Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարայինից՝ կացարան

Մարտ 23,2002 00:00

Վթարայինից՝ կացարան «ՀՀ-ում օրենք չի գործում կամ տարբեր մարդկանց համար տարբեր ձեւով է գործում»,- համոզված են Ֆուչիկի 10, 19, Սիսակյան 16, Շինարարների 6 վթարային շենքերում բնակվող 58 ընտանիքները, որոնք այսօր հայտնվել են խաղից դուրս վիճակում։ Դեռ 1988-ին, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, վերը նշված հասցեի մի խումբ ընտանիքներ, նախկին կառավարության օղակների կարգադրությամբ, ժամանակավոր վերաբնակեցվել էին Աջափնյակ համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերում։ Բնակիչների կարծիքով, իրենք արդեն 90-ականներին կստանային իրենց հասանելիք բնակարանները, եթե իշխանափոխություն չլիներ։ Նրանց խոսքերով. «Իշխանափոխություն է եղել եւ 58 ընտանիքներ որեւէ պահանջ չեն ներկայացնում։ Բավարարվում են այս բնակարաններով։ Այսօր շենքերը քանդելու պատճառաբանությամբ բնակիչներին հանում են։ Ովքեր ժամանակին հնարավորություն ունեին բնակարանների համար կեղծ փաստաթղթեր ձեռք բերել, կառավարության կողմից փոխհատուցում են ստանում։ Իսկ մնացյալ 58 ընտանիքներին, որոնք նախկին իշխանությունների օրոք կամ բանավոր պայմանավորվածությունների, կամ կարգադրությունների հիման վրա են սենյակներ զբաղեցրել, վտարում են՝ ապօրինի բնակվողների պիտակ կպցնելով»։ Խորհրդային ժամանակներից սկսած, այս ընտանիքները պահանջում են իրենց բնակարանների օրդերները։ Սակայն գործկոմի նախագահը մերժում էր՝ պատճառաբանելով, որ շենքերը 4-րդ կարգի վթարային են, իսկ վթարային շենքերի համար իրենք չեն կարող օրդեր տալ։ Կտան համապատասխան կարգադրություն, ըստ որի, բնակիչներին ոչ ոք չի անհանգստացնի եւ կապրեն այնքան ժամանակ, մինչեւ շենքը կքանդեն կամ բնակարանով կապահովեն։ Նշենք, որ բնակիչներին տրված կարգադրության 2-րդ կետի համաձայն, առաջին իսկ պահանջի դեպքում բնակիչը պետք է բնակարանն ազատեր։ Ուստի չհամաձայնելով այդ կարգավիճակով ապրելուն եւ մտավախություն ունենալով, որ մի գեղեցիկ օր պահանջելու են բնակարանն ազատել, բնակիչներից ոմանք, համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու հայցով դիմում են դատարան՝ բնակարանների սեփականատեր ճանաչվելու համար (նկատենք, որ ընտանիքների մեծ մասը, տասը տարուց ավելի բնակվելով այդ շենքերում, բնակարանների սպասարկման համար կատարել են տարբեր մուծումներ)։ Դատարանը հայցը մերժում է՝ պատճառաբանությամբ, թե արդեն ուշ է եւ իրենք չեն կարող բնակտարածության իրավունք ճանաչել, քանի որ սեփականատեր է ճանաչվել քաղաքապետարանը։ Բնակիչների հավաստմամբ, իրենց մերժելուց ե՛ւ մեկ ամիս առաջ, ե՛ւ նույնիսկ դրանից մի քանի ամիս հետո դատարանը վճիռներ էր կայացրել Ֆուչիկի 10, 19, Շինարարների 6 հասցեներում մի շարք ընտանիքների բնակտարածության սեփականատիրոջ իրավունքը ճանաչելու մասին։ Արդեն 1997-ին կառավարության թիվ 42 որոշման համաձայն, վթարային շենքերի սեփականատեր է ճանաչվում Աջափնյակի համայնքի թաղապետարանը։ 58 ընտանիքների կողմից բնակարանները չլքելու փաստի կապակցությամբ թաղապետարանը դիմել է դատարան։ Դատարանը բավարարել է բնակիչներին վտարելու պահանջով հայցը՝ նրանց կացարանով ապահովելու դեպքում։ Աջափնյակ համայնքի շենքերի եւ շինությունների շահագործման ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արամ Արամյանի «Առավոտին» տված պարզաբանման համաձայն, այդ վթարային շենքերն այսօր փլուզման սպառնալիքի տակ են։ Բնակիչների մի մասին, ովքեր բնակարանների համար համապատասխան փաստաթղթեր ունեն, դրամական փոխհատուցում է տրվում։ Իսկ նշյալ 58 ընտանիքների համար կառավարությունը դեռ որեւէ որոշում չի կայացրել։ Ա. Արամյանը նաեւ նշեց, որ առաջարկներ են եղել բնակմակերեսի վերածել եւ բնակիչներին բաժանել Նոր Արեշի թիվ 1 ծննդատան շենքը, Շենգավիթ համայնքում՝ առեւտրախոհարարական ուսումնարանը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 19 պոլիկլինիկայի մեկ մասնաշենքը։ Սակայն բնակիչները չեն համաձայնել, եւ հարցը վերջնական լուծում չի ստացել։ Իսկ անօթեւան մնալու սպառնալիքի տակ հայտնված 58 ընտանիքները ոչ միայն թաղապետարանի կողմից արված առաջարկություններն են անընդունելի համարում, այլեւ դատարանի՝ կացարան տրամադրելու որոշմանը եւս դեմ են։ Ըստ նրանց, այդ կացարաններում նույնիսկ կոմունալ հարմարություններն են բացակայելու։ Ինչը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ նշել էր թաղապետը։ Բնակիչների ունեցած տեղեկությունների համաձայն, թիվ 1 ծննդատան շենքն արդեն գնված է եւ 1-2 տարի հետո շենքի սեփականատերը պահանջելու է սեփականությունն ազատել։ Ի դեպ, պրն Արամյանը ժխտեց ծննդատան վաճառքի մասին ինֆորմացիան։ Իսկ «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող մի շարք ընտանիքներ իրենց բնակարանների համար օրդեր ձեռք բերեցին, Ա. Արամյանը պատասխանեց, որ դա իրենց գործը չէ, թող դրա համար համապատասխան անձինք պատասխան տան։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել