Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական սերիալ եմ ուզո՜ւմ

Մարտ 07,2002 00:00

Հայկական սերիալ եմ ուզո՜ւմ Հեռուստասերիալները ստրկուհի Իզաուրայի եւ հեռավոր Սանտա-Բարբարայի բնակիչների թեթեւ ոտքով մտան մեր իրականության, առօրյայի մեջ։ Եվ արդեն 1,5 տասնամյակ հետխորհրդային երկրների բնակիչներս չենք պատկերացնում մեր օրն առանց լատինամերիկյան որեւէ ընտանիքում կատարվող անցուդարձին ծանոթանալու։ «Սանտա-Բարբարայի» նորամուտի ժամանակ ծնված երեխաներն արդեն 13-14 տարեկան պատանիներ են, որոնք դպրոցից տուն են շտապում ոչ թե գիրք կարդալու կամ գոնե գծագիր գծելու ազնիվ նպատակով, այլ Բլանկոյի այրու դառը ճակատագրի վրա բոլ-բոլ լացելու կամ Խուան Կառլոսի տխմար կատակների վրա ուրախ ծիծաղելու համար։ Այդ սերիալները թելադրում են իրենց՝ լատինամերիկյան մի քիչ կամ սարսափելի հետամնաց երկրների ճաշակը ոչ միայն հագուկապի, դիմահարդարման առումով, այլեւ՝ ճարտարապետության, քաղաքաշինության, դիզայնի, խոհանոցի եւ, ի վերջո՝ մարդկային որակների։ Գլոբալիզացիայի գործընթացի ոչ պակաս կարեւոր այդ գործիքը՝ հեռուստասերիալները, իրենց առաքելությունը կատարում են հավուր պատշաճի. Արեւմուտքի (թեկուզ դա ընդամենը Լատինական Ամերիկայում) ապրելակերպի նորմերը, կանոնները, իրենց ճիշտն ու սխալը արդեն հիմնովին հաստատել են մեզ մոտ։ Եվ, այնուամենայնիվ, ինչ-որ օգուտ այդ տափակաբանություններով հարուստ սերիալները տալիս են։ Հոգեբաններն, օրինակ, կարծում են, թե դրանք լիցքաթափում են սոցիալական ծանր կացության մեջ տարիներ շարունակ գտնվող մարդկանց, թույլ տալիս, որ նրանք գոնե այդ 45-60 րոպեների ընթացքում (իհարկե քիչ չեն նրանք, ովքեր օրվա մեջ 4-5 ժամ են հատկացնում սերիալադիտմանը) մոռանան իրենց սեւ օրը, կորցնեն իրականության զգացումը, ապրեն վենեսուելացի կամ արգենտինացի հերոսուհու կյանքով, իրենց պատկերացնեն Ռիո դե Ժանեյրոյի լողափում կամ Բոգոտայի շուկայում։ Բացի այդ, պիտի խոստովանենք, որ ռուսական հեռուստաալիքները հեղեղած սերիալների շնորհիվ մեր երեխաները գոնե առօրյա խոսակցությունների մակարդակով սովորում են ռուսերեն։ Այսօր ռուսական հեռուստաեթերում ամերիկյան եւ լատինական սերիալների հետ հաջողությամբ մրցում են տեղական արտադրության սերիալները։ Ոչ այնքան ձգձգված եւ ոչ այնքան տափակ ռուսական սերիալներն արդեն ձեռք են բերել իրենց տեսալսարանը։ Ի վերջո, որքան էլ Խուաններն ու Պաոլա-Անտոնելաները հարազատ են դարձել, սեփական Իվաններն ու Կատյա-Մաշաները ավելի մերոնքական են ու նրանք պրոպագանդում են ամեն ռուսականը՝ խոհանոցից սկսած, մարդկային հարաբերություններով վերջացրած։ Իսկ մենք դեռ սպասում ենք։ «Բլանկոյի այրին» հեռուստադիտողների խնդրանքով կրկնելով, մի տափակաբանությունը մեկ ուրիշով փոխարինելով սպասում ենք։ Գուցե մի օր կհայտնվի այն սցենարիստը, ով կգրի մեր Վարդանի, Արմինեի ու Սերոբի, նրանց ընտանեկան եւ աշխատանքային, հասարակական կյանքի մասին պատմող (հուսով ենք՝ ոչ շատ տափակ) սերիալը։ Ի վերջո, վերջին 10-12 տարիների ընթացքում այնքան բան փոխվեց, բոլորիս առնչվող այնքան բուռն իրադարձություններ եղան մեր երկրում, որ մի քանի սերիալի նյութ կարելի է քաղել։ Գեղեցիկ, թեթեւ, թող որ մի քիչ լացակումած, թող որ դժբախտ սերերով հարուստ, թող որ «ապերոներով» ու «քուրոներով» լեցուն, բայց մեզ ծանոթ ու հարազատ միջավայրի մասին պատմող ֆիլմաշարի կարիքն, անշուշտ, զգացվում է։ Սերիալ, որի դեպքերը կզարգանան ոչ թե Սան Պաուլոյի կամ Բուենոս Այրեսի փողոցներում, այլ՝ Աբովյան, Սարյան, Թումանյան փողոցներում, Նորքի զանգվածներում, «Հաղթանակ» զբոսայգում, ԳՈՒՄ-ի շուկայում։ Դժվարը սկիզբն է։ Իսկ փորձել պետք է։ Եվ ով գիտե, գուցե մի օր էլ հայկական հեռուստասերիալները գրոհեն ու գրավեն ողջ աշխարհն այնպես, ինչպես բրազիլականները։ Մեկ էլ տեսար, մի քանի տարի հետո, ասենք՝ Չինաստանում կամ Թաիլանդում, կծնվեն Լալաներ ու Արտակներ, Սեդրակներ ու Մանուշակներ։ Իսկ, ասենք, Ալբանիայում սիրելի ուտեստ կդառնա թփով տոլման կամ հարիսան։ Մի խոսքով՝ գլոբալիզացիա հայկական ձեւով։ ՄԱՆԵ ԲԱԼԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել