագնդավոր թավշյա զգեստը, բայց ի վերջո դա էլ մյուս բոլորի պես հետ դրեց՝ պատճառաբանելով, թե անզոր է այսպիսի հոգեվիճակով պալատում երեւալ: Իր համառությանը ծանոթ լինելով՝ ես չփորձեցի տարհամոզել, միայն ափսոսացի, որ՝ իսկությունը պատմելու անկարող, ստիպված էի բոլորին խաբել, թե իրիցկինը վատառողջ է: Իսկ ես հագուստներս ընտրելիս, չնայած հանդիսության աշխարհիկ բնույթին, ճիշտ գտա գլխաբաց ներկայանալ, որովհետեւ պաշտամունք էի կատարելու: Իսկ Պողոս առաքյալն, առանց տեղին խտրություն դնելու, ինչը շատ մեկնիչներ չեն նկատել, կորնթացիներին հղած առաջին թղթում աղոթք անողին պարտավորեցնում է. «ամեն այր մարդու գլուխը Քրիստոսն է, ու կնոջ գլուխը՝ այր մարդը… Ամեն այր մարդ, որ գլուխը գոց է աղոթքի կանգնում կամ մարգարեություն անում, անպատվում է իր գլուխը…», այսինքն՝ Քրիստոսին: Կնգուղս հանելուց հետո շոշափեցի գագաթս ու համոզվեցի, որ նոր սափրած պահեզիկս հարթ էր ու կլոր՝ ածիլելու կարիք չկար: Իսկ ահա նրա բոլորքից աճած մազերը, որ Փրկչի փշե պսակն էին խորհրդանշում, երկարել ու թափվում էին ուսերիս: Կարգը պահանջում էր հասարակների պես կարճ պահել մազերը, բայց, համարելով դա արտաքինի հանդեպ լրացուցիչ հոգացողություն, ես գերադասում էի այս խնդրում չխուսափել ազնվականներին նմանվելուց, ուստի հիմա էլ ուշադրության չառա: Իրիցկինը սնդուկից դուրս էր բերել սրբազան հանդերձներս: Եռանդով հանեցի ամենօրյա սպիտակ փիլոնս, խնամքով կախեցի պատի խորշում, նույնիսկ աչքիս զարնեց, որ մրոտվել է՝ ժամանակն է լվանալու: Բայց երբ պարեգոտս էի քաշում գլխիս վրայով, միանգամից հոգնեցի ողջ հագուստ-կապուստից եւ կիսահանել մնացի սպիտակ մետաքսի լուսավոր անթափանցության մեջ: Նման խոնջություն սովորաբար խորը գիշերին էր ինձ պատում, իսկ հիմա՝ ցերեկ օրով, զգացածս ավելի շուտ տարօրինակ ահ էր տոնախմբության հանդեպ: Համբերեցի, մինչեւ անցավ ժամեր թվացող պահը, ապա վերջնականապես ազատվեցի պարեգոտից: Հագա ձեռնադրմանս օրվա կապույտ պատմուճանս, որի օձիքը, թեզանիքներն ու փեշերը ոսկեգույն էին: Ուսերիցս, ըստ սահմանվածի, կախեցի ոսկենկար նեղ ուրարները, որ իրենց ծփուն ու ծոպավոր եզրերով հրեշտակի թեւերի էին նման, եւ ուղղեցի դրանք այնպես, որ ծայրերի ասեղնագործ խաչերն իրար հավասար լինեն: Վերջում վրաս առա բարեհիշատակ իշխանուհի Բեատրիսի նվերը՝ պատարագամատույցի մորեգույն ծաղկակերպար նափորտը, որ ռամիկները կոչում են շուրջառ, եւ տնից օրվա նպատակներին հարմար մի քանի շարակնոց, խազտետրակ ու Աղոթամատույցը վերցրած գնացի եկեղեցի: Այնտեղ ընտրեցի եւս երկու գանձատետր եւ պատարագի ու ժամերգության մանրուսումներից այնպիսիք, որոնց հավաքածուները դժվարին եղանակներով ու բարդագույն խազերով հորինված երգեր էին: Գավթում, նույնպես սրբազան զգեստներով, կազմ ու պատրաստ սպասում էին Գրիգոր սարկավագը, երկու կիսասարկավագներս ու երեք դպիրներս, որոնց ուղեկցությամբ ճանապարհվեցի պալատ: 51. բեատրիսը կրոնավորներիս միացավ, երբ կատարում էինք մանրուսումները: Թեեւ միայն ամիսներ էր դաս առել մի երաժշտից, բայց բարեպաշտ զրույցների ու երգեցողության հավաքույթներին, որքան էլ բարդ մեղեդիներ ընտրեի՝ այս անգամվա նման, իշխանադուստրը հաղթահարում էր: Օրիորդը նաեւ միայնակ երգեց Գրիգորիս հայրապետի շարականներից մի քանիսը, որոնցից երկուսը՝ «Խորհուրդն անճառն» ու «Մեծահրաշը», չնայած կաթողիկոսի երիտասարդ հասակին, կատարյա՛լ հորինվածքներ էին: Բեատրիսն ինքն էլ դրանք չնաշխարհիկ՝ թերեւս միայն հայ կանանց հատուկ տրտմությամբ էր երանգավորում, եւ եթե հովվապետը երբեւէ լսեր նրան, գուցե արտոներ պատարագներին էլ մասնակցել, թեեւ կարգը խիստ էր: Մասնավորապես, երբ կինը դաշտանիկ էր, նրան արգելվում էր ոչ միայն խաչը կամ քահանայի ձեռքը համբուրել, այլ նույնիսկ եկեղեցի ոտք դնել: Աղոթքների ու օրհներգության ավարտից հետո իշխանը բաժակաճառեր արտասանեց: Նախ կյանք մաղթեց նորածնին, որին կնքել էին Իվետ անունով, եւ բոլորը ոտնկայս խմեցին արքայադստեր կենաց համար: Ապա նա Եվմորֆիային ընծայեց «Կռունկի աչք» անունով ալմաստը, եւ հրամայեց ներս թողնել հյուսն Մարգարին, որը «հավետ ապրես, այ դու հավետ ապրես» կմկմալուց ավելի չկարողանալով խոսել, թագուհուն մատուցեց միայն արմավի կորիզներով սարքած սեղանը, որը երեք տարվա չարչարանքի արդյունք էր: Լեւոնը նրան տասը ոսկի բաշխեց, այնուհետեւ, Ռուբենին անդրանիկ զավակ հորջորջելով, գավաթ բարձրացրեց նրա պատվին եւ արեւշատություն ցանկացավ՝ իր արիության չափով: – Ոչ ոք չէր քնում այն երկրներում, որոնց վրա դեռ չէին հարձակվել սելջուկները,- ասաց իշխանը,- իսկ մեր թագավորներից Վասպուրականի Արծրունիները եւ Կարսի Գագիկ Բագրատունին իրենց հողերը հոժարակամ հանձնեցին բազիլեւսին, որպեսզի հեռանան թուրքերի աչքից: Բայց մենք՝ Ռուբինյաններս, չենք սպասել, որ իրենք հարձակվեն, այլ, մեր լեռներից հանկարծակի իջնելով, խուճապահար ենք արել նրանց: Քո ասպատակությունից հետո, Ռուբեն, թող Բալակի՛ քունը չտանի, թող տանջվի՛ մտածելով, թե որ կողմում կհայտնվես հաջորդ անգամ: Կեցցե՛ս, երկար ապրե՛ս: – Խաչը հաղթե՛ց,- ի պատասխան բղավեց Ռուբենը: Նրա խոսքերը կրկնեցին շատ ազատներ ու ասպետներ: Ռուբենը ոտքի վրա սպասեց, մինչեւ բոլորը դատարկեցին իրենց գավաթները, ապա ձեռքով նշան արեց, որ մատռվակներն ու հացարարները դադարեն սպասավորել. – Հավիտյան կա՛ց, ամենակատարյալ թագուհի, ողջություն եմ ցանկանում, մեծ իշխան Լեւոն՝ իմ հայր, հարգապատիվ հոգեւոր հայրեր, ազնվազարմ բարոններ, տերեր եւ տիկիններ: Ինձ չմեղադրեք, բայց հանդիսության առիթներից անմիջապես հետո ուզում եմ, կարգը խախտելով, կտրիճ զինվորներիս կենացը խմել,- եւ միջոց չտալով, որ իրեն արտոնեն կամ՝ ոչ, շարունակեց:- Քանի-քանի՜սն են մեր ազգին փառք բերել Հայաստանում, բայց ո՞րն է արդյունքը՝ ա՞յն, որ պանդու՞խտ ենք ու հայրենիքից հեռու՞: Փիլարտոս Վարաժնունին, Մամիկոնյան Թոռնիկը, Գող Վասիլն ընդարձակ աշխարհների են տիրել մեր շուրջը, բայց նրանց իշխանություններից էլ չի պահպանվել համարյա ոչինչ: Այդ պատճառով, քաջե՛ր, ձեր կյանքի համար եմ խմում նախնյաց կենացից առաջ: Դուք եք երկիրը պահում ու սահմաններն ընդլայնում: Թող մեր սրերն զորեն այնքան, որ ապագայում սիրտ ու համբերություն ունենանք ըստ կարգի հիշելու նախ՝ անցյալն ու հայոց երեւելիներին, ապա միայն՝ ներկաներին ու նրանց սխրանքները: Ռուբենը մատռվակի ձեռքից առավ թակույկը, անձամբ գինի լցրեց խնջույքին հրավիրված զինվորներին, բոլորի հետ գավաթ խփեց, ապա միայն խմեց: Իշխանը չսաստեց նրան ինքնակոչ ելույթի համար, այլ ոտքի կանգնեց ու իր դրվատանքը միացրեց որդու խոսքերին: Խրախճացողներին որսի թռչնամսեր մատուցեցին եւ որոշ ժամանակ բոլորը դրանք էին վայելում: Այնուհետեւ արարողապետ Խաչատուր ազատը ծափ զարկեց երեք անգամ, եւ ծառաներն ակնթարթորեն փակեցին դահլիճի վարագույրները: Գիշերվա նման խավար տիրեց, չնայած որ դեռ Հուրթափյալն էր, եւ մի ժամ կար մինչեւ մութն ընկնելը: Հյուրերն աստիճանաբար լռեցին՝ տարակուսած: Երբ վերջին շշուկը դադարեց, սրահի դռան վարագույրը բացվեց եւ հայտնվեց երկու ծառա՝ կանաչ շորերով ու գլուխները ճյուղերով պսակված: Նրանք բերում էին փայտե մի ահռելի մատուցարան, որի եզրերին շարած մոմերը լուսավորում էին մեջտեղում պառկած եղնիկը: Որսը դրեցին Եվմորֆիայի դիմաց, որը, դեմքը դեռ դժգույն՝ ծննդաբերությունից հետո, թույլ ու ակամա ժպիտով քաջալերեց տեսարանը ճարտարողներին: Ուրիշ ամբողջովին խորոված չորքոտանիներ էլ դրեցին սեղանին, ապա սպասավորները սրահը զարդարեցին մոմակալներով, եւ պարզ դարձավ, որ, ի պատիվ թագուհու, Լեւոնը հանդիսությունն անցկացնելու է ոչ թե ջահերի ու ձեթի ճրագների ներքո, այլ՝ թանկարժեք անուշահոտ մոմերի: Իշխանը կտրեց ու թագուհուն հրամցրեց արքայական որսի առաջին պատառը, ապա պատվեց նաեւ տիկնանց ու ասպետներին՝ պտտվելով երկար սեղանի շուրջը: Երբ շատերն արդեն հագեցած ետ քաշվեցին պնակներից, նրանց, ովքեր ձեռքով էին կերել եւ ոչ՝ դանակով ու եռաժանի արծաթե մսակալով, ծառաները մետաղյա կժերով ջուր լցրին՝ լվացվելու: Խաչակիրների համար նաեւ մոխիր բերեցին, որ յուղոտված մատները տրորեն, քանի որ բոլորովին սովոր չէին օճառի: Այդ ժամանակ էր, որ ներս եկան գուսաններն ու վարձակները, հացկատակները, ժոնգլյորները, ասացողները, պարավորները, թովիչը եւ նույնիսկ երկուսը փողոցը նստող բոզերից, որոնք արվեստի շնորհք չունեին, բայց գեղադեմ էին: 52. Մեր գուսանները գովերգեցին ծովի ջրից ծնված Սանասարին ու Բաղդասարին, Մեծ Մհերին, որին կոչում էին Առյուծաձեւ: Շատ չափազանցություններ հնչեցրին: Իբր Եգիպտոսի Մըսր քաղաքի Իսմիլ խանումը, «Թե չգաս, քան զիս շատ կնիկ ես» գրությամբ չարացնելով Մհերին, կանչում է, որ նրանից ժառանգ ունենա: Մհերի կին Արմաղանը նստած քառասուն տարի սպասում է, եւ երբ վերջապես ամուսինը վերադառնում է, ու նա տեղից վեր է կենում, շորերը ցած են թափվում՝ վրան փտած լինելով: Հետո թագուհու առաջարկով լատին կրոնավոր Ռիշարը «Երուսաղեմի երգն» ասաց: Թե ինչպես են ասպետները երդվում, որ թեկուզ քաղաքի պարիսպները պողպատից լինեն, իրենք կրծեն-կմաշեցնեն, քանի որ այստեղ մարմնացյալ սեր Քրիստոսն է զոհվել: Քաջաբար մարտնչելով՝ առաջինը Լուդոլֆ եւ Անժիլբեր եղբայրներն են Երուսաղեմ ոտք դնում, ապա, փայտե աշտարակից ներս ցատկելով, դարպասները բացում է Գոդֆրուան՝ ապագա թագավորը: Երբ կրոնավորը խորը շունչ քաշելու չափ պահ դադար տվեց, նրան անմիջապես շարունակեց ժոնգլյորներից մեկը. Քաղաքում սրամերկ ֆրանկներն են շրջում, Ով որ գութ է հայցում, նրան իսկ չեն խղճում, Թուրքերն են ցած թափվում, ինչպես ցնցվող կաղնուց Քոքերն այն ճյուղերի, որ փտել են վաղուց: Մի ուրիշ ժոնգլյոր սրանից հերթը խլեց «Անտիոքի երգ»-ով, ուր պատմվում էր, թե ինչպես Փիրուզ անունով իսլամացած հային, որին անհավատները վստահել էին քաղաքի հարյուր երեսուն աշտարակներից երեքի պաշտպանությունը, Քրիստոսը երազ է գալիս ու հրամայում բերդը հանձնել խաչակիրներին: Ուրացողը, որի հայրը լանջապանակներ կռող արհեստանոցի տերն էր, թաքուն կապվում է Բոհեմունդ իշխանի հետ: Ասպետներից ոմանք դեմ են լինում, որ կանանց վայել խաբեությամբ տիրեն Անտիոքին, բայց մեծ բանակին տանջող սովի պատճառով համաձայնում են: Գիշերով կաշվե սանդուղքը ցած է իջեցվում Երեք քույրերի աշտարակից, ֆրանկ զինվորները, առաջինը՝ լոմբարդացի Պայենը, ներթափանցում են քաղաք ու տասը հազար հոգու կոտորում: Քաղաքի Աղսիան ամիրան ճողոպրում է հյուսիս-արեւելյան փոքր դարպասներից, բայց հայ գյուղացիները ճանաչում ու մանգաղով կտրում են գլուխը, ինչպես որ ես էլ էի արձանագրել «Ժամանակագրությանս» մեջ: Բոհեմունդը, մյուս առաջնորդների հետ վիճարկելով, խորամանկությամբ իրենն է հայտարարում Անտիոքը: Փիրուզը, ոչինչ չստանալով խաչակիրներից, նորից հավատափոխ է լինում եւ շուտով մահանում՝ բոլորի կողմից արհամարհված: Հայ ազատները մեր գուսաններից պահանջեցին իրենց «Տղայի եւ Աղջկա պատմությամբ» զվարճացնել, որը բազմաթիվ հարցուպատասխաններ էր պարունակում: Այն մատյաններով էլ էր տարածվում, եւ բոլորը ձգտում էին իրենց տանն ունենալ, թեեւ սրբերի վկայաբանությունները նույն եռանդով չէին տալիս արտագրելու: Գուսաններն, իրենց վարպետությունը ցուցադրելու համար, գրվածից տարբեր՝ կաֆաներ ավելացնելով էին պատմում զրույցը, որոնցից շատերը հնարում էին հանպատրաստից: Զրույցը մի քաղաքի ծեր իշխանի մասին էր, որը մեծատուններից ավելի գանձի տեր է լինում, բայց՝ անզավակ: Երեխա է աղաչում Աստծուց, եւ նա տալիս է մի աննման որդի, որն իմաստասիրության ուսում առնում, դառնում է «աստղագետ եւ անհաղթ պատերազմող»: Բայց հետո տարվում է ուտել-խմելով, հորն ու մորը «թողնում դատարկ»: Երբ ծնողների տունն ու կալվածքն էլ է մսխում, առաջարկում է նրանց օտար երկիր գնալ, որպեսզի այնտեղ մուրան ու ապրեն՝ «ո՛չ իրենք տրտմելով, ո՛չ չարակամներին ուրախացնելով»: Գնում են Հռոմ, որտեղ մի հարուստ ու իմաստուն թագավոր է լինում: Սա որսից հետ է գալիս, տղան դիմում է, թե երկու ծառա ունեմ ծախու՝ այր ու կին: Թագավորն ասում է՝ բեր, եւ ես կգնեմ: Տղան, ծնողների առաջ արդարանալով, թե այնպես պետք է անի, որ ե՛ւ ինքն ապրի, ե՛ւ նրանք, հորն ու մորը վաճառում է մի լավ ձիու, զենք- զրահի ու ձեռքի ծախսի հարյուր ֆլորինի դիմաց: Ծերերը միայն ասում են՝ դու գիտես, որդյակ, եւ օրհնում: Տղան երեք օր ճանապարհ է գնում, հանդիպում է մի ուրիշ երիտասարդի: Բարեւում են իրար ու ընկերանում: Երբ տղան պատմում է ծնողներին վաճառելու պատմությունը, մյուսը խղճահարությունից իր թագավորից հղած ավետիսը, որը պետք է հասցվեր կղզիների թագավորին, փոխանցում է ընկերոջը, քանի որ թղթաբերին շատ պարգեւներ էին սպասում: Տղան նամակը դնում է կաշվե քսակն ու գնում է: Բայց ճամփին, հանկարծակի հորն ու մորը հիշելով, այնքան է լաց լինում, որ հոգնում-ննջում է ձիու վրա, եւ զարթնելով՝ տեսնում, որ մոլորվել է: Ծարավից տանջվում են հեծյալն էլ, ձին էլ, մինչեւ տղան գտնում է հին ժամանակների մի ջրհոր, մեջն իջեցնում քսակն ու ջուր քաշում: Կուշտ խմում են, մեկ էլ աչքն ընկնում է քսակից հանած նամակին, որը բացում-կարդում է. «Այսինչ անունով կղզիների թագավորին՝ սիրո ողջույն: Իմացիր, եղբայր, որ թղթաբերս անհավատ եւ մեզ նենգություն արած մարդ է: Ողջ գանձերիս վերակացուն էր, բայց իմ դստերը վնաս գործեց: Ցանկանում էի դրան կորուսանել, բայց որպեսզի մեր խաղքությունը մարդ չիմանա, ուղարկում եմ, որ դու վերջացնես՝ ի սեր մեր եղբայրության»: Պատռում է թուղթը, օրհնում է ծնողներին, որ իրեն ուսումնագետ արեցին, որի շնորհիվ ողջ մնաց: Գնում, հարցուփորձով գտնում է այն թագավորի քաղաքը, ում որ նամակն ուղղված էր: Մի պառավի տանն է իջեւանում, որից, «մի սակավիկ» հանգստանալուց հետո, իմանում է, որ թագավորը գեղեցիկ ու իմաստուն դուստր ունի: Աղջիկը համաձայն է ամուսնանալ միայն այն արքայազնի հետ, ով իր հարցերին կպատասխանի, բայց արդեն իննսուներկու երիտասարդի գլուխ է կերել: Տղան գնում է բաղնիք, հագնում է շքեղ զգեստներ, անուշահոտում իրեն վարդաջրով ու մուշկով եւ մտնում թագավորի պալատ: Ըստ պատմության, աղջիկը նրա հետ թարգմանիչ պառավի միջոցով է խոսում եւ նստած է լինում թանկագին քարերով զարդարված բարձր թախտին, որտեղից դեմքը չէր երեւում: Բայց վարձակ Վանինեն, որը ներկայացնում էր նրան, առաջ եկավ եւ, մուգ-սեւ մազերը հանդգնորեն ծածանելով, ասաց. – Որո՞նք են, որ ինչքան ապրեն, այնքան կմեծանան: Տղան, որի փոխարեն հնակարկատ Օվանեսի որդի Շերանիկն էր, պատասխանեց. – Ծովում ձուկն է, ցամաքում՝ օձը: – Ի՞նչ ծառ է, որ ունի տասներկու ճյուղ, ամեն մեկին՝ երեսուն տերեւ, իսկ պտուղները սեւ ու սպիտակ են: – Ծառը տարին է, ճյուղերն՝ ամիսները, տերեւներն՝ օրերը, եվ պտուղները գիշերն ու ցերեկը: – Ի՞նչն է, որ արեւի երես միայն մի անգամ է տեսել: Խրախճացողներից մի քանիսը, չզսպելով իրենց, գոռացին. – Կարմիր ծովի հատակը, որ Մովսեսը պատռեց Աստծո հրամանով: Վարձակը կարծես դրան էր սպասում. սեթեւեթանքով զգուշացրեց. – Լավ, սրանք ամեն մի երեխա էլ կիմանար: Ի՞նչ արարածի է ուղարկել Աստված, որ ո՛չ մարդ էր, ո՛չ հրեշտակ, ո՛չ չարք: – Երբ Կայենը Աբելին սպանեց, Ադամը շվարել էր: Աստված երկու ագռավ ուղարկեց դեսպան, որոնցից մեկը մյուսին սատկացրեց, հետո հողը փորեց ու թաղեց: Ադամն էլ սովորեց, թե ինչպես վարվի: – Ովքե՞ր են, որ հայրն ու որդին նույն մորից ծնվեցին եւ սուրբ կոչվեցին: – Այն լատինացին է, որի հայրը մեռել է, որդին զինվորել՝ այլ աշխարհ է գնացել, հետո եկել մոր տանը մնացել է որպես հյուր, եւ իրար են առել: Շատ հետո են իմացել, որ մայր ու որդի են: – Մի տուն կա, մեջը՝ ոսկի, պատերն արծաթ, բայց թե մի չնչին էլ վնասվեց, երկիր-աշխարհ հավաքվեն, չեն նորոգի: – Հավկիթն է: – Ե՞րբ ստեղծեց Աստված Ադամին: – Մարտի քսանհինգին, օրն՝ ուրբաթ: – Մի պանդոկ կա երկրի վրա Ճանապարհին ամեն օրվա, Մեծարում են հյուր եկողին, Բայց կողոպտում խեղճ մեկնողին, Միայն փող ու գանձ չեն շորթում՝ Բան չեն թողնում ադամորդուն: – Աշխարհը: – Ո՞ր երկու սիրելիներն են, որ ատում են իրար: – Հոգին ու մարմինն են. մարմինը մեղավոր է, ու հոգին ատում է նրան: Գիշերն ու ցերեկն են: – Ես մեկը հարցրի, դու երկուսն ասացիր,- վախեցավ Վանինեն:- Իսկ ի՞նչն է, որ կարող է մարդուն թե՛ հարստացնել, թե՛ սնանկացնել: – Ճիճուն, նայած թե այդ տարի ինչքան մետաքս կգործի: Եվ՝ մարդու խելքը, նայած թե նրան որ կողմ կքշի: Նորից երկու պատասխան լսելով՝ աղջիկը բաց է թողնում տղային, եւ այդպես շարունակվում է երեք օր, մինչեւ որ հասնում է հարց տալու տղայի հերթը. – Ո՞վ է, որ հարուստ էր՝ աղքատացավ: Հորը որպես հագուստ հագավ, հեծավ մորը եւ գնաց, որ իր ապրանքը գտնի, մահը հասավ իրեն, քսակի մեջ մտավ, նա մահով ջուր խմեց ու ձիուն խմեցրեց, եւ երկուսն էլ ապրեցին: Աղջիկը մտածելու ժամանակ է պահանջում, բայց նույն երեկոյան իր երկու նաժիշտների հետ, շուկայից գնած սպիտակ հաց, երկու կուժ անուշ գինի, խորոված գեր սագ ու հավ, որոնց փորերը շաքարախառն բրինձ են լցոնում, թակում է պառավի դուռը, որ խորամանկությամբ պատասխանն իմանա: Ձայնը փոխած ասում է, թե թագավորի դարպասի աղջիկներից ենք, քո սերն է մեզ բերել, չենք հեռանա, մինչեւ ներս չառնես: Այստեղ բոլորը ձեւ արեցին, թե իբր կերան, խմեցին, ապա Վանինեն սկսեց կաքավի նման հետույքը շարժելով պարել, կաքավեցին նաեւ նաժիշտները, որից ոգեւորված ազատներն ու ասպետներն անմիջապես ծափ զարկեցին: Պարը Շերանիկի սերը բորբոքեց, եւ նա վարձակին խնդրեց՝ «Հրամայիր, որ պառկենք»: Բայց սա պայման դրեց, որ եթե ուզում է իր հետ մեկ լինել, թող պալատի իր խոսքը մեկնի: Տղան մերժեց՝ թե դա իր մահն է նշանակում: Վարձակը հանեց հագուստները, մնաց թափանցիկ շապիկով, նստեց գիրկը, կաֆաներ ասաց, մինչեւ «սիրուց ու գինուց թմրած» տղան իր գաղտնիքը բացեց, իսկ աղջկան էլ չկարողացավ ոչինչ անել: Առավոտյան տղան հասկանում է, որ ողջը արքայադստեր հնարքն է եղել, բայց ուրախությամբ նկատում է, որ նրա ոսկեկար շապիկը մնացել է իր մոտ: Հետո՝ պալատում, երբ աղջիկն, արքունիքին հիացնելով, գուշակում է տղայի խոսքի իմաստը, սա հարց է տալիս, թե այն ո՞ր թռչունն է, որն ուներ ոսկե փետուր, հետը՝ սպիտակ հաց, փորլից սագ, գինի, ծոցս առա՝ փախավ, բայց փետուրը թողեց: Աղջիկը խիստ վախենում է մատնվելուց, համաձայնում է, որ պարտվել է, յոթ օր հարսանիք են անում, տղայի հորն ու մորն էլ կանչում են: Այս սուտ հարսանիքն առիթ ծառայեց, որ շատերը ելնեն պարելու, ինչպես որ վարձակներն էին հրապուրում՝ ձեռքերը նազանքով ճոճելով: Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել