Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքն իրեն ճիշտ գնահատեց

Մարտ 19,2002 00:00

Ինքն իրեն ճիշտ գնահատեց Մայր բուհի՝ ԵՊՀ-ի ղեկավարությունը լրագրողների համար խորթ մորը բնորոշ երկու անակնկալ էր պատրաստել։ Առաջինն այն էր, որ հատուկ ցուցանակով սահմանափակվում էր որոշ լրատվամիջոցների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Երկրորդ անակնկալը եւս պակաս ուշագրավ չէր։ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը լրատվամիջոցները բաժանեց «անլուրջ» եւ «լուրջ» տարատեսակների, երեւի այն ակնկալիքով, որ իր «արժեքավոր» առաջարկությունը գուցե առաջիկայում հաշվի կառնվի մամուլի մասին նոր օրենքը գրելիս։ Ըստ Ռ. Մարտիրոսյանի, «անլուրջ» էին հատկապես ԵՊՀ-ի ռեկտորի ընտրություններին ոչ նպաստավոր (ըստ ռեկտորի) գնահատականներ տված լրատվամիջոցները։ Դրա համար էլ 9 տարվա ռեկտորական «ստաժ» ունեցող նորընտիր ռեկտորը ստիպված եղավ «անլուրջների» համար նորից կարդալ «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածը, ուր խոսվում էր, իր գնահատմամբ, համալսարանի ինքնավարության մասին, ինչպես նաեւ՝ ԵՊՀ-ի նոր կանոնադրությունը։ Այդ ամենով զինված՝ նա ոչ միայն խիստ օրինական համարեց իր՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ընտրվելը, այլեւ անկեղծորեն «զարմացավ» ընտրություններին մրցակիցներ չունենալու համար։ «Հեռու եմ այն մտքից, թե չկան թեկնածուներ, որոնք կկարողանային կառավարել համալսարանը»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը։ Բայց միեւնույն պահին էլ հակասեց իր նախորդ մտքին, թե, ճիշտ է, եղել են մեկ-երկուսը, սակայն «ճիշտ գնահատելով իրենց հնարավորությունները»՝ հրաժարվել են ԵՊՀ ռեկտոր դառնալու մեծամիտ մտադրությունից։ Իսկ ա՛յ, ինքը՝ պրն Մարտիրոսյանը, լիարժեք գնահատում է իր բոլոր-բոլոր մանրումեծ հնարավորությունները եւ հասկանալով, որ «համալսարանը բարդ կառույց է», հենց իրեն է տեսնում իդեալական ռեկտորի պաշտոնում։ Թեեւ նա մեծահոգաբար գտնում է նաեւ, որ «մոտակա տարիներին գուցե թե կլինեն կադրեր, ովքեր կկարողանան հասնել այն մակարդակին, որ ի վիճակի լինեն կառավարելու համալսարանը»։ Ռ. Մարտիրոսյանի վկայությամբ, երբ նախորդ կանոնադրությամբ ռեկտորը նշանակվում էր վարչապետի կողմից, անխուսափելի էին «չինովնիկական կապանքները». «Իմ՝ ռեկտորի գործունեության 5-րդ տարին է, փոխվել է 5 նախարար։ Ամեն չինովնիկ ցանկացել է իր իրավասություններն ավելի լայն դաշտի վրա տարածել»։ Իսկ հիմա, երբ ինքը եւս 5 տարով ԵՊՀ ռեկտոր է ընտրվել, կարծես թե «ակադեմիական ազատությունների հարցում միջամտությունները նվազել են», համալսարանի ինքնավարությունն ընդարձակվել։ Այսինքն՝ պրն ռեկտորը հենց ինքը խոստովանեց, որ ընտրություններով իր տեղը ամրապնդելը միայն մի նպատակ ուներ՝ կախված չլինել նախարարների կամքից եւ իրենից հեռացնել աշխատանքից ազատվելու վտանգը։ Դրա համար պրն Մարտիրոսյանը վարպետորեն օգտագործեց օրենսդրական դաշտում առկա շփոթը՝ հակառակ օրենքի պահանջին ընտրություններ անցկացնելով։ Իսկ մամուլում քանիցս հնչած մեղադրանքներին համալսարանում նախագահ Քոչարյանին ծափահարելու վերաբերյալ, ԵՊՀ ռեկտոր Ռ. Մարտիրոսյանն իր ուրույն պատասխանն ունի. «Երեւանի համալսարանը ծափահարելու է բոլոր նախագահներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեությամբ նպաստելու են մեր ազգային պրոբլեմների լուծմանը»։ Նման խիստ նախագահամետ մտածողությամբ ռեկտորը պիտի որ չանհանգստանար իր աթոռը կորցնելու համար՝ այն ժամանակից շուտ եւ օրենքին հակասող ընտրություններով ամրապնդելով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել