Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՍԻՐՏ, ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Մարտ 19,2002 00:00

ԵՐԿՈՒ ՍԻՐՏ, ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ Մտահոգությունս կրկին պարոն Էդմոն Գեղամի Ավետյանին հրատապ բուժօգնություն կազմակերպելու հարցն է։ Հարց, որը կլուծվի միայն եւ միայն պետական մակարդակով՝ այդ նպատակի համար չխնայելով ոչինչ։ Էդմոն Ավետյանը լիովին արժանի է իր ժողովրդից, իր ազգի ղեկավար այրերից ստանալու հիշյալ ֆինանսական օգնությունը, դուրս գալու ներկա չափազանց ծանր վիճակից։ Չէ՞ որ, ի վերջո, դեպի ազգն ունեցած իր անսահման նվիրվածությունից է, որ հայտնվել է ներկա անմխիթար կացության մեջ… Համոզված եմ, որ ազգն էլ բարոյապես պարտք է ի տրիտուր անել հնարավորը եւ նույնիսկ անհնարինը՝ փրկելու պարոն Էդմոն Ավետյանի կյանքը… Կրկնում եմ, հոգալով այդ նպատակի համար պահանջվելիք բոլոր ծախսերը…Ինչո՞ւ։ Նախ հոր՝ Գեղամ Թադեւոսի Ավետյանի մասին երկու խոսք։ Ո՞վ է նա եւ ի՞նչ ճակատագիր է ունեցել։ Ծնվել է 1898թ. Նախիջեւանի մարզի Կնիշիկ գյուղում։ Եղել է գերմաներենի ուսուցիչ։ Զբաղվել է գրական ստեղծագործությամբ՝ դրամա, արձակ եւ չափածո (ավա՜ղ, չի պահպանվել)։ Կատարել է թարգմանություններ՝ ռուսերենից հայերեն։ Մ. Գորկու «Հատակում» դրաման է թարգմանել, որը, բարեբախտաբար, պահպանվել է։ Թարգմանությունը, մասնավորապես` Սատինի մենախոսությունը կատարված է բացառիկ տաղանդով, որը ընթերցողին կախարդում է հերոսների ներաշխարհը բացահայտող զարմանալի անկաշկանդ, բնական արտահայտչաձեւերի պարզությամբ՝ պատճառելով ե՛ւ զարմանք, ե՛ւ հիացմունք։ Ընդունված է կարծիք, թե ցանկացած գեղարվեստական խոսք, երբ թարգմանվում է, նմանվում է թղթե ծաղկի, որի տեսքը կա, իսկ բույրը՝ ոչ։ Դա չի կարելի ասել Գեղամ Ավետյանի թարգմանության մասին, որը անկրկնելի գեղեցկությամբ է արված՝ պահպանվել է եւ տեսքը, եւ բույրը։ Ստալինյան բռնատիրության տարիներին Գ. Ավետյանը համարձակվել է ըմբոստանալ աղաղակող անարդարության դեմ՝ Նախիջեւանը (բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին) Ադրբեջանի Հանրապետությանը բռնակցելու համար…։ Սկսվել է հալածանքը։ Դատել ու ազատազրկման են ենթարկել։ Մեկ եւ կես տարի պատիժը կրել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ Հետո՝ ազատ աքսոր…։ (Երեխաները ծնվել են տարբեր քաղաքներում)։ 1937 թվին թույլատրել են վերադառնալ հայրենիք, որտեղ ռաստ է եկել 37 թվին…։ …Գնդակահարել են Գեղամ Թադեւոսի Ավետյանին՝ ընտանիքը (Ռաֆայելը տասը տարեկան, Էդմոնը՝ ութ, Լաուրան՝ երեք, կինը՝ Թամարան` 45) թողնելով ճակատագրի անողոք հարվածներին դեմառդեմ՝ միայնակ եւ անօգնական… էդմոն Ավետյանը կլանված լսում է մոր զրույցները՝ հոր մասին ու մտովին երդվում քայլել հոր ճանապարհով…։ «Ես նույնիսկ կոմերիտմիության շարքերը չմտա»,- հիշում է նա։ Էդմոն Ավետյանը հիրավի շարունակել է հոր կիսատ թողած պայքարը, որն աննկատ չի անցել ներքին գործերի աշխատակիցների սուր աչքերից։ Բռնադատվել է երկու անգամ՝ 1948 թ. հունվարի 28-ին եւ 1981 թվին։ Ենթարկվել է ահավոր կտտանքների, կորցրել առողջությունը, ստեղծագործելու, աշխատելու հնարավորությունը։ 1990 թ. էդմոն Ավետյանը պաշտոնապես արդարացվել է (վճարել են բռնադատության պատճառով չաշխատած տարիների համար)։ Էդմոն Ավետյանը արցախյան ազատագրական պայքարի ջահը վառողներից մեկն է եղել։ Նորից խոսենք Է. Ավետյանի առողջական տագնապալի վիճակի մասին։ Ցրտահարվել են ոտքերը. հնարավորություն չի ունեցել ձմռանը բավարար չափով օգտվել հոսանքից։ Ուզում եմ հավատալ, որ մեր՝ հայազգի ձեռներեց, գործարար այրերի մեջ կգտնվի մեկը, որը սատար կլինի պրն Ավետյանին՝ ամենամսյա որոշակի գումար տրամադրելով, ինչպես ժամանակին անում էր Մանթաշովը՝ իր ժամանակակից մտավորականներից շատերի ֆինանսական խնդիրները հոգալով։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի փրկել Է. Ավետյանին՝ կազմակերպելով նախ տնային պայմաններում բուժօգնություն (գամված է մահճակալին) եւ ապա համապատասխան առողջարան։ Համոզված եմ, ամենաբուժիչ ջուրը՝ Ջերմուկը կփրկի նրան։ Մոռացա ասել, որ Էդմոն Ավետյանը գիտությունների թեկնածու է, համալսարանի պրոֆեսոր։ Ունի փիլիսոփայական աշխատություններ։ Նա հայ փիլիսոփայության մտքի ջահակիրներից է եւ մեր ազգային հպարտությունը… Հայր ու որդի՝ երկու ճակատագիր, երկու սիրտ, երկուսն էլ մտահոգ ու տագնապած՝ ինչպես փրկել ազգի ապագան: Հայր ու որդի՝ երկուսն էլ դարձած մի-մի Դանկոյի սիրտ՝ բոցկլտացել ու լուսավորել են ազգը ազատության տանող ճանապարհը… Հայր ու որդի, երկուսին էլ ոչ միայն ներկա, այլեւ գալիք սերունդները կհիշեն ակնածանքով ու սիրով… ԱՆՅԱ ՉՈԲԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել