Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՈՐԲԻ ԳԼՈՒԽ ՉԷ

Փետրվար 23,2002 00:00

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՈՐԲԻ ԳԼՈՒԽ ՉԷ Եվ անթույլատրելի է, որ դրա վրա «վարսավիրության» փորձեր անեն մայրենիին կարգին չտիրապետող զանազան ղեկավարներ, որոնք «մի քայլ ետ» գնալու պատրվակով ցանկանում են հայերենը հավասարեցնել լեզվի իրենց իմացության մակարդակին։ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից ինչ-որ մեկը խիստ մտահոգված էր, որ ռուսաց լեզվի ուսուցումը չի խթանվում եւ այդ «անհետաձգելի խնդիրը» լուծելու համար կառավարությունը կարծես չունի ծրագիր։ «Այո, առաջարկ կա «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ անել ու մի քայլ ետ գնալ,- սիրահոժար համաձայնեց Ռոբերտ Քոչարյանը։- Սահմանափակումները մեղմելու խնդիր կա։ Բայց ում հետ ես այդ հարցը քննարկել եմ, կոպիտ ասած, ասել են, որ մտավորականները միանգամից քացու տակ կտան՝ թե ինչու եք դա անում»։ Արդեն իսկ հնչել են հարցադրումներ, թե այդ ո՞վ է նախագահին համոզել, որ մտավորականները քացի են տալիս կամ, կոպիտ ասած, հարու տալիս ու մեկ-մեկ էլ կծում։ Բայց անմիջապես այդ հանդիպումից հետո լեզվաբան պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը «Ազատություն» ռ/կ-ին առանց կտրուկ շարժումների, բայց շատ մտահոգված ասաց. «Չգիտեմ՝ այդ քայլ հետ գնալն ինչ է նշանակում։ Մենք արդեն երկու քայլ ետ ենք գնացել։ Բոլորս բարբառախոս ենք դարձել։ Անգլերենը բոլորը… մեր պատերին փակցրած»։ Որոշեցինք այլ մտավորականների հետ եւս զրուցել, որպեսզի պարզենք՝ իրո՞ք հայերենի վիճակը Հայաստանում արդեն իսկ այնքան բարվոք է, սահմանափակումներն այնքան կոշտ են ու ազդեցիկ, որ կարիք կա գոնե մի քայլ ետ գնալ։ Նախ մեջբերենք մի տեսակետ, որը հաստատ Ռոբերտ Քոչարյանի սրտովը կլինի։ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սերգեյ Իսրայելյանը մեր հարցադրման առնչությամբ ասաց. «Ես չգիտեմ, Քոչարյանի ասածն ավելի շատ հայերենի՞ն էր վերաբերում։ Ինչքան հասկանում եմ, դա հօգուտ ռուսաց լեզվի էր։ Ե՛ս էլ եմ այդ կարծիքին։ Ե՛ս էլ եմ ուզում, որ հօգուտ ռուսաց լեզվի ինչ-որ քայլեր արվեն։ Եվ անպայման ռուսերենին սթափ մոտենանք ու ճիշտ լուծում գտնենք։ Իսկ եթե վերականգնվեր երկլեզվյա ուսուցումը՝ ես երջանիկ մարդ կլինեի։ Եվ երջանիկ հա՛յ կլինեի»։ Այլ մտավորականների համար երջանիկ հայ լինելու լուծումը բնավ երկլեզվյա ուսուցման անվան տակ ե՛ւ հայերենի, ե՛ւ ռուսերենի կիսատ- պռատ ուսուցումը չէր։ Արդյո՞ք «Լեզվի մասին» օրենքում մի քայլ ետ գնալու անհրաժեշտություն է տեսնում արձակագիր, թարգմանիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը. «Չեմ կարծում, որ ետ կամ առաջ քայլելու անհրաժեշտություն կա այսօր։ Երկու հասկացություններ հանրապետությունում խառնում են իրար. լեզվի իմացության կամ լեզու սովորելու մասին չէ խոսքը, այլ՝ մայրենի լեզվով ուսուցման։ Բնականաբար, ուսուցումը պետք է լինի մայրենի լեզվով։ Իսկ եթե թեքումով այս կամ այն դպրոցում զանազան եղանակներով կամ մեթոդներով պիտի նաեւ լեզուներ սովորեն մեր երեխաները՝ խնդրե՜մ, թող հարյուրը սովորեն։ Եվ թող այստեղ ֆռիկներ չֆռացնեն, թե իբր արտերկրում էլ արտոնվում է հայերեն լեզվով ուսուցումը։ Սփյուռքի այդ բոլոր դպրոցները ոչ թե հայկական են, այլ կիսատ հայկական. այնտեղ հայերեն են անցնում միայն լեզուն, գրականությունը, պատմությունը եւ կրոնը։ Մնացած ողջ ուսուցումը տվյալ պետական լեզվով եւ ծրագրով է՝ Լիբանանից մինչեւ Ամերիկա։ Սա բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունված է եւ այդպես էլ անում են։ Ոչ ոք չի արգելում ռուսերեն սովորել։ Բայց ռուսերեն չպիտի սովորեն մաթեմատիկա կամ պատմություն։ Այս երկուսը խառնում են իրար ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ նաեւ քաղաքական գործիչները»։ Կոմպոզիտորների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Ամիրխանյանի տեսակետն էր. «Իմ անհանգստությունն այն է, որ դպրոցի մթնոլորտը՝ հայոց լեզվի իրական հնչեղության հարցում, իհարկե, ունի բազմաթիվ խնդիրներ։ Մեր լեզվի այսօրվա վիճակի համար ես անհանգստություն եմ ապրում։ Չգիտեմ, ինչումն է բանը՝ դպրոցի ընդհանուր կացության մեջ մեր զգոնության պակասությո՞ւնն է, թե՞ մեկ այլ պատճառ։ Ընդհանուր առմամբ, ես որոշակի թափթփված վիճակ եմ տեսնում դպրոցում հայոց լեզվի առումով։ Ի վերջո, դպրոցականը դպրոցից դուրս գալուց հետո, չեմ տեսնում, թե մեր իրական գրական լեզվով է խոսում։ Նա շարունակում է խոսել փողոցի լեզվով։ Իրական հայերենը եւ փողոցի լեզուն խզման մեջ են, եւ այսօր այդ խզումն ավելի է զորեղանում՝ այս հարցն է ինձ շատ անհանգստացնում»։ Գրող, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը մեր հարցադրմանն ի պատասխան ասաց. «Չեմ կարծում, որ հայոց լեզվի վիճակը բարվոք է։ Բայց, կարծում եմ, որ «Լեզվի մասին» օրենքով չէ, որ պետք է կարգավորել այդ հարցը։ Իհարկե, ոչ մի այլ լեզու, բացի հայերենից, չպիտի Հայաստանում ունենա պետական կարգավիճակ։ Բայց այս վիճակն էլ վիճակ չէ, երբ օտար լեզու ինչ-որ տեղ ընդհանրապես չգիտեն։ Հայերենն էլ ավելի վատ գիտեն, քան խորհրդային տարիներին»։ Եվ վերջապես ներկայացնենք, թե արդյոք ռուսերենին ընդառաջ՝ հայերենից հետքայլն անհրաժե՞շտ է դիտում ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը. «Գիտե՞ք ինչ, խնդիրն այն չէ՝ հայերենի վիճակը բարվո՞ք է, թե՞ ոչ։ Իհա՛րկե բարվոք չէ։ Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում՝ «մի քայլ ետ»։ Ոչ ոք դեմ չէ, որ ռուսաց լեզուն ուսուցանվի Հայաստանում, տիրապետեն ե՛ւ այդ լեզվին, ե՛ւ անգլերենին։ Բայց կա մի սկզբունքային հարցադրում. Հայաստանում կրթություն պետք է ստանան հայո՞ց լեզվով, թե՞ նաեւ այլ լեզուներով։ Սա՛ է ամենասկզբունքային հարցը։ Այդ տեսակետից, բնական է, որ եթե դա՛ է անվանվում «մի քայլ ետ»՝ դա ոչ այլ ինչ է, քան պետականության հիմքերի խարխլում»։ Ինչպես համոզվեցիք, մեր զրուցակից մտավորականներին մտահոգողը հայերենի վիճակն է, եւ Հայաստանի՛ նախագահին առավել հենց այդ հարցը պիտի հուզեր եւ ոչ ռուսաց կամ որեւէ այլ օտար լեզվի ուսուցանումը։ Հավելենք, տեսնես ներկա խիստ ազգային իշխանավորները միտումնավո՞ր են ցանկանում հետքայլ անել մեր այն բոլոր նվաճումներից, որ ունեցանք անկախ Հայաստանի հիմնադրմամբ, թե՞ ինքնըստինքյան է ստացվում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել