Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԼԱՆԴԱՑՈՒ ՆՎԵՐԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ

Մարտ 07,2002 00:00

ՀՈԼԱՆԴԱՑՈՒ ՆՎԵՐԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը առաջին անգամ կղեկավարի Նիդեռլանդներից ժամանած երիտասարդ դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Լուկաս Գրոենը։ Վերջինիս հանդիպեցինք նվագախմբի հետ առաջին փորձի ընդմիջմանը։ – Ներկայացրեք, խնդրեմ, Լուկաս Գրոեն դիրիժորին։ – Ռոտերդամի կոնսերվատորիայում ուսանել եմ դիրիժորություն եւ կոմպոզիցիա, ապա կատարելագործվել Սիենայի Accademia Musicale Chigiana-ում։ Ելույթներ եմ ունեցել Լիոնի, Բուդապեշտի, Սիենայի, Սոֆիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Ներկայումս Բերգենի Jacob Obrecht Symphony-ի եւ Հաագայի Bataafs Symphony-ի գլխավոր դիրիժորն եմ։ Այս տարի, որպես հրավիրված դիրիժոր, կաշխատեմ աշխարհահռչակ Delfts Symphony Orchestra-ի հետ։ Երեւի այսքանը։ – Լսե՞լ էիք ՀՖՆ-ի մասին։ – Մեկուկես տարի առաջ ձեր նվագախմբի գլխավոր դիրիժորին հանդիպեցի Իտալիայում, որոշ ժամանակ անց՝ Գերմանիայում։ Լսեցի ձայնագրություններ, դիտեցի տեսաժապավեն՝ նվագախմբի կատարումներից։ Անկեղծ ասած, ինձ հետաքրքրեց նվագախումբը եւ ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդեց մտերիմ ընկերս՝ Կարլ Բրայնիխը։ Դեռ փաստորեն առաջին փորձի առաջին մասն եմ անցկացրել։ Հետեւաբար ամեն ինչի մասին ու շուրջ չեմ կարող մանրամասն խոսել։ ՀՖՆ-ն ղեկավարելու հրավեր ստացա Էդուարդ Թոփչյանից։ – Գիտենք, որ տասնհինգ տարեկանից եք ղեկավարում սիմֆոնիկ նվագախմբեր, թեպետ մեր նվագախմբի հետ ամբողջական առաջին փորձն էլ չի ավարտվել, բայց կարծիք կարո՞ղ եք հայտնել։ – Ասեմ, որ հատկապես լարայինները լավ են հնչում, լավ երաժիշտներ են աշխատում, իսկ ընդհանրապես նվագախմբի մասին ամբողջական կարծիք դժվարանում եմ այս պահին ասել։ Ամեն դեպքում պետք է աշխատել ու աշխատել։ – Ձեր բեմելը ՀՖՆ-ի հետ նշանակված է մարտի 8-ին։ Կարծում ենք՝ գիտեք, որ դա կանանց միջազգային օրն է։ – Առաջին անգամ եմ լսում, բայց որպես կանանց տոն, ձեր թերթի միջոցով կուզեմ շնորհավորել հայ կանանց։ Գիտեք, հենց օդակայանում նկատեցի, որ հայ կանայք չափից ավելի գործունյա են։ Եթե հարցնեք՝ ինչից ելնելով եմ ասում այս միտքը, հավատացեք, չեմ կարող պատասխանել։ Ասեմ նաեւ, որ ձեր աղջիկները շատ ընկերական են, բարի։ Մի խոսքով, նրանց ցանկանում եմ սեր։ Ընդհանրապես կյանքում, հենց այնպես ոչինչ չի լինում։ Տեսեք, Հայաստանում առաջին անգամ կհնչի Յան Սիբելիուսի թիվ 5 սիմֆոնիան։ Կոմպոզիտորի 50-ամյակի առթիվ կատարված այս գործը, դեռ իր ժամանակին ընկալվեց որպես ֆինն ժողովրդի մշակույթի տոն։ Եվ հիմա, արդեն դարն էլ է փոխվել, բայց կանանց տոնի առիթով է հնչելու։ Սա թող լինի իմ նվերը, իհարկե, ՀՖՆ-ի արտիստներինը նույնպես՝ հայ աղջիկներին ու կանանց։ – Հետաքրքիր է, Հայաստանի մասին լսե՞լ էիք եւ հայ կոմպոզիտորներից առաջինը ո՞ւմ եք ճանաչել։ – Հայաստան երկրի մասին տեղեկացել եմ քարտեզից, իսկ կոմպոզիտորական դպրոցի մասին կարծիք կազմել՝ ունկնդրելով Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, «Սուսերով պարը»։ Ծնողներս հին ձայնապնակ ունեին, որում համաշխարհային ճանաչված երկերի հավաքածու էր, որտեղ եւ այդ պարն էր։ Ռոտերդամում քիչ թվով հայեր են ապրում։ Ղարաբաղյան դեպքերն էին ձեզ մոտ եւ պատերազմ էր (համենայնդեպս, ես այսպես գիտեմ)։ Մի խանութից առեւտուր եմ անում ու չգիտես ինչու հետաքրքրեց տերերի ազգությունը։ Ընդամենը մեկ նախադասություն ասացի՝ դուք ազգությամբ թո՞ւրք եք։ Պետք էր տեսնել նրանց վիրավորվածության աստիճանը, բայց այնքան բարի մարդիկ էին, որ սկսեցին նույնիսկ քարտեզով պատմել, բացատրել Հայաստանի, Ղարաբաղի մասին… պարզ է, որ հայեր էին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել