Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչները փող չունեն, որ դասի գան

Մարտ 07,2002 00:00

Ուսուցիչները փող չունեն, որ դասի գան Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում գործող «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման երկամյա փորձ ունի, այսուհետ զբաղվելու է նաեւ արեւմտահայ գրականություն եւ լեզու դասավանդող ուսուցիչների վերապատրաստմամբ։ Համապատասխան դասընթացի բացման մասին հայտարարեց ԿԳ նախարարության Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Յուրա Նավոյանը։ Նրա համոզմամբ՝ հայաստանցի ուսուցիչների համար նախատեսված պարապմունքները միտված են Հայաստան-Սփյուռք կրթամշակութային երկխոսությանը եւ արեւմտահայագիտական առարկաների նորովի դասավանդմանը։ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Միսակ Դավթյանը, անչափ կարեւորելով այդ նախաձեռնությունը, նկատեց, որ միայն «Մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ լեզու» ասելը բավարար չէ, եւ անհրաժեշտ են գործնական քայլեր։ Ավելին, ըստ նրա, գնալով պակասել են արեւմտահայերենի զարգացման հնարավորություները, որը միայն սփյուռքահայ գաղութների ուսուցիչների ջանքերով է շարունակում գոյատեւել։ Ըստ Մ. Դավթյանի՝ «Սփյուռք-Հայաստան կապի մասին խոսելուց առաջ նախ պետք է շեշտը մայրենի լեզվի պահպանման վրա դնել» ու երկու լեզուները մոտեցնելու ուղիներ գտնել։ Ծրագրի ղեկավար եւ պատասխանատու Սուրեն Դանիելյանը դասընթացը գնահատեց իբրեւ նոր քայլ Հայաստանի կրթական համակարգում, իսկ «Սփյուռք» կենտրոնի աշխատանքները որակեց «համահայկական բնույթ կրող»։ Նա տեղեկացրեց, որ արգենտինահայ բարերարի օժանդակությամբ իրականացվող ծրագրերին կմասնակցի 200 ուսուցիչ, որոնց կդասավանդեն հանրապետությունում ճանաչված գիտնականները։ Իսկ ծրագրի ավարտից հետո վերապատրաստված ուսուցիչներին կտրվեն ԿԳ նախարարության կողմից հաստատված վկայագրեր։ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը կես կատակ կես լուրջ հայտարարեց, որ գիտական այդ նախաձեռնությունը, թերեւս, ավելի լավ արդյունք կունենար, եթե ուսուցիչներին տրվեր առնվազն 50 հազար դրամ աշխատավարձ։ Այդ դեպքում նրանք, ըստ Ա. Ավագյանի, «ոչ միայն հրաշալի կսովորեին արեւմտահայերենը, այլեւ ջանասիրաբար կկարդային ողջ արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականությունը»։ Ի դեպ, Ա. Ավագյանի «առաջարկությունը» նախ ընդունվեց ուսուցիչների ծափահարություններով, հետո նրանցից համարձակների մեջ սիրտը «դատարկելու» ու ելույթ ունենալու ցանկություն առաջացրեց։ Նրանք էլ իրենց հերթին առաջարկեցին մինչեւ դասընթացների սկիզբը՝ այսինքն ուրբաթ օրը, բարերարների գումարների հաշվին վճարել շաբաթը 3 օր (ուրբաթ, շաբաթ, կիրակի) դասընթացների հաճախելու համար ծախսելիք իրենց ճանապարհածախսը։ Հատկապես ծայրամասերից եկած ուսուցիչներն ավելի սրեցին հարցը՝ կապելով այն արդեն 2-3 ամիս ուշացող աշխատավարձերի ու իրենց չարքաշ վիճակի հետ։ Ստիպված բեմ բարձրացավ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ տիկին Աչոյանը։ Նա զայրացած ուսուցիչներին ավետեց, որ կանոնադրական փոփոխության պատճառով ձգձգվող աշխատավարձերի չարչրկված խնդիրը, ի վերջո, կլուծվի առաջիկա 2-3 օրվա ընթացքում։ Խոստումն, իհարկե, տրվեց։ Մնաց ի կատար ածվի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել