Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՍՏԱՆՁՆԵՆ»

Հունվար 30,2002 00:00

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՍՏԱՆՁՆԵՆ» «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքի ընդունումը եւս Եվրախորհրդի պահանջներից էր, որը երկրի օրենսդիր մարմինը կատարեց «Միասնություն» խմբակցության պառակտման հաշվին։ Ի սկզբանե ենթադրություններ եղան, որ գերլիազորություններով օժտված խորհրդի նախագահի պաշտոնը չափվում-ձեւվում է նախագահ Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանի չափսերով։ Այս մասին հրապարակավ չէր խոսվում, սակայն քաղաքական անցուդարձի ետնաբեմում ամենքը գիտեին այդ մասին։ Ավելի ուշ շոշափվեց նաեւ Խոսրով Հարությունյանի անունը։ Օրենքի ընդունումից հետո ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը եւս նկրտումներ է ունեցել վերոհիշյալ տեղի համար։ Վերջին երկու անուններն այդպես էլ մնացին օդի մեջ, իսկ Ալեքսան Հարությունյանին նախընտրական տարում նախագահը չէր կարող առավել պատասխանատու եւ աչքի զարնող պաշտոնի նշանակել, քանի որ նրա անունը չափազանց շատ է կապված «27»-ի հետ, եւ նախագահն ինքն իրեն դրանով հարվածի տակ չէր դնի։ Մենք համամիտ ենք այն ենթադրություններին, որ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնում Մանվել Բադալյանի նշանակումը նպատակային էր՝ նոր մարդ, նախագահական թիմի թարմացում, նախագահի հրահանգներն անվերապահորեն կատարող եւ այլն։ Հետաքրքիր է, որ ինքը՝ Մանվել Բադալյանը, որեւէ վատ բան չի տեսնում նրանում, որ իրենով նախագահը ուզում է թարմացնել իր թիմը։ Ըստ Մանվել Բադալյանի, երկիրը գտնվում է այնպիսի վիճակում (նկատի է առնվում վստահության պակասը իշխանությունների հանդեպ, հասարակության օտարվածությունը պետությունից, բարոյահոգեբանական մթնոլորտը), որ այս ամենը թուլացնելու, հաղթահարելու ուղղությամբ իր գլխավորած խորհուրդը մեծ աշխատանք ունի կատարելու։ «Խորհուրդ ասելով՝ ես չեմ ուզում տեսնել միայն 7 հոգիանոց կազմը, այլեւ՝ մեր պետական համակարգում, կառավարման տարբեր օղակներում, ոլորտներում աշխատող իրենց մասնագիտական պարտականությունները կատարող մարդկանց, ովքեր ապահովագրված կլինեն տարբեր տեսակի կամայականություններից, մտահոգված չեն լինի տարբեր տրամաչափի ղեկավարների փոփոխության դեպքում իրենց հնարավոր պաշտոնանկության հեռանկարով»։ Թիմի թարմացման ուղղությամբ «քայլ կաներ նախագահ Քոչարյանը, քայլ կաներ որեւէ ուրիշ նախագահ, ես շատ ավելի հակված եմ ողջունելու նման քայլերը։ Կարծում եմ, որ այո, երեւի թե, նոր մարդիկ պետք է ինչ-որ տեղ այդ պատասխանատվությունը ստանձնեն»։ Մ. Բադալյանը պատգամավոր էր դարձել հոկտեմբերի 27-ից հետո, «Միասնություն» դաշինքի ցուցակներում թվով 41-րդն էր եւ որեւէ կուսակցության անդամ չէ, Օրենքի ընդունման փուլում եղել է հարակից զեկուցողը եւ մոտ 20 առաջարկություն է արել։ Իր ասելով՝ ընդունում է օրենքի գաղափարախոսությունը. «Խնդիրն այն չէ, որ խորհրդի նախագահ նշանակվելով՝ ես ձեռք եմ բերել ինչ-որ երանելի բան։ Խնդիրն այն է, որ օրենքից բխում են ավելի քան 20 նորմատիվ իրավական ակտեր, որոնց վրա աշխատել է պետք։ Միայն օրենքի գործառութային փուլ մտնելը պահանջելու է մեզնից գրեթե մեկ տարի»։ Խորհրդին տրամադրված տարածքի եւ այնտեղ տեղավորվելու մասին մեր թերթում հրապարակում եղավ։ Մենք գրել էինք, որ խորհրդի նախագահը, նրա հետ եկած անձինք բավական անվայելուչ վերաբերմունք են դրսեւորել գրահրատարակչության եւ տեղեկատվության աշխատակիցների հանդեպ։ Հասկանալի է, որ Մանվել Բադալյանը պարզապես պետք է ժխտեր, թե նման բան եղել է. «Տեղեկատվության եւ գրահրատարակչության նախկին վարչությունը կառավարության որոշմամբ վերակազմավորվել է Գրահրատարակչության գործակալության։ Նախկին կառույցը փոքրանալու է ե՛ւ աշխատողների թվաքանակով, ե՛ւ կառուցվածքով։ Բնականաբար, Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ, մասնավորապես, նրա նախագահի անձնական որեւէ հիմնարկություն կամ ընկերություն չէր տեղավորվում այստեղ, եւ ես ինձ երբեւէ թույլ չեմ տա այստեղ աշխատող մտավորական մարդկանց, գրողների, ստեղծագործողների մասին, որոնցից շատերի հետ ընդամենը մի քանի օրերի ընթացքում մենք լավագույն շփումներից բացի այլ խնդիրներ չենք ունեցել, կոպիտ խոսել։ Ձեր հրապարակումը ինձ շատ զարմացրել է։ Ներողություն եմ խնդրում անհամեստության համար, բնույթով այդպիսին չեմ եւ մարդկանց կողքից անցնելիս ես ուղղակի չեմ կարող չբարեւել։ Եվ ցավ եմ զգացել, մտահոգությամբ, որ նրանք, ովքեր չեն ճանաչում, ում հետ առիթ չեմ ունեցել առնչվել, իմ մասին անցանկալի կարծիք են ձեւավորել։ Իսկ հասարակության եւ նրա յուրաքանչյուր անդամի կարծիքը ինձ համար շատ կարեւոր է»։ Խորհրդի նախագահի աշխատավարձը կկազմի 250 հազար դրամ, որն ավելի շատ է, քան երկրի նախագահինը, սակայն ավելի քիչ է, քան այլ խորհուրդների եւ հանձնաժողովների նախագահների աշխատավարձը։ Մանվել Բադալյանը ճիշտ չի համարում, որ իր աշխատավարձը ավելի բարձր է, քան երկրի նախագահի աշխատավարձը. «Հուսով եմ, այս հարցը եւս կկարգավորվի, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով մինչեւ 2002 թ. մայիսի 1-ը պետք է ունենանք քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենք։ Մեր խորհուրդը կձգտի համամասնությունները բերել ավելի տրամաբանական հարթություն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել