Լրահոս
Օրվա լրահոսը

Հալվա-հալվա, իսկ բերանում բան չկա

Մարտ 23,2002 00:00

Հալվա-հալվա, իսկ բերանում բան չկա ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշը դրել է առաջիկա 20 տարիներին երկրի էլէներգետիկ արտադրությունը 45 տոկոսով ավելացնելու խնդիրը։ ԱՄՆ-ի առաջատար դիրքը ընդունված է անքննելի իրողություն համարել։ Բայց ահա ծանոթանալով աշխարհի երկրներում տնտեսության հիմնական ցուցանիշներից մեկի՝ 1 մարդու հաշվով արտադրվող էլեկտրաէներգիայի քանակներին, նման համոզմունքը կարծես կասկածի տակ է առնվում։ Այլ երկրներում մեկ բնակչի հաշվով տասնյակ հազարավոր կվտ/ժամերի արտադրության պայմաններում ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի 2000 կվտ/ժամը, անգամ համակարգի հնարավոր կարողունակության 3000 կվտ/ժամի պարագայում։ Առաջին պատասխանը գրեթե ոչինչ-ն է։ Ինչ զարգացման ակնկալիք կարելի է ունենալ նման էլարտադրության արդյունքում, երբ ԱՄՆ-ին չի բավարարում իր 13.000 կվտ/ժամ էլեկտրաէներգիան։ Եվ սա այն դեպքում, երբ նրանց տեխնիկան շատ ավելի խնայողական է, քան մեր ունեցածն ու շահագործածը, երկիրն էլ շուրջտարի տաք գոտիներ ունի եւ այլն։ Այս առումով ավելի տպավորիչ են Քուվեյթի ու Միացյալ Էմիրաթների էլարտադրության ցուցանիշները։ Այնքանով, որքանով էլհոսանքը պահեստավորման ենթակա չէ, պետք է ընդունել, որ ներկայացվող քանակները պահանջարկ ունեն եւ արտադրված յուրաքանչյուր պահի ծախսվում են։ Բնակչության թվով ՀՀ-ին մոտ երկրներում ընդհանուր էլարտադրությունը մեր համեմատ ավելին է. Լիտվայում՝ 2,5 անգամ, Իռլանդիայում՝ 3,5 անգամ, Նոր Զելանդիայում՝ 7 անգամ։ Ինչ է արվում այս տարբերությունը կարճելու ուղղությամբ։ Շատ քիչ բան, քանզի տիրում է այն մտայնությունը, թե համակարգը ինքնաբավ է, անգամ արտահանման հնարավորություն ունի։ Անշուշտ, կարելի է փաստարկել երկրների օրինակներ, ուր նույն էլարտադրության պայմաններում առավել բարձր համախառն ներքին արդյունք են ապահովում։ Բայց այս պարագայում հարկ է հաշվի առնել երկրի ողջ էներգետիկ հաշվեկշիռը, որտեղ մենք ծախսվող էլէներգիային ավելացնելու էական ոչինչ չունենք։ Էներգակիրների իսպառ բացակայությունը ստիպում է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել երկրի հիդրոէներգետիկ նվազագույն հնարավորությունն անգամ։ Նայելով «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտին, շենքում տեղավորվող կազմակերպությունների ցանկին, հուսադրող ոչինչ չես արձանագրի։ Հերթական ցավոք-ն ասելուց հետո նշենք, որ անցած տարիներին չի կառուցվել անգամ 1մվտ հզորության էլեկտրակայան, երբ իրոք զարգացման նախանշաններ ցուցադրող երկրներում շահագործվել են 1000- ավոր մվտ էլկայաններ։ Դրսից էլէներգիա ստանալուց զրկված Իսրայելում էլարտադրությունը 1975-ի 9 մլրդ կվտ/ժամի դիմաց հիմա մոտենում է 40 մլրդ կվտ/ժամի։ Թռիչքաձեւ են զարգանում Թուրքիայի ու Իրանի էլհամակարգերը։ Ահա ինչպես են հոգում երկրի ու ժողովրդի անվտանգության հոգսերը, որը մեզանում փոխարինվում է հալվա-հալվա ասելով բերանը քաղցրացնելու փորձերով։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել