Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՏԵՍՎԵԼ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ

Փետրվար 02,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՏԵՍՎԵԼ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ Եվ կամ՝ ումի՞ց է վախենում դատախազությունը Անգամ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ հարուցված գործի նյութերում կան ապացույցներ, որոնք վկայում են, որ նա պատժվում է ընտրովի՝ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների վերաբերյալ իր համոզման համար։ Ընտրովի պատժի ամենաուղղակի վկայություններից մեկը պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի 18.10.2001 թ. ցուցմունքն է, որտեղ նա անդրադառնալով 1996 թ. սեպտեմբերի 26-ի գիշերն իր հետ կատարվածին՝ նշել է, թե ովքեր էին այդ ժամանակ եղել ՆԳՆ հերթապահ մասում եւ բռնություններ գործադրել ձերբակալվածների նկատմամբ. «Նրանցից մեկին ճանաչում էի որպես ՀՀ նախագահի թիկնազորի պետ՝ Ռոմեն Ղազարյանն էր, իսկ մյուսները, ինչպես այնուհետեւ իմացա տեղի աշխատակիցներից՝ Մուշեղ Սաղաթելյանն ու Արմեն Երիցյանն էին»։ Վերջինիս վերաբերյալ ճշտում ենք, որ խոսքն այժմ ՆԳՆ 6-րդ վարչության պետի պաշտոնը զբաղեցնողի մասին է։ Ավելին, Դավիթ Վարդանյանը նաեւ գրել է. «Հետագայում ե՛ւ Գագիկ Մկրտչյանը, ե՛ւ Աղասի Արշակյանն ինձ պատմել են, որ իրենց ծեծի են ենթարկել այդ երեք անձինք»։ Նշենք, որ երկուսն էլ իրենց ցուցմունքներում տվել են միայն Մուշեղ Սաղաթելյանի եւ Ռոմեն Ղազարյանի անունները եւ չեն հիշատակել Արմեն Երիցյանին։ Եվ ինչ, ձեզ թվում է, թե Դավիթ Վարդանյանի այս ցուցմունքներից հետո նրանց լրացուցիչ հարցաքննե՞լ են, փորձել պարզել, թե արդյոք այդ երկու տուժածները կհիշե՞ն նաեւ 6-ի պետին, առերեսումնե՞ր են անցկացրել Աղասի Արշակյանի, Գագիկ Մկրտչյանի եւ Արմեն Երիցյանի միջեւ։ Ա՛յդ էր մնացել պակաս։ Կարելի կլիներ ասել, թե այս ուղղությամբ որեւէ քննություն չի տարվել, եթե քննիչները Արմեն Երիցյանի ներկայության մասին բանավոր հարցեր տված չլինեին… նույն 6-րդ վարչության աշխատակիցներ Գագիկ Բաբայանին եւ Քաջիկ Աբրահամյանին, որոնք, բնականաբար, միաձայն հերքել են եւ նշել, թե Արմեն Երիցյանն այդ օրը ոչ միայն հերթապահ մասում, այլ անգամ Գլխավոր վարչության շենքում էլ չի գտնվել։ Այնպես որ, կա՛մ Դավիթ Վարդանյանն է (ներողություն եմ խնդրում նրանից) տեսողական հալյուցինացիաներ ունեցել, կա՛մ ՆԳՆ աշխատակիցները չեն ճանաչում իրենց պետերին եւ ձերբակալվածներին թյուրիմացության մեջ են գցում, կա՛մ էլ ճշմարտությունը կիմանանք այնժամ, երբ Արմեն Երիցյանն էլ հանկարծ ու սխալվի եւ իշխանությունների քիմքին հարմար չեկող մի բան անի։ … Այս գործի բոլոր հատորներում ներառված են լրագրային հրապարակումներ, որոնք եւս ակամա դարձել են ընտրովի ու քաղաքական նպատակահարմարությամբ պատժի լուռ ապացույցները։ 1995-ի «Գնդապետների գործի», 1996 թ. սեպտեմբերի 26-ի գիշերը ձերբակալվածների նկատմամբ գործադրված բռնությունների մասին բազմիցս գրվել է մամուլում։ Տուժածներից ոմանք ասուլիսներ են հրավիրել, ոմանք դիմել են դատախազությանը կամ ԱԱՊՎ պետին։ Մեր քննիչներն ինչո՞ւ չէին արձագանքում։ Ա՜խ, նրանց ձեռքերը բռնել էին նախկին խիստ հանցավոր իշխանություննե՞րը։ Եվ այդ պատճառո՞վ, երբ 1996-ի հոկտեմբերի 18-ին Նաիրա Մամիկոնյանը «Լրագրում» գրում էր. «Վովա Հախվերդյանը օրինականություն է պահանջում», իսկ վերջինս էլ դիմում դիմումի ետեւից էր ուղարկում դատախազությանը՝ պահանջելով պատժել իր նկատմամբ գործված ապօրինությունների հեղինակներին, գլխավոր դատախազը (այս մասին մեզ պատմել է Վովա Հախվերդյանը) այդ դիմումներին ընթացք չտալը, անպատասխան թողնելն իրեն այսպես էր պատճառաբանում. «Ես կարո՞ղ եմ Վազգեն Սարգսյանի դեմ գործ հարուցել»։ Այսինքն, պետք էր, որ նա մահանա՞ր, որ դատախազությունն էլ չզգուշանար ու կարողանա՞ր։ Լավ, իսկ 2001 թ. մայիսի 16-ին ումի՞ց էին զգուշանում դատախազությունում։ Այդ օրը «Հայկական ժամանակում» հրապարակվեց Արմինե Օհանյանի հարցազրույցը Միսակ Մկրտչյանի հետ, որտեղ վերջինս շարադրել էր բոլոր այն փաստերը, որ հիմա Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ մեղադրանքների դրվագներից են։ Ինչո՞ւ Գլխավոր դատախազությունն այդ պնդումների շուրջ միայն ամիսներ անց սկսեց վարել շահագրգիռ քննություն։ Թեեւ այս ձեւակերպումն էլ տեղին չէ՝ Միսակ Մկրտչյանը վկայել էր, որ մահակով իրեն ծեծողը ոչ թե Մուշեղ Սաղաթելյանն էր, այլ ուրիշներ՝ մասնավորապես մի երիտասարդ, որի մանրամասն նկարագրությունը նա տվել էր իր ցուցմունքում, սակայն քննությամբ, ա՛յ, ա՛յ, ա՛յ, նա դեռ չի պարզվել։ Նրան էլ «կպարզեն», եթե հանկարծ խելոք չմնա։ Եվ առնվազն միամիտ են այն մարդիկ, ովքեր կարող են ենթադրել, թե Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ այժմ քրեական հետապնդում է իրականացվում, քանի որ նա ինչ-որ մեկին ծեծել է, սրճարանից վռնդել եւ այլն։ Նա ուղղակի դասեր չքաղեց 2000 թ. մարտի 3-ին կատարվածից, երբ նախագահ Քոչարյանին դեմ առ դեմ, մի շարք բարձրաստիճանների ներկայությամբ, ասաց, թե հենց նա ու Սերժ Սարգսյանն են «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները։ Կարճ ժամանակ անց Մուշեղ Սաղաթելյանն ազատվեց ՆԳՆ Քրեական պատիժների իրականացման վարչության պետի պաշտոնից՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։ Իսկ երբ 2001 թ. հունիսի 18-ին «Առավոտում» հրապարակվեց Մուշեղ Սաղաթելյանի հարցազրույցը, մեկ ամիս էլ չանցած մեջտեղ եկավ նրա կեղծ դիպլոմը, հարուցվեց քրեական գործ եւ ի մի բերվեցին 5, 6, 10 տարի առաջ եղած դեպքերը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ դատախազությունը չի բավարարում բարձրաստիճանների վերաբերյալ ընդդիմադիրների դիմում-բողոքները եւ քրեաիրավական գնահատական չի տալիս վերջիններիս նկատմամբ գործված իրավախախտումներին։ Նրանք էլի վախենո՞ւմ են։ Արդյոք պատճառն այն չէ՞, որ կաշառակերները երբեք չեն կարող չվախենալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել